«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2001-03-29 | #58, 2001-03-30 | #59, 2001-03-31


ՊԱՐՏՎԵՑԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՇՎՈՎ

Լեհաստան-Հայաստանՙ 4-0 (2-0): 28 մարտ 2001 թ.: Վարշավա, «Լեգիա» մարզադաշտ:

Լեհաստանՙ Եժի Դուդեկ, Տոմաշ Կլոս, Յանեկ Ժիրինսկի (ա), Միխալ Ժեւլակով (Յանեկ Կրժինովեկ, 77՚), Մարկ Կոժմինսկի, Տոմաշ Հայտո, Պյոտր Շվերչեւսկի, Տոմաշ Իվան (Բարտոշ Կարվան, 63՚), Պավել Կրիժալովիչ (Մարտին Ժեւլակով, 79՚), Ռադոսլավ Կալուժնի, Էմանուել Օլիսադեբե:

Հայաստանՙ Հարություն Աբրահամյան, Հովհաննես Դեմիրճյան, Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան (ա), Ռոմիկ Խաչատրյան, Արթուր Մինասյան, Արթուր Պետրոսյան, Արթուր Ոսկանյան (Արտավազդ Քարամյան, 65՚), Կարեն Դոխոյան, Արմեն Շահգելդյան (Արման Քարամյան, 73՚), Անդրեյ Մովսիսյան: Գոլերը խփեցին Միխ. Ժեւլակովը (14՚, 11 մ), Օլիսադեբեն (42՚), Մարտ. Ժեւլակովը (80՚), Կարվանը (88՚): Զգուշացվեցին Իվանը, Շվերչեւսկին, Կալուժնին, Հովսեփյանը, Դեմիրճյանը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն անցկացրեց աշխարհի առաջնության հերթական ընտրական խաղը եւ խոշոր հաշվով պարտություն կրեց խմբի առաջատար Լեհաստանի ընտրանուց: Վերջինս վերելք է ապրում եւ արժանիորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այդուհանդերձ, Հայաստանի թիմի երկրպագուները հույս ունեին, որ մեր ֆուտբոլիստները կկարողանան լուրջ դիմադրություն ցույց տալ դաշտի տերերին: Ավ՜աղ... Լեհաստանի հավաքականը զգալիորեն ուժեղ գտնվեց մրցակցից բոլոր առումներով:

Լեհերի թիմի գլխավոր մարզիչ Եժի Էլգերն ասել էր, որ կաշխատեն հյուրերի դարպասը գոլ խփել առաջին 15 րոպեի ընթացքում: Դե ինչ, ֆուտբոլիստները կարողացան իրականացնել մարզչի ցանկությունը: Դաշտի տերերի գրոհներից մեկի ժամանակ, 14-րդ րոպեին, մրցավարը մեր տուգանային հրապարակում Հարություն Վարդանյանի կողմից կանոնների խախտում արձանագրեց ու 11 մ հարված նշանակեց: Միխ. Ժեւլակովն իրացրեց տուգանայինը, եւ դրանից հետո խաղն ընթացավ լեհերի թելադրանքով: Առաջին խաղակեսի վերջում աչքի ընկավ աֆրիկացի Օլիսադեբեն, որը նոր է Լեհաստանի քաղաքացի դարձել: Ստանալով եզրից փոխանցած գնդակըՙ նա գլխի հարվածով գրավեց մեր թիմի դարպասը: Երկրորդ խաղակեսում մեր ֆուտբոլիստները փորձեցին շտկել դրությունը, հաճախ էին սպառնում դաշտի տերերի դարպասին եւ քիչ մնաց հաջողության հասնեին: Հատկապաս վտանգավոր էր Պետրոսյանի հարվածը, որից հետո գնդակը, քսվելով ուղղահայաց ձողափայտին, դուրս եկավ դաշտի սահմաններից: Խաղավերջում զգացվեց, որ մեր ֆուտբոլիստները հոգնել են, չեն դիմանում պայքարի լարվածությանը: Հատկապես հաճախ էին սխալվում Հայաստանի հավաքականի պաշտպաններն ու դարպասապահը: Դրա արդյունքն էր այն, որ վերջին րոպեների ընթացքում գնդակը եւս երկու անգամ հայտնվեց մեր թիմի դարպասում: Լեհաստանի հավաքականը հաղթեց 4-0 հաշվով:

Ռ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4