<20016502.jpg>
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երկկողմ համագործակցության հարցեր են քննարկվել Ռումինիայի ազգային պաշտպանության նախարար Իոան Միրչա Պասկուի գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի ընթացքում: Ապրիլի 9-ինՙ ռումինական պատվիրակության պաշտոնական այցի ավարտին, երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների լիազոր ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ 2001 թ. երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր:
Ծրագրի ստորագրման արարողությունից հետո երկու երկրների պաշտպանության նախարարները նշեցին, որ կողմերը կհամագործակցեն նաեւ ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ըստ Իոան Միրչա Պասկուի, երեւանյան բանակցություններում շարունակվել է 1999 թ. երկու կողմերի միջեւ ստորագրված համաձայնագրով նախատեսված համագործակցության գործընթացը:
Նշելով, որ «յուրաքանչյուր երկիր իրավունք ունի, ավելինՙ պարտավոր է գտնել այն ձեւերն ու մեթոդները, որոնք ամրապնդում են իր անվտանգությունը», ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ հայ-ռումինական համագործակցությունը լավ հեռանկար ունի:
Բացի ռազմական ոլորտից, կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների սերտացման հնարավորություններն այլ բնագավառներում:
Տնտեսական համագործակցության զարգացման առումով կարեւորվեց Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ ուղիղ օդային կապի հաստատումը: Ռումինիայի կառավարության ներկայացուցիչը նշեց Հայաստանում ռումինական կահույքի նկատմամբ եղած հետաքրքրությունը, մետալուրգիայի բնագավառում համագործակցության հնարավորությունները: Նրա հայաստանյան գործընկերն ավելացրեց, որ ժամանակին Ռումինիայից Հայաստան է ներկրվել հացահատիկ եւ նավթամթերքներ: Ըստ Սերժ Սարգսյանի, երկու պետությունների խնդիրն է ապահովել համապատասխան իրավական դաշտ եւ հնարավորություններ գործարարների մերձեցման համար: Նշվեց, որ Հայաստանի եւ Ռումինիայի գործարարների հանդիպում է նախատեսվում ընթացիկ տարվա ամռանը:
Ռումինական պատվիրակության ղեկավարը հույս հայտնեց, որ ամերիկյան բանակցությունների երկարաձգումը, ինչի պատճառով չկայացավ պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահի հետ, վկայում է ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում կողմերի դիրքորոշումների մոտեցման մասին: «Մենք երջանիկ կլինեինք, եթե պարոն նախագահը Հայաստան վերադառնար լավ լուրերով», նշեց նա, համոզմունք հայտնելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը շատ կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար: «Ես համոզված եմ, որ այդ հարցի լուծման արդյունքում կզարգանա եւ՚ Հայաստանը, եւ՚ ամբողջ տարածաշրջանը: Նույնը կարելի է ասել նաեւ Բալկանների մասին, քանի որ այնտեղ ընթացող հակամարտությունները դանդաղեցնում են տարածաշրջանի բոլոր երկրների զարգացումը», նշեց Իոան Միրչա Պասկուն: Նա տեղեկացրեց, որ վերջերս ինքը մասնակցել է Հարավարեւելյան Եվրոպայի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Մակեդոնիայի մայրաքաղաքում: Հանդիպմանը նշվել է Մակեդոնիայի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը, ստորագրվել է համատեղ հայտարարություն ալբանական ահաբեկչության դեմ եւ որոշվել է աջակցություն ցուցաբերել Մակեդոնիային:
Ռումինիայի պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ ռումինական կողմի հրավերով նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Բուխարեստ: Համաձայնություն է ձեռք բերվել նաեւ փորձագետների փոխայցելությունների վերաբերյալ, որոնց ընթացքում կկոնկրետացվեն համագործակցության ուղղությունները: