<20016001.jpg>
Արտահերթ նիստը արտակարգ լարում պահանջեց կառավարությունից
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Օգտվելով հանգամանքից, որ ԲԷՑ-երի սեփականաշնորհման մրցույթը հետաձգվեց երկու շաբաթով, Կոմկուսը նորից ձեռնամուխ եղավ ցանցերի սեփականաշնորհման տապալման օրենսդրական նախաձեռնությանը: Այս անգամ խորհրդարանական խումբ-խմբակցությունները, բացառությամբ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Կայունության», նրանց հետ էին եւ ապահովեցին արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ 45 ձայնը: «Միասնություն» խմբակցությունից կողմ քվեարկեցին Վիկտոր Դալլաքյանը, Ալեքսան Պողոսյանը, ՀԺԿ-իցՙ Արամայիս Բարսեղյանը, Գուրգեն Եղիազարյանը եւ Սերգեյ Իսրայելյանը: Երկու ՀՀԿ-ականները տեսնելով, որ իրենց ձայներն ավելորդ էին, նախաձեռնությունը տապալելու համար իրենց կողմ քվեարկելը համարեցին թյուրիմացություն, որը, սակայն, չընդունվեց: Ըստ «Միասնության» ղեկավար Գալուստ Սահակյանի, Գուրգեն Եղիազարյանի եւ Սերգեյ Իսրայելյանի քվեարկելը պարզապես ինֆորմացված չլինելու հետեւանք էր: Չնայած պատճառաբանությանը, ակնհայտ էր, որ ՀԺԿ-ն չի դավաճանում ցանցերը չսեփականաշնորհելու դիրքորոշմանը: «Միասնությունը», առավել կոնկրետՙ ՀՀԿ-ն, հերթական անվճռականությունը դրսեւորեց, որոշելով ոչ թե դեմ քվեարկել նախաձեռնությանը, որին, ի դեպ, դեմ էր իրենց կառավարությունը, այլ պարզապես չքվեարկել: Խմբակցության ղեկավարը նման դիրքորոշումն «Ազգին» հետեւյալ կերպ բացատրեց. «Մեզ համար կարեւոր է, թե հարցն ով է բարձրացնում: Նա անձնական նկրտումներո՞վ օժտված անձնավորություն է, թե՞. Մնացածը թողնում եմ ձեզ»:
Արդյոք պրն Սահակյանն անձնական նկրտումներո՞վ է բացատրում ՀԺԿ-ի դիրքորոշումը, որի ներկայացուցիչները միասնականորեն որոշեցին սատարել Կոմկուսին: Ավելինՙ նրանք արտահերթ նիստում գրանցվեցին ողջ կազմովՙ ապահովելով քվորումի համար անհրաժեշտ 68 ներկան, եւ դա այն դեպքում, երբ ՀՀԿ-ն սպառնում էր քաղաքական եւ այլ մեխանիզմներով ճնշելու իր անդամ այն պատգամավորներին, որոնք կանտեսեն «Միասնության» ընդունած որոշումըՙ չմասնակցել նիստին, եթե անգամ քվորումն ապահովվի: Փաստորեն ՀԺԿ-ն հերթական անգամ շրջանցեց ՀՀԿ-ին եւ մյուս խմբակցությունների հետ եւս մեկ անգամ հաստատեց, որ կառավարությունն այս խորհրդարանում հենարան չունի եւ հրաժարական պետք է ներկայացնի: Հիշեցնենք, որ ԲԷՑ-երի չսեփականաշնորհման դեպքում Հայաստան չի մտնի SAC հերթական վարկաբաժինը, ինչը բյուջեի չկատարման կարող է հանգեցնել:
Ամեն դեպքում «Կայունությունը» պաշտպանեց ՀՀԿ-ի գիծըՙ չքվեարկել, մինչդեռ դաշնակցականները ողջ կազմով դեմ քվեարկեցին Կոմկուսի նախաձեռնությանը: Վահան Հովհաննիսյանը կառավարությանն ուղղած հարցի տեսքով բացատրեց իրենց դիրքորոշումը, թե կան շրջանակներ, որոնց ձեռնտու չէ սեփականաշնորհումը եւ որոնց համար էներգահամակարգի շարունակ մաշումը նրանց հնարավորություն է տալիս «լափել էներգետիկ տաշտակից»: Հենց կոռուպցիան վերացնելու համար, ըստ նրանց, անհրաժեշտ է համակարգը սեփականաշնորհել: «Միասնության» նախկին անդամ Հմայակ Հովհաննիսյանը տարակարծություն հայտնեց, թե կոռուպցիայի դեմ պայքարին ուղղվածՙ «Միասնության» նախընտրական կոչերն արդյոք հենց ԲԷՑ-երի սեփականաշնորհմա՞մբ պետք է արտահայտվեին: Կոմկուսի ներկայացուցիչ Ֆրունզե Խառատյանը գտնում է, որ կոռուպցիայի դեմ միայն մեր միջոցներով եւ ինքներս պետք է պայքարենք եւ ոչ թե արտաքին վարկերով ու միջոցներով, որոնք սպառնում են մեր պետական ու ազգային ինքնիշխանությանը: Ուշադրություն դարձնենք բավականին հակասական մեկ երեւույթի վրա եւս: Կոմկուսն առաջարկում է չեղյալ հայտարարել սեփականաշնորհման ներկա օրենքը, իսկ այդ դեպքում մեխանիկորեն սեփականաշնորհումը պետք է ընթանա նախորդ, բոլորովին չընդունելի օրենքով: Փոխարենը, սակայն, Կոմկուսը ոչինչ չի առաջարկում. ո՚չ ֆինանսական հոսքերի, ո՚չ համակարգում տիրող կոռուպցիան վերացնելու ուղղությամբ:
Հակասությունների տեղիք տվեց նաեւ, թե նախագիծը ո՞ր ընթացակարգով պետք է ընդունվի. ԱԺ բացարձակ մեծամասնությա՞մբ, թե՞ ներկա պատգամավորների մեծամասնությամբ: Եթե նկատի առնենք Սահմանադրությունը, ապա օրենքի ընդունման համար անհրաժեշտ է 66 ձայն: Քննության առարկա դարձավ, թե արդյոք վարչապետի տեղեկանքը բավարա՞ր է կառավարության տեսակետը ընդունելու համար, որին պատասխան այդպես էլ չտրվեց: Այս հակասություններով հանդերձ նախագիծը դրվեց քվեարկության, որին կողմ էին միայն 45 պատգամավոր: ԲԷՑ-երը կսեփականաշնորհվեն: