Հայտնի է, որ վերջին տասնամյակում հանրապետության բնակչության թվաքանակի աստիճանական եւ կտրուկ նվազումը կապված է ինչպես զանգվածային արտագաղթի, այնպես էլ բնակչության բնական աճի էական նվազման հետ: Սոցիալ-տնտեսական ուրույն խնդիրներ ունեցող Գյումրի քաղաքում, որտեղ ժողովրդագրական այդ եւ մյուս բացասական փոփոխություններն առավել սուր բնույթ են կրում, վերջին տարիներին նկատելի է, ընդհուպ, ծնելիության ու մահացության ցուցանիշների հավասարման միտում:
Շիրակի մարզպետարանի տվյալներով, 2000 թ. մարզում թեեւ մահացածների ընդհանուր թիվը (2346) նախորդ տարվա համեմատությամբ 48-ով պակաս է եղել, սակայն նույն ժամանակ ծնվածների թիվը պակասել է 370-ով (3426-ից իջնելով 3056-ի): Բնական աճը 1999 թ. 1032-ի դիմաց անցյալ տարի կազմել է 710 մարդ: Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով միայն 1 տարում 2,9-ից իջել է մինչեւ 1,9 մարդ:
Բավականին խոսուն է բնակչության մահացության պատկերն ըստ տարբեր հիվանդությունների: Դրանցից անցյալ տարի 41,8 տոկոսի դեպքերում մահվան պատճառ են եղել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունները:
Հիվանդություններից մահացության դեպքերի շուրջ 1/4-ըՙ 23,7 տոկոս, բաժին է ընկնում չարորակ նորագոյացություններին: Շնչառական համակարգի հիվանդություններից մահացությունը կազմել է 13,3, նյարդային համակարգի հիվանդություններիցՙ 7,4 տոկոս: 1999 թ. համեմատությամբ սիրտ-անոթային հիվանդություններից մահացության գործակիցն աճել է 3,4, չարորակ նորագոյացություններիցՙ 5,7, շնչառական համակարգի հիվանդություններիցՙ 2,6 տոկոսով: