«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2001-04-06 | #64, 2001-04-07 | #65, 2001-04-10


ԲՈՒՇՆ ԱՌԱՆՁԻՆ-ԱՌԱՆՁԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ԱԼԻԵՎԻՆ, ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

<20016501.jpg>

Նախքան Ժնեւ մեկնելը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Պուտինի միջնորդությամբ կբանակցեն Մոսկվայում

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ապրիլի 9-ին ԱՄՆ նախագահ Բուշը Սպիտակ տանն առանձին-առանձին, 15-ական րոպե, հանդիպում է նախ Ռոբերտ Քոչարյանին, ապա Հեյդար Ալիեւին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ընդունելու են նաեւ Բուշի ազգային անվտանգության գծով խորհրդական Ք. Ռայսն ու պետքարտուղար Ք. Փաուելը, որն ապրիլի 3-ին Քի Վեսթում, Հարրի Ս. Թրումենի փոքրիկ Սպիտակ տանն արդեն հանդիպել է Քոչարյանին, Ալիեւին:

Ամերիկյան ԶԼՄ-ների հավաստիացումներով ապրիլի 3-7-ը Ֆլորիդայում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, ԱՄՆ միջնորդությամբ անցկացված Քոչարյան-Ալիեւ բանակցություններում լուրջ առաջընթաց է արձանագրվել:

Դեռ քիվեսթյան բանակցությունների նախօրեին հայտարարվել էր, թե նախագահ Բուշը Քոչարյանին եւ Ալիեւին կընդունի, եթե ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ինչ-որ առաջընթաց արձանագրվի: Մեր կարծիքով, անկախ բանակցությունների արդյունքներից, Բուշն ընդունելու էր Քոչարյանին եւ Ալիեւին: Ինչպես նկատում է «Gazeta SNG.ru» էլեկտրոնային թերթը, հակամարտության կողմերից յուրաքանչյուրն իր խաղն է խաղումՙ պարզ իմիտացիա, որը թելադրված է ԱՄՆ նոր վարչակազմի հետաքրքրություններով: ԱՄՆ-ի համար ընդհանրապես եւ Բուշի համար մասնավորապես ԼՂ հարցում միջնորդությունը նաեւ հեղինակության խնդիր է:

Վաշինգտոնի համար արաբ-իսրայելական հակամարտության միջնորդությունը, Կոսովոյի կոմպանիան ձախողելուց հետո չափազանց շռայլություն կլիներ ձախողվել ԼՂ միջնորդության հարցում: Ուրեմն, անկախ այն բանիցՙ գրանցվե՞լ է առաջընթաց, թե՞ ոչ, պիտի հայտարարվեր, որ «ԼՂ հակամարտության կարգավորման եւս մեկ կարեւոր առաջընթաց քայլ կատարվեց»: Այս հարցում առաջին ջութակի դերը վստահվել էր ամերիկյան համանախագահ Ք. Քավանոյին: Ռուսաստանյան կողմն, ի դեմս համանախագահ Ն. Գրիբկովի եւ արտգործնախարարի տեղակալ Վ. Տրուբնիկովի, իր հայտարարություններում շատ ավելի զուսպ էր: Այսպես, «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի կամ Թուրքիայի ռազմակայաններ տեղաբաշխելու մասին ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարություններին, պրն Տրուբնիկովը պատասխանեց. «Այդ հայտարարություններն ամենեւին չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը, ամենեւին չեն նպաստում այն ջանքերին, որ իրենքՙ եռանախագահները գործադրում են Քի Վեսթում»: Սա անուղղակի ակնարկ է, որ Ռուսաստանը, ինչպես եւ Իրանը, բացարձակապես անընդունելի է համարում ԼՂ խնդրում Թուրքիայի հնարավոր միջնորդությունը: Պատահական չէին նաեւ Գրիբկովի եւ Տրուբնիկովի զգուշավոր հայտարարությունները: Ուշադրություն դարձնենք. ռուս դիվանագետները հասկանալ են տալիս, որ ԼՂ հակամարտության լուծման բանալին ոչ թե միջնորդների ձեռքում է, այլ նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի:

Ֆրանսիական կողմըՙ ի դեմս Ժ. Ժ. Գայարդի, ավելի շատ լռում էր: Միակ մխիթարանքը, թերեւս, Ֆրանսիայի համար կարող է լինել Քի Վեսթում կայացած բանակցությունների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հաղորդագրությունը, ուր մասնավորապես նշվում է. «Կոնկրետ աշխատանքն այստեղ (Քի Վեսթում) կառուցվեց երկու նախագահների հունվարի 25-ի եւ մարտի 4-5-ի փարիզյան քննարկումների արդյունքում, որոնք անցան նախագահ Ժակ Շիրակի հովանու ներքո»:

Քիվեսթյան բանակցություններում, այնուամենայնիվ, չասենք առաջընթաց, բայց երկու կարեւոր փաստ արձանագրվել է: Նախ, որքան էլ անսպասելի լինի, ԼՂ բանակցային գործընթացում ԱՄՆ-ը կարեւորեց Իրանի դերը, մի երկրի, որի հետ հարաբերությունները խզված են արդեն 22 տարի: Ք. Քավանոն հայտարարեց, որ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին ինչ-որ ձեւով պետք է տեղեկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս պետություններին եւ Իրանին: ԱՄՆ-ը գտնում էՙ բանակցություններում որպես շահագրգիռ կողմ անհրաժեշտ է Իրանի ներգրավվածությունը: Պաշտոնական Թեհրանը, որ ժամանակին ինքն էր ԼՂ հարցում գլխավոր միջնորդը, դեռեւս չի արձագանքել: Չպիտի բացառել, որ բանակցություններում իբրեւ շահագրգիռ կողմ Իրանին ներգրավելու իմիտացիայով Վաշինգտոնը փորձում է արագացնել եւ արդարացնել իր ռազմավարական դաշնակից Թուրքիայիՙ Հարավային Կովկասում հակամարտությունների եւ ընդհանրապես տարածաշրջանային գործընթացների մեջ ներգրավումը: Միգուցե Վաշինգտոնի այս ժեստն այլ նպատակնե՞ր է հետապնդում: Ակնհայտ է, որ ԼՂ հարցի կարգավորումը այսօր փորձ է արվում լուծել համալիր եղանակով: Եթե նույնիսկ վստահաբար պնդենք, որ տարածքների փոխանակման ամերիկյան նախաձեռնությունները ձախողված են, ապա հաղորդակցությունների վերականգնման խնդիրներն աշխուժորեն քննարկվում են, մասնավորապես խոսքը Կարս-Գյումրի-Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթգծի վերաբացման մասին է, որի անվտանգության ապահովումը փորձ է արվում դնել միջազգային խաղաղարար ուժերի վերահսկողության տակ, ինչին կտրականապես դեմ է Իրանը: Նշենք, արդեն հաջորդ ամիս ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահ Ժ. Ժ. Գայարդին կփոխարինի Իրանում Ֆրանսիայի դեսպանը:

Երկրորդ կարեւոր արդյունքը. ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստվում է հակամարտության կողմերին նոր առաջարկ ներկայացնել, որը նախատեսվում է հունիսի սկզբներինՙ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում սպասվող Քոչարյան-Ալիեւ հանդիպումից հետո: Մինչ այդ, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին Մոսկվա է հրավիրելու Ռուսաստանի առաջնորդ Պուտինը:

Ինչպես հայտնի է, 1997-98 թթ. ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կողմերին առաջարկել էր կարգավորման երեք տարբերակ, որոնք մերժվել էին այս կամ այն կողմից: Ահա եւ շուտով բանակցային սեղանին կդրվի չորրորդ առաջարկը, որը նախորդ երեքից, ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ, տարբերվելու է:

Քի Վեսթում կայացած բանակցությունների վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Նախագահները դրսեւորեցին բարի կամք եւ մեծ նվիրվածություն խնդիրը փոխզիջումային հիմքով լուծելու համար: Համանախագահները ներկայումս պատրաստում են մի նոր համապարփակ առաջարկություն, որը կշոշափի նախագահների կողմից առանձնացված պրոբլեմներն ու կարիքները, որոնք պետք է լուծում ստանան խաղաղություն հաստատելու համար»: Այսինքնՙ եթե նախկին երեք առաջարկներին հակամարտող կողմերը ծանոթանում էին իրենց ներկայացնելուց հետո (անշուշտ, մինչ առաջարկներ ներկայացնելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մի քանի անգամ ժամանում էին Բաքու, Ստեփանակերտ, Երեւան, բանակցում երեք երկրների նախագահների, այլ պաշտոնյաների հետ), ապա այս մեկըՙ չորրորդը, փաստորեն մշակվելու էՙ հաշվի առնելով նախագահներ Քոչարյանի եւ Ալիեւի կողմից «առանձնացված պրոբլեմներն ու կարիքները»: Այս փաստն ուշագրավ է նրանով, որ այս անգամ կա՚մ Քոչարյանի, կա՚մ Ալիեւի համար ներկայացված նոր տարբերակը մերժելը հավասարազոր է դիվանագիտական պարտության: Կրկին հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ 1996 թ. Լիսաբոնում, իր վարած «կույր դիվանագիտության» հետեւանքով մեն-մենակ հակադրվեց 53 պետությունների: Չմոռանանք, հակամարտության երրորդ կողմըՙ ԼՂՀ-ն, ներգրավված չէ բանակցային գործընթացում, որքան էլ Քոչարյանը փորձի «նաեւ արտահայտել պաշտոնական Ստեփանակերտի տեսակետները», եւ կարող է մերժել: Վերջիվերջո այն, ինչն ընդունելի է մի երկրի նախագահի համար, կարող է ընդունելի չլինել տվյալ երկրի ժողովրդի համար, քանի դեռ գերտերությունները «խաղաղություն չեն պարտադրում»:

Ինչպիսի՞ն կարող են լինել նոր առաջարկները:

Դրանք կլինեն նոր այնքանով, որ հիմնականում կպարունակեն նախորդ երեք առաջարկների դրույթները: Նախորդ երեք առաջարկներում ներառված են հակամարտության կողմերի համար ընդունելի եւ անընդունելի «դետալներ»: Ամբողջ խնդիրն այն էՙ ինչքանով կարող են կողմերն առաջարկությունները համադրել իրենց երկրների ազգային շահերին: Անշուշտ, անհեթեթ է երեւակայել, որ միջնորդները կներկայացնեն մի տարբերակ, որտեղ ԼՂՀ-ն ամրագրվում է Ադրբեջանի կազմում կամ, օրինակ, ԼՂՀ-ն միացվում է Հայաստանին կամ անկախ հռչակվում:

Փետրվարի 21-ին, երբ Ադրբեջանը հանրությանն իրազեկեց մինչ այդ գաղտնի պահվող ԵԱՀԿ ՄԽ երեք նախորդ առաջարկները, «Ազգը» կարծիք հայտնեց, որ դա արվում է «զոնդաժի»ՙ հասարակության կարծիքը շոշափելու նպատակով: Այսօր արդեն կարող ենք վստահաբար նշել. Բաքուն, ապա Երեւանը «փուլային», «փաթեթային», «ընդհանուր պետություն» տարբերակները գաղտնազերծեցին հենց ԵԱՀԿ-ի խորհրդով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4