«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2001-03-29 | #58, 2001-03-30 | #59, 2001-03-31


ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. «ԿՐՈՆԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔ Է, ԱՅԼԵՎ ԿԵՆՍԱԿԵՐՊ»

Լիբանանում Հայաստանի դեսպան Արման Նավասարդյանը «Լա Ռեւյու դյու Լիբան» հանդեսին տված հարցազրույցում ընդգծում է, որ նույնիսկ խորհրդային տիրապետությունը երբեւէ չի սասանել հայ ժողովրդի քրիստոնեական հավատքը:

- Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրներից մեկն է...

- Հայաստանն աշխարհի առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեական կրոնը: Հայ եկեղեցին առաքելական է եւ հիմնվել է առաջին դարում Քրիստոսի առաքյալներ Սբ. Թադեոսի եւ Սբ. Բարդուղիմեոսի կողմից: Քրիստոնեությունը Հայաստան մուտք գործեց Ասորիքից ու Կապադովկիայից եւ 293-301 թթ. տարածվեց Մեծ Հայքի թագավորությունում Տրդատ Գ թագավորի եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից, 301 թ. հռչակվեց պետական կրոն, իսկ 303 թ. կառուցվեց Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրըՙ Սբ. Էջմիածնի Մայր տաճարը:

- Քրիստոնեությունն ինչպիսի՞ տեղ ունի հայ ժողովրդի կյանքում:

- Խոշոր դեր ունի: Դարերի խորքից մինչեւ օրս հայ ազգի բուն գոյատեւումը պայմանավորված է եղել կրոնով: Մեր ժողովրդի պատմությունը կազմված է պատերազմներից, բարբարոսների ներխուժումներից, զավթումներից, ամայացումներից: Բայց մշտապես կրոնն է եղել մեր ժողովրդի պահապանը: Եկեղեցու շնորհիվ է, որ այբուբենն ստեղծվեց եւ փոխանցվեց սերնդե-սերունդ, որ զարգացան գիտությունն ու արվեստը: Հայերի համար կրոնը ոչ միայն հոգեւոր արժեք է եւ իմաստասիրական հայեցակարգ, այլեւ կենսակերպ, բուն քաղաքակրթության աղբյուր: Քրիստոնեական կրոնը հային ուղեկցում է ծնունդից մինչեւ մահ:

- Բայց խորհրդային վարչակարգի օրոք կրոնն արգելված էր...

- Կրոնական ծեսերը հանված էին ժողովրդի կյանքից: Դրանք սեւ տարիներ էին եկեղեցու համար, քանի որ Հայաստանը, ինչպես նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունները, ապրում էր «աթեիստական» վարչակարգի պայմաններում: Բայց ոչ ոք չկարողացավ սասանել մեր ժողովրդի հավատքը: Անկախության վերականգնումից ի վեր վերածննդի նոր արշալույս է բացվել, եւ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարությունը դրա ամենավառ վկայությունն է:

- Հայաստանը պատրաստվում է մեծ շուքով նշել այդ տարեդարձը...

- Մեծ շուքով եւ խանդավառությամբ: Պետական հատուկ հանձնաժողով է ստեղծվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Գլխավոր իրադարձությունների ծրագիրը հայտարարվեց 1999 թ. աշխարհի ժողովուրդներին ուղղված կոչով, որ ստորագրել էին ՀՀ նախագահը եւ այն ժամանակվա կաթողիկոս Գարեգին Ա-ն: Ծրագիրն ընդգրկում է մշակութային, մարզական միջոցառումներ, փառատոներ: Միաժամանակ կնշվի մեր երկրի անկախության 10-ամյակը, Երեւանում կբացվի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայ ճարտարապետության իսկական գոհար է: Առիթից օգտվելովՙ մեր լիբանանցի բարեկամներին առաջարկում եմ Հայաստան այցելել եւ ներկա գտնվել ամբողջ տարին շարունակվող հանդիսություններին:

- Իսկ սփյո՞ւռքը...

- Ներկայումս արարողություններ են անցկացվում ամբողջ սփյուռքում: Ինչ վերաբերում է Լիբանանին, Նորին Սրբություն Արամ Ա կաթողիկոսի նախաձեռնությամբ Կիլիկիո կաթողիկոսարանն այդ առթիվ կազմակերպել է միջազգային գիտաժողով, իսկ Գերմանիայի Վիտենբերգ քաղաքում անցկացվել է Կիլիկիոյ թանգարանի գանձերի ցուցահանդես: Կաթողիկոսարանը նախատեսել է նաեւ այլ միջոցառումներ: Կաթոլիկ հայերի պատրիարքարանը եւս միջոցառումների լայն ծրագիր է նախատեսել: Նույն ոգով են գործում Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, Ավետարանական եկեղեցին, բազմաթիվ մշակութային միություններ: Լիբանանում Հայաստանի դեսպանությունը եւս ունի շատ ծրագրեր, որոնցից մեկը «Տրավիատա» օպերայի բեմադրությունն էր Երեւանի բալետի խմբի մասնակցությամբ: Կջանանք օժանդակել նաեւ Երեւանում կայանալիք լիբանանյան մշակույթի շաբաթվա հաջողությանը:

- Այդ միջոցառումները կնպաստեն հայ-լիբանանյան կապերի զարգացմանը...

- Դա ճիշտ է բոլոր բնագավառների համար: Ուզում եմ հիշեցնել, որ մայիսի 2-ին Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը պաշտոնական այցով կմեկնի Հայաստան, եւ դա նոր որակ կտա մեր երկու երկրների բարեկամական ու եղբայրական հարաբերություններին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4