<20016305.jpg>
Արկադի Ղուկասյան. «Լեռնային Ղարաբաղը կամ պետք է միանա Հայաստանին, կամ ճանաչվի անկախ պետություն»
ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ամերիկյան «Լոս Անջելես թայմս» թերթին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ֆլորիդայի Քի Վեսթ քաղաքում նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի բանակցությունները կհանգեն մի լուծման, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղին միավորվել Հայաստանի հետ, կամ ԼՂՀ-ն կճանաչվի անկախ պետություն: «Ցանկացած այլ ընտրություն նշանակում է, որ մենք շարժվում ենք ոչ թե դեպի խաղաղություն, այլՙ պատերազմ», շեշտել է Ղուկասյանը, ընդսմին նշելով, թե իր զգացողությամբ ադրբեջանական կողմն «առավել քան երբեւէ հակված է ընդունելու իրատեսական դիրքորոշում բոլոր հարցերում»: ԼՂՀ նախագահը վստահություն է արտահայտել ՀՀ նախագահ Քոչարյանի հանդեպ, այսուհանդերձ ասելով, որ Ստեփանակերտը քիվեսթյան բանակցություններում ուղղակի կողմ չի ներկայացված, հետեւաբար կարող է մերժել այն բոլոր առաջարկները, որոնք կորոշեն բանակցությունների մասնակիցները:
Երեկ հարցազրույց է տվել նաեւ ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանըՙ ադրբեջանական ANS գործակալությանը: Նախարարը նշել է, որ ինքը Քի Վեսթի բանակցություններից սպասելիքներ չունի, քանի որ այնտեղ ներկայացված չէ Ստեփանակերտը: Քի Վեսթի բանակցությունները Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում կարեւոր փուլ են, եւ ԼՂ հարցում վերջնական որոշում կարող է կայացվել միայն ԼՂ մասնակցության դեպքում: Ստեփանակերտի բացակայությունը Քի Վեսթի բանակցություններում արդյունք է Ադրբեջանի նախագահի ցանկությանը, որը չի ուզում իր համար հավելյալ պրոբլեմներ ստեղծել, նշել է տկն Մելքումյանը, հույս հայտնելով, որ Հայաստանի նախագահը չի ստորագրի ոչ արժանապատիվ որեւէ համաձայնագիր: «Միջնորդները հատուկ նշում են, որ հակամարտության կողմեր են Բաքուն, Երեւանը եւ Ստեփանակերտը: Նրանք ուշադրություն են հրավիրում այն իրողությանը, որ առանց ԼՂ ղեկավարության համաձայնության որեւէ որոշում չի ընդունվի», ասել է ԼՂՀ արտգործնախարարը:
«Ազգի» հետ ունեցած հեռախոսազրույցում երեկ տկն Մելքումյանը շեշտեց, որ ԼՂ իշխանությունները չեն հրաժարվել անկախության ձգտումներից: Անդրադառնալով նախագահ Ղուկասյանիՙ «Լոս Անջելես թայմսին» տված հարցազրույցի այն հատվածին, որտեղ ԼՂՀ առաջնորդն ասում է, թե «ԼՂ-ն կամ պետք է միանա Հայաստանին կամ ճանաչվի անկախ պետություն», տկն Մելքումյանը նշեց, որ անկախության հասնելու ձգտումը կամ Հայաստանին միանալը նորություն չէ: Այդ դեպքում ինչո՞ւ էր պաշտոնական Ստեփանակերտը որպես բանակցությունների հիմք ընդունելի համարել 1998 թ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկված «ընդհանուր պետություն» բանաձեւը: Իսկ միգուցե «ընդհանուր պետություն» բանաձեւը նշանակում է ԼՂՀ անկախության ճանաչո՞ւմ, ինչպես մի քանի անգամ կրկնել է Ադրբեջանի նախագահը: Տկն Մելքումյանը հիշեցրեց, որ Ստեփանակերտն ընդունել է «ընդհանուր պետություն» գաղափարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ի պատասխան նշել. «ԼՂՀ ղեկավարությունը «ընդհանուր պետություն» ձեւակերպումը ընկալում է որպես կողմերի իրավահավասար իրավական օբյեկտներ հանդիսանալու ամրագրում»: «Մենք «ընդհանուր պետությանը» դիվանագիտական «այո» ենք ասել, մենք ընդունում ենք գաղափարը», նշեց տկն Մելքումյանը, հասկացնելով, որ Ստեփանակերտի պատասխանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանն ավելի շուտ մոտ է «ոչ»-ին:
Ետեւում են մնացել Քի Վեսթի բանակցությունների երկու օրերը: Դրանք պահվում են խիստ գաղտնի: Այնուամենայնիվ, ղարաբաղյան կողմն ինչ-որ առաջընթաց ակնկալո՞ւմ է, լավատե՞ս է, բանակցություններում հնարավոր համարո՞ւմ է «դիվանագիտական ճեղքում»: «Պարտավոր ենք սպասել, որ լինելու է ինչ-որ առաջխաղացում, քանի որ լավատեսությունը նաեւ մեր աշխատանքի մի մասն է: Մենք չափավոր լավատես ենք», ասաց ԼՂՀ արտգործնախարարը: Տկն Մելքումյանը, անդրադառնալով «ընդհանուր պետությանը», հիշեցրեց, որ «եթե ինչ-որ բան Բաքուն չի ընդունում, դա չի նշանակում, թե ընդունելի է Ստեփանակերտի համար»: Հիշեցնենք, որ «ընդհանուր պետությունը» որպես բանակցությունների հիմք ընդունել էին Երեւանն ու Ստեփանակերտը, Բաքուն մերժել էր:
ԼՂՀ նախագահի եւ արտգործնախարարի խոսքերից կարելի է ենթադրել, որ պաշտոնական Ստեփանակերտն ինչ-որ տեղ նեղացած է այն առումով, որ ներգրավված չէ Քի Վեսթում ընթացող բանակցություններում: Ինչ վերաբերում է Ա. Ղուկասյանի «.կամ անկախություն» մոտեցմանը, ապա, մեր կարծիքով, ԼՂՀ ցանկացած անկախություն վարչական նախկին սահմաններում անընդունելի է, քանզի այդ դեպքում բացակայում են ԼՂՀ անվտանգության երաշխիքները եւ վերականգնվում է անկլավային վիճակը:
Իսկ հնարավո՞ր է հակամարտության կողմերին առաջարկվի կարգավորման մի տարբերակ, որն ընդունելի լինի Ստեփանակերտի համար, սակայն անընդունելիՙ Երեւանի համար: Արժե այս հարցի շուրջ եւս խորհել:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ