«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2001-03-30 | #59, 2001-03-31 | #60, 2001-04-03


ԼՐԱՑԱՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 3 ՏԱՐԻՆ

Մարտի 30-ին լրանում է 1998-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակի, իսկ ապրիլի 9-ինՙ պաշտոնավարության երեք տարին: Տարօինակ մի տրամաբանությամբ, ոչ ինքըՙ նախագահը, ոչ էլ մենքՙ լրագրողներս, չանդրադարձանք նրա պաշտոնավարության որեւէ տարե- (կամ ամսա-) դարձին, բացառությամբ, կարծեմՙ հարյուրերորդ օրվա: Ստորեւ փորձ է արվում լրացնելու այդ բացը հերթական տարեդարձին, երբ արդեն շատ բան նախագահի մասին պարզ է:

Հոդվածում ավելի մեծ տեղ է տրամադրված նախագահի գործունեության քննադատությանը: Դա արված է ոչ թե ընդդիմադրության մարմաջից կամ պ. Քոչարյանի հանդեպ անհաճո վերաբերմունքի պատճառով: Պարզապես, այն ինչ դրական է, ի տարբերություն բացասականի, երկար մեկնաբանելու ու հիմնավորելու կարիք չի զգում:

Նաեւ ես հիմք եմ ընդունել այն (գուցե ոչ միշտ արդարացի) դրույթը, որ նախագահը պատասխանատու է երկրում տեղի ունեցող բոլոր կարեւոր իրադարձությունների համար, անկախ դրանցում նրա մասնակցության չափից ու մեղավորության աստիճանից:

Նվաճումներ, կամ ինչ արեց Ռոբերտ Քոչարյանը

Գլխավոր նվաճումը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ. Քոչարյանի օրոք Հայաստանը պահպանեց իր կայունությունը եւ տարածաշրջանի առաջատար երկրի իր դիրքերը: Դա ամենեւին էլ դյուրին չէր, հատկապես այնպիսի տեկտոնական ցնցման պայմաններում, ինչպիսին հոկտեմբերի 27-ն էր. (մեր երկրի նման երկրներում այսպիսի երեւույթները միանգամայն կարող էին հանգեցնել քաղաքացիական պատերազմի): Հայաստանում ոչ միայն արագորեն վերականգնվեց քաղաքական կայունությունը, այլեւ հաջողվեց պայմաններ ստեղծել գործունյա մի կառավարության աշխատանքի ու երկրի ներդրումային հեղինակության վերականգնման համար: Եվ դա այն պայմաններում, երբ նախագահը ոչ միայն չունի սեփական քաղաքական հենարան (բոլոր նրան պաշտպանող կուսակցությունները ցանկացած պահի կարող են երես թեքել նրանից), այլեւ ունի խիստ ցածր հեղինակություն հասարակության մեջ: Այսինքն, Քոչարյանն ապացուցեց, որ հիրավի ներկայումս երկրի առավել ուժեղ ու գործունյա քաղաքական գործիչն է: Եվ ցանկության դեպքում շատ դժվար նպատակների կարող է հասնել:

Հարկ կա նշելու Քոչարյանի երկու արտաքին քաղաքական նախաձեռնություններըՙ հրաժարումը այն զիջումներից, որոնք առաջարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղի հարցում եւ ցեղասպանության հարցի միջազգային արծարծումը: Երկուսն էլ երկսայրի սուր են. առայժմ ավելի շատ օգուտ են բերել, քան վնաս, սակայն իրավիճակը միշտ կարող է փոխվել հակառակի: Սա հատկապես վերաբերում է ղարաբաղյան խնդրին. ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ հաշտությունը արտակարգ բարենպաստ հեռանկարներ է խոստանում Հայաստանին, ու այդ հաշտության գինըՙ ընդհուպ Ղարաբաղի կարգավիճակի որոշ ձեւական փոփոխություն (իհարկե, նրա անվտանգության պահպանման երաշխիքներով հանդերձ), միանշանակ որոշելը դժվար խնդիր է: Այսպես թե այնպես, նախագահը շարունակում է իր ընտրած քաղաքական գիծը, եւ մեզ մնում է միայն հաջողություն մաղթել նրան, ու նրա հետ էլՙ մեզ բոլորիս:

Ու անշուշտ, իրական հաղթահանդես կլինի, եթե նախագահը կարողանա իրականություն դարձնել իր եւս մի կարեւոր արտաքին քաղաքական նպատակըՙ կառուցել Իրան-Հայաստան գազամուղը:

Կորուստներ. ի՞նչ չարեց Ռոբերտ Քոչարյանը (ինչը ցանկալի էր, որ աներ)

Առաջին եւ ամենակարեւոր կորուստը. նա չապահովեց բավարար քանակով աշխատատեղերի ստեղծումը, եւ իր վարչապետության ու նախագահության բոլոր տարիներին երկիրը լքում էր տարեկան մոտ 60 հազար մարդ (պաշտոնական տվյալներն են, ընդդիմադիրներն ավելի մեծ թվեր են ասում): Եթե պատերազմի եւ էներգետիկ ճգնաժամի ժամանակ դեռ կարելի էր հասկանալ արտագաղթի անխուսափելիությունը (թեեւ մինչեւ այժմ չեն զլանում Տեր-Պետրոսյանին հայհոյել նաեւ դրա համար), ապա պատերազմում հաղթած երկրում հաղթանակից վեց տարի անց այս իրավիճակն արդեն միանգամայն անընդունելի է: Այստեղ, իհարկե, պատճառն, առաջին հերթին երկրի տնտեսական խնդիրների թյուրըմբռնումն է: Միայն վերջին տարում կարծես սկսվել է դրական տեղաշարժ այս ուղղությամբ (մանր ու միջին ձեռնարկատիրության, թեեւ անբավարար, բայց խթանումը, ձեռնարկատերերի հարկային բեռի որոշ թուլացումը եւ այլն):

Երկրորդ կորուստը. երկար ժամանակով ձախողվեց երկրում սեփականատերերի խավի ստեղծումը եւ ամրապնդումը: Դրան նպաստեց անցյալ տարիների տնտեսական քաղաքականության հիմնական ուղղվածությունը, այն էՙ առաջին հերթին ապահովել գանձարանի լցնելը, թեկուզ եւ գործատուների մի մասի փախուստի գնով (հիշենք նախարար Գագիկ Պողոսյանի անմոռանալի «թո՚ղ հեռանան» խոսքերը): Մինչդեռ այդ երկու խնդիրները ամենեւին անհամատեղելի չեն. ապացույցՙ այս տարվա արդյունքը, երբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի դրույքների գրեթե կրկնակի նվազեցման պայմաններում կենսաթոշակային հիմնադրամի մուտքերը ոչ թե պակասեցին, այլ ընդհակառակըՙ ավելացան: Մեկ այլ հանգամանք, որը խանգարեց սեփականատերերի խավի ձեւավորմանը, նոր սեփականաշնորհման սերտիֆիկատներից հրաժարվելն էր 1998 թ.: Թեկուզ եւ դրա արդյունքում գանձարան մտավ մի քանի միլիարդ լրացուցիչ դրամ (չէ՞ որ հենց այդ ժամանակահատվածում մասնավորեցումը զգալիորեն դանդաղեց), սա աննշան ձեռքբերում է նրա համեմատ, թե որքան կորցրեց երկիրը իր քաղաքացիների տնտեսական ակտիվության, տնտեսական ինքնուրույնության, վերջապեսՙ իրենց սեփականատեր ու ինքնավստահ զգալու կորստից: Երկրի հիմքը նրա սեփականատեր քաղաքացին է: Փոխարենը այսօր պնդումներ են հնչում, թե սեփականատերերի դասի կայացմանը պետք է նպաստի արժեթղթերի շուկայի մասին նոր օրենքը: Որպեսզի արժեթղթերի շուկա լինի, պետք է առաջին հերթին լինեն արժեթղթեր, այսինքնՙ տերեր, որոնք ունեն այդ թղթերը:

Երրորդ կորուստը վերաբերում է հասարակության մեկ այլ հիմքային ինստիտուտինՙ քաղաքացիների ինքնավարության մարմիններին: Ո՚չ տեղական իշխանության մարմինները, ո՚չ համատիրությունները չստացան իրանց զարգացման ու հասարակության կյանքում իրենց դերի բարձրացման որեւէ խթան կամ հնարավորություն: Նրանք մնում են կենտրոնական իշխանության պաշտոնյաների հույսինՙ նախարարից սկսած մինչեւ ոստիկանը: Պետական իշխանության բուրգը ունի համեմատաբար ամուր գագաթ ու խարխուլ հիմք: Այսպիսի կառույցը կայուն լինել չի կարող:

Չորրորդՙ բավարար չէ նաեւ բոլոր տնտեսվարող սուբյեկտների հավասար պայմանների ապահովումը, ինչը հիմք է տալիս «կլանային» ասեկոսեների ու լրացուցիչ հարվածում է երկրի ներդրումային վարկանիշին:

Վերոհիշյալ հանգամանքների բնական հետեւանքն է երկրում զանազան ձախակողմյան միտումների կողմնակիցների ցավալի աճը ու նաեւ ներկա խայտառակ խորհրդարանի ձեւավորումը (մի կողմիցՙ անցյալի կարոտախտով տառապողներ, մյուս կողմիցՙ այս կամ այն կարգի գործարարներ, որոնք եկան խորհրդարան իրենց պաշտպանելու, քանի որ պետությունը դա չէր անում):

Հինգերորդըՙ անցած տարիները չեղան դատական իշխանության դերի ու անկախության բարձրացման ժամանակաշրջան, ինչի անհրաժեշտությունն ընդունում են բոլորը: Մենք ունեինք այն դատավոր Էդվարդ Մանուկյանի օրինակը, որը, հակառակ Տեր-Պետրոսյանի կամքին, հրաժարվեց «Դրոյի» գործով կազմակերպիչ ու մեղավոր ճանաչել «Դաշնակցություն» կուսակցությանը: Իսկ հիմա ունենք դատավոր Իսկուհի Վարդանյանի օրինակը, որը չի երկնչում լրագրողներին հայտարարել, որ խորհրդակցում է նախագահի աշխատակազմի հետ (աշխատակազմն էլ չի հերքում սույն հայտարարությունը): Սա՞ է մեր անկախ դատական իշխանությունը:

Վեցերորդ ակնհայտ բացը, որով եւ կսահամանափակվեմ (չնայած, ինչ խոսք, կարելի է եւ շարունակել), այն է, որ նախագահ Քոչարյանը չկարողացավ գոնե փոքր-ինչ հալեցնել բնակչության, մեղմ ասած, թերահավատությունը իշխանությունների նկատմամբ: Ավելին, նա կարծես թե չէր էլ գիտակցում դրա անհրաժեշտությունը: Իհարկե, այս բացասական վերաբերմունքը մեծապես պայմանավորված է վերը նշված հինգ բացերով (ինչպես նաեւ շատ ուրիշներով. բավական է հիշենք Սիրադեղյանի փախուստը, էլ չասածՙ հոկտեմբերի 27-ի շուրջ պտտված ասեկոսեները) ու հասարակության վրա դրանց թողած հետեւանքներով: Բայց երկրի բարոյական մթնոլորի ձեւավորման հարցում կարեւոր է նաեւ նրա ղեկավարի անձնական գործոնը (տեսեք, թե ինչ կատարվեց Ռուսատանում Պուտինի օրոք): Մինչդեռ Քոչարյանը, կրկնելով իր նախորդի սխալըՙ չափազանց քիչ է դիմում ժողովրդին հեռուստատեսությամբ, իր հեղինակության պաշտպանությունը վստահելով պետական ու այլ իրեն նվիրված (գոնե առայժմ) լրատվամիջոցներին: Իսկ սրանք այդ գործն անում են մի պարզ սկզբունքովՙ նախագահին քննադատողը սրիկա է (ոչ թե սխալ, մոլորյալ կամ գոնե հիմար, անպայմանՙ սրիկա): Թույնը չի կարող հասարակական վստահության շաղախ ծառայել: Ի դեպ, նախագահի վերջերս կայացած հանդիպումը տնտեսագիտական համալսարանում (առաջի՜ն անգամ տեսանք, թե ինչպես է մեր երկրի ղեկավարը ծիծաղում) հիմք է տալիս հուսալու, որ այդ խնդրի կարեւորությունը գիտակցում է:

Սպասելիքներ

Թե ինչ մարտավարություն կորդեգրի Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարության մնացած երկու տարում, մեծապես կախված է նրանից, թե նա մտադի՞ր է պայքարել երկրորդ անգամ ընտրվելու համար: Երկրի առջեւ ծառացած խնդիրներն այնպիսին են, որ դժվար է դրանց համար ստանալ միաժամանակ բնակչության, ու քաղաքական ուժերի (հատկապես դրանցից առավել ակտիվների ու աղմկակարների) հավանությունը: Կա նաեւ խնդիրների համարժեք գնահատման հարցը. հիշյալ բացթողումների մեծ մասը, ակնհայտորեն, դրանց անբավարար գիտակցելու հետեւանք է: Ամեն դեպքում, անցած երեք (վարչապետությունն էլ գումարածՙ չորս) տարիներին Ռոբերտ Քոչարյանը բավական փորձառություն է ձեռք բերել, եւ հույս կա, որ գալիք երկու տարիներին նա կկարողանա ավելի դրական արդյունքների հասնել:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4