ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ կոմունիստները պատրաստ են արտահերթ ընտրությունների: Ինչպես հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը ապրիլի 2-ի մամլո ասուլիսում, ՀԿԿ 35-րդ համագումարի պատվիրակների լիազորությունները երկարացվել են մինչեւ 2003 թ., որպեսզի արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ հայտարարվելու դեպքում կարելի լինի անմիջապես էլ գումարել արտահերթ կուսակցական համագումար:
Արտահերթ ընտրությունների հարցը կոմունիստները կապում են ներքաղաքական իրավիճակի հետ, որը կարող է սրվելՙ կախված ղարաբաղյան խնդրի լուծումից:
Ըստ Դարբինյանի, այդ առնչությամբ առայժմ վաղ է հայտարարություններ անել, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները գաղտնի են պահվում: Սակայն, նշեց ՀԿԿ առաջնորդը, «Լեռնային Ղարաբաղն իրական անկախություն է ձեռք բերել, այդ հողը ցողված է արյամբ, եւ խոսքն այն մասին է, թե Ղարաբաղը մենք կորցնո՞ւմ ենք, թե՞ պահում»:
Նույն հարցը քննարկվել է նաեւ համագումարում, այդ թվում եւ ՌԴԿԿ առաջին քարտուղար Գենադի Զյուգանովի հետ, որը ընդունում է ՀԿԿ-ի դիրքորոշումը, համաձայն որիՙ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է վճռվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա:
Կոմունիստական կուսակցության ղեկավար կազմը ենթարկվել է փոփոխությունների: Մասնավորապես, Լեոնիդ Հակոբյանին փոխարինել է կոմունիստների երիտասարդական շարժման առաջնորդ Սանատրուկ Սահակյանը, որն ընտրվել է ՀԿԿ կենտկոմի երկրորդ քարտուղար, ինչպես նաեւ Բյուրոյի կազմում ընդգրկվել է կոմունիստների խորհրդարանական խմբակցության անդամ Խորեն Սարգսյանը: Կենտկոմի նոր կազմը ներառում է 131 անդամների:
Ըստ Վլադիմիր Դարբինյանի, կոմունիստները որոշում են ընդունել ձեւավորել Ժողովրդա-հայրենասիրական ուժերի դաշինք, որի հիմքում դրված կլինի դիրքորոշումների ընդհանրությունը Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության, ռազմավարական նշանակության պետական օբյեկտների սեփականաշնորհման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցերի առնչությամբ: Այդ եւ այլ հարցեր արտացոլված են համագումարի ընդունած որոշումներում: Միեւնույն ժամանակ, կոմունիստները մտադիր չեն միավորվել ո՚չ Հայ մարքսիստների միության, ո՚չ Միացյալ առաջադիմական կոմկուսի հետ: Ըստ Դարբինյանի, այս կուսակցության անդամները ժամանակին վտարվել են ՀԿԿ շարքերից, եւ եթե որեւէ մեկը վճռի վերադառնալ, ապա թող դիմում գրի, որը կուսակցությունը կքննարկի:
Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցության հարցը շարունակում է մնալ գլխավորներից մեկը հայ կոմունիստների գործունեության մեջ: Ինչպես հայտնեց Վլադիմիր Դարբինյանը, ՀԿԿ 35-րդ համագումարի մասնակիցները Արգենտինայի, Կիպրոսի, Սիրիայի եւ մերձավոր արտասահմանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել են Համահայկական առաջադիմական ուժերի խորհուրդ ձեւավորելու առաջարկությունը: Առաջին հարցը, որ կառաջադրվի խորհրդում, պետք է լինի Ռուսաստան-Բելառուս միության մեջ մտնելու հարցը:
Ըստ Դարբինյանի, կոմունիստները մտադիր են սահմանադրական ճանապարհով ստիպել իշխանություններին հասկանալ, որ միավորման հարցը բախտորոշ է Հայաստանի համար եւ անցկացնել հանրաքվե: Կոմունիստների առաջնորդը վստահ է, որ ժողովուրդը «կողմ» կքվեարկի: Իսկ առայժմ մայիսի 16-ին կոմունիստները հանրապետական հանրահավաք կանցկացնենՙ նվիրված հայ-ռուսական բարեկամության 300-ամյակին: