«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2001-04-06 | #64, 2001-04-07 | #65, 2001-04-10


ԿԲԱՑՎԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Ռուսաստանի կառավարության որոշման համաձայն, այս տարի Գյումրիում բացվելու է ՌԴ գլխավոր հյուպատոսություն: Սկսած ցարական իշխանության ժամանակներից, երբ քաղաքը կոչվեց Ալեքսանդրապոլ, Գյումրին էական տեղ ունի ռուս-հայկական բազմակողմ հարաբերություններում ու շփումներում:

Վերջին տարիներին դա պայմանավորված է ինչպես քաղաքի վերականգնմանը Ռուսաստանի մասնակցությամբ, այս երկրի առանձին տարածաշրջանների եւ Շիրակի մարզի միջեւ տնտեսական-գործարար կապերի աշխուժացման միտումով, այնպես էլ այստեղ որոշակի թիվ կազմող ռուսական եւ ՌԴ քաղաքացի հանդիսացող բնակչության առկայությամբ: Վերջինիս եւ քաղաքի ու մարզի համապատասխան խնդիրներ ունեցող մյուս բնակչությանը սպասարկելու նպատակով նախանցյալ տարվանից մարզկենտրոնում պարբերաբար կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի ներկայացուցչի կողմից: Նոր բացվելիք գլխավոր հյուպատոսությունը Գյումրիում կգործի մշտական հիմունքներով, նրա անձնակազմը բաղկացած կլինի ութ մարդուց: Իսկ առայժմ դիվանագիտական ներկայացուցչության շենք է ընտրվում:

Նախատեսվում է ընթացիկ տարում Շիրակի մարզկենտրոնում բացել նաեւ Իտալիայի Հանրապետության դեսպանության հյուպատոսարան, որի համար եւս այժմ լուծման ընթացքում են աշխատանքային պայմանների ստեղծման հարցերը: Հայ-իտալական դարավոր բարեկամության մի արտահայտություն էր 88-ի երկրաշարժից հետո աղետի գոտուն այս երկրի ժողովրդի ու կառավարության սրտագին աջակցությունը, Գյումրիում Ա. Մատտեի անվան համաբուժարանի, դպրոցի ու մանկապարտեզի կառուցումը եւ այլն: Գյումրիում իտալական հյուպատոսարանի բացումն ու գործունեությունը նոր որակ կհաղորդի երկկողմ տարածաշրջանային կապերին: Դիվանագիտական այս ներկայացուցչությունը կղեկավարի արդեն նշանակված պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, որը Հայաստանում է գտնվում 1988 թվականից: Իտալացի դիվանագետը նշել է, որ իրենք կձգտեն նպաստել մշակութային ու տնտեսական կապերի զարգացմանը, աղետի հետեւանքների վերացմանը: Իտալական կողմը պատրաստակամ է մասնավորապես աջակցելու մարզում գործարարության, փոքր ձեռնարկությունների ծավալմանը, համատեղ զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4