«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2001-04-04 | #62, 2001-04-05 | #63, 2001-04-06


ՄԻ ՀԱՄԵՍՏ ՈՒ... ԱՆՀԱՄԵՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԻԳՈՒՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ամենեւին էլ գաղտնիք չէ, որ երկրիս քաղաքական դաշտում քիչ չեն քրեական անցյալ, ներկա, ապագա կամ պարզապես քրեական հակումներ ունեցող տարրերը: Սա արդեն սովորություն կամ օրինաչափություն չէ, սա արդեն պատվի խնդիր է. աղմկոտ ու օրինազանց տղա՞ եսՙ հառա՜ջ, դեպի քաղաքական դաշտ: «Այդ դաշտը տարողունակ է, բոլորս էլ կտեղավորվենք», ասես միմյանց աչքով անելովՙ մտածում են մեր քաղաքականության թեկնածուներն ու արդեն ինքնահաստատված պաշտոնավորները:

Ո՞րն է սույն հանդիսավոր նախաբանի նպատակը: Առանձնապես էական ու կարեւոր նպատակ չէ, եթե հաշվի առնենք, որ այս շարադրանքի կամ փաստաթղթային հիմնավորում ունեցող պարսավանքի հերոսն ամենեւին էլ մի վճռորոշ ֆիգուր չէ մեր բարձրամակարդակ քաղաքական դաշտում, սակայն, ըստ ամենայնի, մեծ հավակնություններ ունի այդպիսին հանդիսանալու: Այնպես որ, մեր քաղաքացիական պարտքն է խանգարել նրան այդ գործում ի շահ հասարակության նյարդերի:

Այսպիսով, «Սոցիալական միություն» կազմակերպության նախագահ, մանուչարյանական սոցուժերի միության կասկածելի ճյուղավորումներից (թվովՙ 1-2 մարդ) մեկի ճյուղատեր Վարդան Պետրոսյանը մի համեստ եւ... անհամեստ ֆիգուր է, որին անդրադառնում ենք իրականում միայն մեկ նպատակովՙ ի դաս բոլոր նրանց, ում հիշողությունը սեփական անցյալի հանդեպ չափազանց կարճ է: Հարբած վիճակում խուլիգանական դրսեւորումների համար չորս անգամ դատապարտված եւ ազատազրկված (6 ամսից մինչեւ 2 տարի եւ ավելի) Պետրոսյանիՙ ենթադրում ենք, ամենեւին էլ ոչ քաղաքական ցասման առարկան նրա նախկին կինն է, զոքանչն ու աները, որոնց անձի դեմ, 1996-ից ի վեր, պարբերաբար ոտնձգություններ է կատարում հերթական անգամ ձերբակալվելով, պատժավայրերում ամիսներ «գլորելով», ապա, է՚լ ավելի զայրացած, նույն գործին վերադառնալով: Այսպես, 1976_ին նա առաջին անգամ ձերբակալվում էՙ նախկին կնոջն ու զոքանչին հայհոյելու, շրջակա բնակչության նյարդերը գրգռելու մեղադրանքով, դատապարտվում է 6-ամսյա ազատազրկման: Մի քանի ամիս անց, նույն մեղադրանքով (ինչպիսի հետեւողականություն) վերստին ձերբակալվում էՙ դատապարտվելով երկու տարի եւ 6 ամսվա ազատազրկման: Սակայն, ինչ-ինչ պատճառներով, սահմանված պատիժը չի կրում: Երեւի սա էր պատճառը, որ երկու տարի անց մեր անհանգիստ հերոսը նույն խուլիգանությունն է գործումՙ այս անգամ ձեռք բարձրացնելով նախկին զոքանչի վրա: Հարեւանների ջանքերով միլիցիան ճիշտ ժամանակին տեղ է հասնում ու ձերբակալում նրան: Իսկ Պետրոսյանի «սիրելի» եւ նրա գործում մասնագիտացած Շենգավիթի ժողդատարանը մեր հերոսին վերստին դատապարտում է ազատազրկման:

Սահմանված պատիժը կրելուց եւ ազատության գիրկը վերադառնալուց հետո, սակայն, Պետրոսյանը չի հանդարտվում: Իսկական, ի ծնե քաղաքական գործչին բնորոշ հետեւողականությամբ նա ձեռնամուխ է լինում նույն քաջագործությանը: Այս անգամ նրա ծեծի առարկան է դառնում նախկին աները: Նորից ազատազրկում, ուղղիչ աշխատանքային գաղութ... Սակայն ամեն ինչ առջեւում է, չէ՞ որ դեռ կլինեն, կլինեն նոր խուլիգանություններ, նոր ցասումներՙ «սուրբ» ու «վեհ», որոնք կլիցքաթափվեն նախկին խեղճուկրակ ընտանիքի գլխին:

Այսպիսին է քաղաքական կյանքը: Իհարկե: Ամեն ինչի սկիզբն ընտանիքն է: Եվ նման աննկուն կենսագրությամբ, ի դեպ, կարելի է հանրապետության նախագահի պաշտոնանկությունը պահանջել, խորհրդարանական կամ նախարարական աթոռի էլ հավակնել: Հոգ չէ, անշուշտ, որ առանց սեփական ընտանիքդ ղեկավարել կարողանալու, հանձն ես առնում ղեկավարել այլոց կյանքն ու սկզբունքները: Կստացվի, մի օր անպայման կստացվի: Չէ՞ որ ստացվեց, ստացվեց այն բոլորի պարագայում, ովքեր ներկայումս խորհրդարանականներ են, ոմանքՙ նախարարներ, տեսակ-տեսակ պաշտոնյաներՙ մեզ համար օրենքներ ընդունող, մեր ճակատագիրը տնօրինող:

Ա. ՕՀԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4