Պոպուլիզմն ու հավակնությունները կարող են ճակատագրական լինել Ղարաբաղի համար
Երբ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստանձնեց ղարաբաղյան կարգավորման եվրոպական ներկայացուցչի դերը եւ իր երկրում Ալիեւ-Քոչարյան հերթական հանդիպումից հետո հայտարարեց, թե հուսով է, որ հարցը մեկ տարվա ընթացքում հնարավոր կլինի լուծել, անմիջապես կարծիք հայտնվեց, թե բանակցային փուլում սառույցը շարժվել է: Կարծիքն ամրապնդվեց, երբ ԱՄՆ-ը, չցանկանալով պարտություն կրել տարածաշրջանում ընթացող ըստ էության ազդեցության լծակները չկորցնելու դիվանագիտական ճակատամարտում, նախաձեռնեց քիվեսթյան հանդիպումը: Ընդ որում, կարծիքի ձեւավորման որեւէ հիմք գոյություն չուներ, քանի որ բանակցող երկու կողմերն էլ բուն բանակցության մասին լռություն էին պահպանում, եւ ինֆորմացիայի արտահոսք տեղի չէր ունենում:
Երբ Ռոբերտ Քոչարյանը տնտեսագիտական համալսարանում հայտարարեց, թե որոշ հարցերում հանդիպումներն իրենց սպառել են, կարծրացած տպավորությունը լիովին ջախջախվեցՙ տուրք տալով ծայրահեղորեն հակառակՙ հոռետեսական դիրքորոշման. Քի Վեսթը վերջնականապես կթաղի բանակցությունների արդյունավետությունը, երկու կողմերին որեւէ չորրորդ տարբերակ կպարտադրվի, եւ ընդհանրապես Քի Վեսթը դիվանագիտական ֆարս է, որի հիմքում Մինսկի եռանախագահողներից յուրաքանչյուրի սեփական շահերն են: Ուշադրություն դարձնենք, որ դարձյալ տեղեկատվության էական վակուումն աներկբա է:
Թերեւս հենց այս պարագան էլ կարող էր պատճառ դառնալ հայաստանյան քաղաքական շրջանակների պարտիզանական լռության համար, որոնք որեւէ կերպ, որեւէ ժամանակ հստակ հանդես չեկան բանակցություններից իրենց սպասելիքների մասին եւ փոխզիջումների հնարավոր սահմանը որոշելու: Այս խնդիրը կարեւորվում է նրանով, որ հանրապետության նախագահը Քի Վեսթ մեկնելիս գոնե իմանար, թե մինչեւ որ աստիճան փոխզիջումները կընդունվեն իր երկրի քաղաքական ուժերի եւ հասարակության կողմից: Թեեւ նա մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե կարգավորման որեւէ բանաձեւի պարագայում նախքան բոլորը, ի՚նքը պետք է համոզված լինի: Խորհրդարանական կուսակցություններն ակնհայտորեն իրենց չեզոք գոտի են նետելՙ պատասխանատվության ողջ ծանրությունը թողնելով նախագահին: Արդյոք դա նախագահի հանդեպ լիակատար վստահության արտահայտությո՞ւն է, թե՞ պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն:
Ի սկզբանե քաղաքական շրջանակները վստահ էին, որ Քոչարյանն իր որդեգրած կոշտ դիրքորոշմամբ որեւէ զիջման չի գնա: Հիմնավորումն այն էր, թե պատերազմում նա չափից ավելին է տվել, որպեսզի զիջումների գնա: Սակայն դա բավարա՞ր է արդյոք, որքանո՞վ են վստահ այդ ուժերը, որ արտաքին ճնշումները նախագահի վրա առավել զորեղ չեն լինի, եւ Քոչարյանը պարզապես տեղի չի տա: Առավել եւս, որ այդ չորրորդ տարբերակի մասին ոչինչ հայտնի չէ, եւ գուցե պարտադրանք է հենց Հայաստանի՞ վրա: Հազիվ թե կուսակցություններն այդ հանգամանքը հաշվի չեն առնում:
Դեռեւս երբ բանակցային գործընթացը նման տեմպեր չէր ընդունել, առանց բացառության բոլոր ուժերն էլ համարում էին, որ խնդիրը պետք է կարգավորվի փոխզիջումներով, սակայն առաջնահերթության կարգով նախ պետք է Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի հետ ուղղակի ապահով կապի եւ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության անվտանգության ապահովման երաշխիքներ տրվեն: Մինչդեռ ներկա հանգրվանում որոշ ուժեր այլ պահանջներ են ներկայացնում կամ պարզապես սպասողական դիրքորոշում են որդեգրել:
Քաղաքական մեծամասնության թեւերն ակնհայտորեն այս հարցում ընդհանուր դիրքորոշում չեն ընդունել: ՀՀԿ-ն, քաջ գիտակցելով, որ նման տարբերակ գոնե հիմա անհեթեթ է անգամ բարբառել, առաջարկում է «ընդհանուր պետության» գաղափարը կիրառել միայն Հայաստանի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղ կառուցվածքով: ՀԺԿ-ն ընդհանրապես որեւէ դիրքորոշում չի հայտնում, բայց պատրաստակամ է ընդունելու այն տարբերակը, որը կընդունեն քաղաքական ուժերը եւ ժողովուրդը: Ի՞նչ կարող է նշանակել նման սվաղված տեսակետըՙ արեք ինչ ուզում եք, կնայենք տրամադրություններին, հետո կկողմնորոշվե՞նք. Որքանո՞վ է նման պահվածքը կուսակցական, այն էլ քաղաքական մեծամասնության մի թեւի համար, որի ժողովրդականությունը գոնե երկու տարի առաջ կասկած չէր հարուցում:
ՀՅԴ-ն իր ոգուն համահունչ հողային պահանջներ է ներկայացնում հակառակորդին ի թիվս վերոնշյալ սկզբունքների անվիճարկելիության: Ըստ Դաշնակցությանՙ Շահումյանի, Գետաշենի, Տավուշի մարզի կորսված տարածքները պետք է ետ տրվեն, ինչն առնվազն բանակցությունների մի նոր ոլորան է ստեղծելու: Ընդ որում, այդ կարծիքին են նաեւ ԱԺՄ-ականները:
Կոմկուսն ընդհանրապես հիմք է ընդունում 1989-ի դեկտեմբերի 1-ի հայտնի որոշումը, ըստ որի իրենք Լեռնային Ղարաբաղը տեսնում են միայն Հայաստանի կազմում:
Ինչպես կարելի է նկատել, ներկայացված ուժերից եւ ոչ մեկի տեսակետը չէր բխում բանակցությունների առարկա հանդիսացող ներկա պայմաններից եւ շատ ավելի պոպուլիստական երանգներ ունի, քան ելնում է ռեալ իրականությունից:
Իսկ դա նշանակում է, որ ձեռք բերված ցանկացած համաձայնություն, որը հայտնի կդառնա հասարակությանը, այս ուժերի կողմից խիստ շահարկվելու է, չի ընդունվելու եւ իշխանության հարց լուծելու առիթ է դառնալու: Հիշեցնենք, որ հենց այս հանգամանքը պատճառ դարձավ նախկին նախագահի հրաժարականի, որը պարզապես չդիմացավ ընդդիմության եւ հասարակական կարծիքի ճնշմանը: Անհրաժեշտություն է դառնում Քի Վեսթից առաջ, որը խոստանում է ամեն դեպքում վճռորոշ լինել, ոչ միայն հստակ, վերջնական որոշումներ ընդունել, այլեւ հնարավորության դեպքում ընդհանուր դիրքորոշմամբ հանդես գալ: Դա կօգնի նախագահին վստահ լինել, թե Ֆլորիդայից վերադարձին ինչպես իրեն դիմավորելու քաղաքական ուժերը::
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ