Ամերիկյան լավատեսությանը փոխարինել է զգուշավոր սպասողականությունը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ֆլորիդայի Քի Վեսթ քաղաքում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների մասին հայտնի է ստույգ մեկ բան. հանդիպումների մանրամասները պահվում են խիստ գաղտնի: Հենց գաղտնիությունն է պատճառը, որ համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն անդրադառնում են բանակցություններին բացառապես անցյալ ժամանակով. ե՞րբ է բռնկվել ԼՂ հակամարտությունը, կողմերը որքա՞ն զոհեր են տվել, փախստականները բնակվո՞ւմ են ճամբարներում եւ այլն: Հակամարտության ապագայի շուրջ խոսում են զգուշավոր սպասողականությամբ: ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ք. Քավանոն անընդհատ հիշեցնում է, որ Էռնեստ Հեմինգուեյը Քի Վեսթում է գրել «Հրաժեշտ զենքին» ստեղծագործությունը, ակնարկելով, թե Հարավային Կովկասում անհրաժեշտ է հրաժեշտ տալ զենքին եւ մտորել այս անհանգիստ տարածաշրջանի բարգավաճման մասին:
Այսօր Քի Վեսթի բանակցությունների երրորդ օրն է: Նախորդ երկու օրերի ընթացքում, բացառությամբ ԱՄՆ պետքարտուղար Ք. Փաուելի մասնակցությամբ հանդիպման, նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը դեռեւս չեն հանդիպել: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն առանձին-առանձին բանակցում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Երեկ լրագրողների հարցերին պատասխանել են հակամարտության միջնորդ պետությունների ներկայացուցիչները: Ք. Քավանոն ասել է, որ Քոչարյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը եղել է «բավական օգտակար»: Ապա համանախագահներին հանդիպել է Ալիեւը, որը, Քավանոյի խոսքերով, նույնպես եղել է «օգտակար», ավելացնելով, թե երկու հանդիպումներն էլ «խոստումնալից» էին: Քավանոյին հարց է ուղղվելՙ հնարավո՞ր է արդյոք, հույս կա՞, որ մոտ ապագայում ԼՂ-ն Թուրքիայի հետ մասնակցի խաղաղ բանակցություններին: «Թուրքիան բանակցություններին մաս չի կազմում, Մինսկի խմբի անդամ 12 պետություններից մեկն է: Թուրքիան ցուցաբերում է նշանակալի հետաքրքրություն, որը, իմ կարծիքով, ամեն մեկին հասկանալի է: Հակամարտությունը Թուրքիայի սահմաններին է, բայց Թուրքիան բանակցային կողմ չէ»», ասել է ամերիկացի դեսպանը:
Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վ. Տրուբնիկովին հարց է ուղղվելՙ ինչպիսի՞ն է ՌԴ ներկա դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որոշ դիտորդներ կարծում են, թե գլխավոր բանալին Մոսկվայում էՙ հաշվի առնելով Ռուսաստան-Հայաստան սերտ հարաբերությունները: «Հակամարտության կարգավորման գլխավոր բանալին Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռքում է: Ռուսաստանը նման բանալի չունի», պատասխանել է փոխարտգործնախարարը, ավելացնելով, որ համանախագահները աշխատում են միասին, եւ Ռուսաստանը մտադրություն չունի օգտագործելու «թեւեր ոլորելու մարտավարություն»:
Քերի Քավանոն երեկ հարցազրույց է տվել «The Russian Journal» պարբերականին, նշելով. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պարզ հայտարարում են, որ լուծումը հնարավոր է լուրջ փոխզիջումների ճանապարհով: Մենք հուսով ենք, որ Ֆլորիդայում հնարավոր է բանակցային գործընթացում մեկ քայլ առաջ անցնել: Եթե դա հաջողվի, հրաշք կլինի: Բանակցությունների դիլեման հետեւյալն է. ինչպե՞ս է հնարավոր երկու նախագահներին բերել վճռական լուծման, որը տեւական եւ ընդունելի կլինի երկու ժողովուրդների համար»: Անդրադառնալով Քի Վեսթի բանակցություններում ԼՂ կողմի բացակայությանը, Քավանոն ասել է. «ԼՂՀ ներկայացուցիչները չեն մասնակցում ներկա հանդիպումներին, սակայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պարբերաբար այցելում են Ստեփանակերտ, տեղեկանում ԼՂՀ իշխանությունների տեսակետներին: Հայաստանի կառավարությունը պարբերաբար շփումների մեջ է ԼՂՀ պաշտոնյաների հետ»:
Ներկայացնենք մի քանի տեսակետներ եւս: Պատմաբան Ռ. Սյունին հիշեցրել է, թե հակամարտության կարգավորման բանաձեւը դեռ 1997 թ. գտնվել էր (նկատի ունի «փուլ առ փուլ» տարբերակը- Թ. Հ.), ապա քննադատել Բաքվի ներկա մարտավարությունը. «Ադրբեջանի իշխանությունները նշում են, որ Հայաստանը թույլ պետություն է, տնտեսությունը կործանման եզրին է, արտագաղթը մեծ չափերի է հասնում: Բայց նախագահները չպետք է սպասեն մինչեւ Հայաստանն ու Ադրբեջանը մահանան», հասկացնելով, որ արտագաղթը, տնտեսության կործանումը սպառնում է նաեւ Ադրբեջանին:
Կովկասի հակամարտությունների գծով ռուս փորձագետ Ս. Կազյանովի կարծիքով, մոտ ապագայում ԼՂ հակամարտությունը հնարավոր չէ լուծել: Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թ. Զուլֆուգարովը «Ենի Մուսաֆաթ» թերթին ասել է. «Ի տարբերություն Հ. Ալիեւի, Ռ. Քոչարյանը պատրաստ չէ Քի Վեսթի բանակցություններին»: Այսօր փոքրիկ Սպիտակ տանը կշարունակվեն բանակցությունները: Ֆորմատը նույնն է. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առանձին-առանձին հանդիպում են Քոչարյանին եւ Ալիեւին: Չեն բացառվում նաեւ Քոչարյան-Ալիեւ երես առ երես բանակցությունները: