<20016003.jpg>
Ասում է Ռուբեն Քոչարը
Ընդունված օրինաչափություն էՙ բնությունը շռայլ չէ տաղանդավոր մարդկանց զավակների պարագայում: Օրինաչափություններից եւ ընդունված նորմերից մշտապես «շեղվելու» իրենցՙ արդեն ժառանգական դարձած սովորության համաձայն Քոչարների գերդաստանըՙ պապ, որդի, թոռ, արվեստի իրենց յուրօրինակ գործերով զարմացրել եւ հետեւողականորեն շարունակում են զարմացնել շատերին: Զրուցակցիսՙ Ռուբեն Քոչարի գործունեությունն աչքի է ընկնում բազմազանությամբՙ ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ եւ, վերջապես, հեղինակ արձակ ստեղծագործությունների: Դրանցից մեկում, որդուն դիմելով, ժառանգականության վերաբերյալ իր պատկերացումները նա այսպես է ձեւակերպել. «Մի օր դու կհասկանաս, որ ես ու դու, դա մի ես է, եւ քո պապը նույնպես ես է, կհասկանաս, որ ոչ թե դու 20 ես, այլ քո պապն ես, պապիդ պապն ես, ես եմ, դու ես. Դե, հիմա որոշիր, թե դու ով ես.»:
- Կրտսեր Երվանդ Քոչարի մասին քիչ գիտեն մեզ մոտ:
- Վերջին մի քանի տարին նա Հայաստանում չէ: Սակայն շատ կարճ ժամանակով վերադառնալով, նա բարի անուն թողեց ճանաչված արվեստագետների շրջանում: Ստեղծագործում է 15 տարեկանից. արդեն իսկ առաջին գործերը բավական հասուն էին: Այդ տարիներին կազմակերպված երիտասարդ դրամատուրգների մրցույթի հաղթող է: Հիմա սովորում է Իտալիայում, մասնագիտանում է մեկ այլ բնագավառումՙ կինոարվեստում:
- Ձեզ մոտ ժամանակից առաջ անցնելը, ավանգարդ մտածելակերպը, թերեւս, նորություն չէ:
- Դա գալիս է մեծ Երվանդ Քոչարից: Նա միշտ թափանցում էր երեւույթի էությունը, խորքը եւ սովորաբար պատկերում այն, ինչը մենք դեռ չգիտենք, դեռ չէինք ընկալել.
- Սովորաբար ընդունված է ասել, թե ստեղծագործությունից առաջ արվեստագետը հոգեկան «խռովք» է ապրում: Ի՞նչը կարող է ներշնչել Ռուբեն Քոչարին:
- Իմ ներշնչվելու ժամանակը վաղուց է անցել: Ես հիմա արդեն իմ բոլոր բացթողումներն ավարտելու մասին եմ մտածում: Նոր գործ չկա ինձ համար, կա ասելիք եւ, դա շատ-շատ է: Այլեւս առիթ, կայծ հարկավոր չէ: Հիմա վառվելու ժամանակն է, եւ վառվելով գնում ենք:
- Հազարամյակների հերթափոխությունը, քրիստոնեության 1700-ամյակը, թերեւս, մտորումների ու խոհերի տեղիք կտա.
- Ինձ համար շատ տխուր է, որ 1700-ամյակի առիթով ենք փորձում խոսել Քրիստոսի մասին, մինչդեռ ամեն Աստծո օր պիտի խոսենք ու հիշենք այդ մասին: Ցավալին այն է, որ ամեն ինչ, ամեն սրբություն շահարկում եւ շահագործում ենքՙ լինի պետություն, անկախություն հասկացությունները, թե քրիստոնեությունը պետական կրոն ընդունելու 1700-ամյակը: Սակայն շահագործողը միշտ էլ «տակ է տալիս»: Ես շահարկել չեմ սիրում. իմ ճանապարհով շարժվում եմ, արարում եմ եւ պետք է այդպես շարունակեմ: Ի դեպ, իմ բոլոր գործերն էլ քրիստոնեությանը նվիրված են:
- Անգամ տաճար այրող Հերոստրատի մասին ֆի՞լմը, որ վերջերս եք նկարահանել:
- Աշխարհում ամեն ինչ Աստծո զորությամբ է արվում, եւ ոչինչ հենց այնպես չի լինում: Իսկ ֆիլմում Հերոստրատը նոր հավատի շեմին կանգնած մարդ է, որը զգում է, թե քրիստոնեություն, միաստվածություն է գալու: Նա ինքն էլ ասում էՙ իմ մեջ է իմ տաճարը. Կգան ժամանակներ, որ բոլոր տաճարները կքանդվեն ու կայրվեն, բայց դրա համար արդեն ոչ ոք չի մեղադրվի: Եվ այդպես էլ եղավ քրիստոնեության ընդունմամբ:
- Ի՞նչ սպասելիքներ ունեք ֆիլմից:
- Կարծում եմ, ֆիլմը հաջողվել է: Այն ներկայացվելու է Կաննի փառատոնին եւ հուսով եմ, այնտեղից ձեռնունայն չենք վերադառնա: Ֆիլմը նշանակալից է նրանով, որ առաջին հայ-ամերիկյան համատեղ արտադրությունն է: Թե՚ դերասանները եւ թե՚ նկարահանող խումբը Հայաստանից են: Բավականին կարող ուժեր են ներգրավվածՙ Հովհաննես Բաբախանյան, Վլադիմիր Մսրյան, Ժան Նշանյան, Մարինե Սարգսյան, Շաքե Թուխմանյան, օպերատոր Աշոտ Մովսիսյան:
- Դուք հաճախ եք դրսում լինում. ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը:
- Հայրենիքի սերը յուրահատուկ զգացողություն է: Դրա դիմաց պետք է անպայման ինչ-որ բան տալ: Մեր մեջ հակառակն է արմատավորվածՙ պահանջել հայրենիքից, եւ եթե ոչինչ չի լինում, թողնում հեռանում են: Թեեւ կարելի է չգնալ, բայց եւ չսիրել հայրենիքդ: Վստահորեն կարելի է ասել, որ մեր իշխանավորներից շատերը չեն սիրում մեր երկիրը, չեն սիրում եւ չեն ճանաչում ժողովրդին. հայրենիք սիրելն էլ շատ դժվար է: Ժողովրդի առջեւ պետք է պատասխանատու եւ զգույշ լինել: Հնարավոր է խաբել մարդկանց խմբի, բայցՙ ոչ ժողովրդին: Հայրսՙ Երվանդ Քոչարը, մեծ հայրենասեր էր, շատ էր սիրում իր ժողովրդին: Դա էր պատճառը, որ նա վերադարձավ 37-ին: Ամոթալի էր շատ հայրենասերների նման նրան եւս հայրենադավության մեղադրանք ներկայացնելը: Հայրենասիրությունն ինձ է անցել գեներով: «Հերոստրատ» ֆիլմի համար ինձ առաջարկվել էր բուլղարական ստուդիաների հետ համագործակցել: Իհարկե, դա գայթակղիչ հեռանկար էր, բայց ես ուզում էի ապացուցել, որ մեզ մոտ եւս կարելի է լավ ֆիլմ նկարահանել: Իմ մեծագույն ցանկությունն ու նպատակն է նպաստել հայ կինոարվեստի զարգացմանը:
ՌՈՒԶԱՆ ՊԵՊԱՆՅԱՆ