ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 31-ին, ժամը 15:30-ին ահազանգ է ստացվել ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության արագ արձագանքման փրկարարական ջոկատ, որ Երեւանի 16-րդ թաղամասի թիվ 20 շենքի վերելակը պոկվել է, եւ խցիկում երեխա է մնացել: Ինչպես հայտնում են նշված վարչության լրատվական ծառայությունից, փրկարարները դեպքի վայր են հասել ժամը 15:42-ին:
Պարզվել է, որ երկրորդ եւ երրորդ հարկերի արանքումՙ վերելակի խցիկի եւ պատի միջեւ մարդ է մնացել, որը մահացու վնասվածքներ է ստացել: Մահացածը 1973 թ. ծնված Հարություն Հարությունյանն էրՙ նույն շենքի թիվ 126 բնակարանի բնակիչ: Շենքի բնակիչների խոսքերով, վերելակը, խցիկում փոքր երեխա, խցանվել էր երկրորդ եւ երրորդ հարկերի միջեւ: Հարություն Հարությունյանը, ազատելով երեխային, սեղմված է մնացել վերելակի խցիկի եւ պատի արանքում: Դատական բժշկի գործողություններից հետո փրկարարները հատուկ տեխնիկայի կիրառմամբ դիակը դուրս են բերել եւ հանձնել իրավապահ մարմիններին:
Հաղորդագրությունում կրկին ուշադրություն է հրավիրվում վերելակային տնտեսության վթարային եւ բարձիթողի վիճակի վրա. «Ամեն մի ողբերգական պատահարից հետո լրատվամիջոցները մի քիչ աղմկում են, եւ նորից մնում է նույն կոտրած տաշտակըՙ չսպասարկվող ու չնորոգվող հազարավոր վերելակներ: Վերահսկողությունն իրականացնում է «Հայլեռտեխհսկողություն» վարչությունը, սակայն չկան սպասարկող կազմակերպությունները, եւ «Հայլեռտեխ»-ի բոլոր ահազանգերը մնում են թղթի վրա»: