«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2001-03-29 | #58, 2001-03-30 | #59, 2001-03-31


ԱՐՏՅՈՄ ՏԱՐԱՍՈՎ. ՇԱԽՄԱՏԻ ԱՊԱԳԱՆ «ԻՆՏԵՐՆԵՏՆ» Է

Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Լոնդոնից

Իմ նախորդ ռեպորտաժներում ես արդեն նշել եմ, որ աշխարհի շախմատի այս տարվա առաջնության ութ ուղեգրերի համար կարող է պայքարել, փաստորեն, ցանկացած շախմատասերՙ «Ինտերնետ» համակարգչային ցանցի միջոցով: Այս յուրօրինակ ու գրավիչ մրցապայքարը կազմակերպում է «ՖԻԴԵ Կոմերս» ընկերությունը, որը երկու տարի առաջ ստեղծել ու գլխավորում է հայտնի գործարար, ազգությամբ հայ Արտյոմ Տարասովը:

90-ական թվականներին հաջողակ բիզնեսով Ռուսաստանում բավականին աղմուկ հանելուց հետո Տարասովը նախընտրել է գործունեությունը շարունակել աշխարհի ամենակայուն երկրներից մեկում: Նրա ընկերությունը տեղավորված է Լոնդոնի կենտրոնումՙ հանրահայտ Պիկադիլի բարձրահարկ շենքում:

Եթե չհաշվենք 2000 թվականի այն մի քանի շաբաթը, երբ նա իր թեկնածությունը դրել էր Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի պաշտոնում եւ մասնակցում էր նախընտրական արշավին, վերջին տարիներին Տարասովն իրեն ամբողջովին նվիրել է շախմատին: Մենք տարեկան մի քանի անգամ հանդիպում ենք ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի նիստերում եւ խոշոր մրցումների ժամանակ, եւ ես համոզվել եմ, որ Արտյոմ Միխայլովիչի գլխում անընդհատ նոր ու յուրօրինակ մտահղացումներ են ծնվում:

Եվ այսպես, ինչպիսին կլինի համաշխարհային ինտերնետային առաջնությանը մասնակցելը: Ինչպես ասացինք, խաղալ կարող են բոլորը, բայց դրա համար, իհարկե, պետք է վճարել: Եվ դա բնական է, քանի որ «ՖԻԴԵ Կոմերսը», այս ծրագիրը նախատեսելով, հսկայական գումարներ է ներդնում եւ մեծ ռիսկի գնում:

Նախնական մրցապայքարում կարելի է ընտրել որեւէ մեկը ինտերնետային երեք «սրահներից» (շախմատային «քաղաք», «ավան» կամ «գյուղ»)ՙ վճարելով համապատասխանաբար 99, 49 կամ 19 դոլար: Բոլոր սրահները հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություններ տալիս են, բայց «քաղաքին» տրամադրվում է 300 ուղեգիր, «ավանին»ՙ 150, եւ «գյուղին»ՙ 62 ուղեգիր: Այստեղ աչքի ընկած շախմատասերները ստանում են «Ինտերնետային շախմատի վարպետ» կոչումը: Հաջորդ փուլում ի հայտ են գալիս 128 շախմատիստները, որոնց շնորհվում է «Ինտերնետային միջազգային վարպետ» տիտղոսըՙ 500-ական դոլար պարգեւավճարի հետ միասին: Վերջապես, 8 ուժեղագույնները, «Ինտերնետային գրոսմայստեր» բարձրագույն կոչման հետ միասին, ստանում են ուղեգրերՙ մասնակցելու համար աշխարհի անհատական առաջնությանը, որը, ինչպես նշվել է, մեկնարկելու է այս տարվա նոյեմբերի 25-ին:

Ինքըՙ ինտերնետային մրցաշարը, նախատեսված է սկսել հունիսի 1-ին: Նախորդ տարբերակով, որը դեռ պետք է ճշտվի, յուրաքանչյուր պարտիային կտրվի մինչեւ 30-ական րոպե ժամանակ: Սպասվում է, որ պայքարին, շախմատասերների հետ միասին, կմասնակցեն ոչ քիչ թվով գրոսմայստերներ եւ վարպետներ, որոնք «բնական» շախմատով աշխարհի առաջնության ուղեգիր չեն ստացել:

Ինչպես նշեցինք, Տարասովն աշխարհի ինտերնետային առաջնության իր մտահղացումով մեծ ռիսկի է դիմում: Բայց շախմատասերները, ամեն դեպքում, նոր ու յուրօրինակ հուզումների հնարավորություն են ստանում.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4