«Միասնության» ծրագիրը խոչընդոտում է ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի նպատակներին
Այս դաշինքը չպիտի ձեւավորվեր: Սակայն, ինչպես պարզորոշ երեւաց, անհատների, լիդերների խնդիրը ժողովրդի համար առավել առաջնային էր, քան ծրագրային դրույթները, քան քաղաքական գաղափարախոսությունների տարաբեւեռ լինելը: ՀՀԿ-ն լիբերալ կողմնորոշում ուներ, ՀԺԿ-նՙ արտահայտված սոցիալիստական, այսինքնՙ նրանց ջրերը մի առվով չէին գնալու:
Բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման շուրջ առաջին բախումը,. սակայն, դաշինքի փլուզման պատճառ չդարձավ, որքան էլ դրան սպասում էին վերլուծաբաններն ու քաղաքական շրջանակները: «Միասնությունն» ամեն ինչ քողարկեց եւ միայն առերեւույթ միասնական ցուցադրվելով, ընթացավ քաղաքական խարդավանքի ճանապարհով: Իրար միջեւ յոլա գնալ չկարողանալով հանդերձ, մյուս քաղաքական ուժերի հետ հարաբերվում էին որպես դաշինք, որը ստատուս քվոյի համաձայն, կառավարության կազմողն էր ու օժանդակողը: Մասնավորապես այս կեցվածքի շնորհիվ էր, որ «Կայունություն» խումբը խաբկանքի մեջ էր ընկելՙ կարծելով, թե արդեն զբաղեցրել է ՀԺԿ-ի տեղը եւ կարող է իշխանությունը կիսել հանրապետականների հետ: Սխալվեց նաեւ «Ազգային միաբանությունը», կարծելով, թե ՀԺԿ-ի հետ նոր դաշինք ձեւավորելով կարող է լուրջ ընդդիմություն դառնալ, իսկ հետո հասնել իշխանության: Բոլորովին պատահական չէ, որ հիմա մյուսների հետ «Միասնության» թեւերից հստակ քաղաքական դիրքորոշում հայտնելու պահանջով հանդես են գալիս նաեւ ներկայացված ուժերը, քանի որ խնդիրը քաղաքական մեծամասնության լինել-չլինելու, ասել է թեՙ նոր իշխանության փոխվել-չփոխվելու, կառավարության պահպանման կամ լուծարման մասին է: Սակայն այսօր, երբ կարծես հանրապետականները դաշինքի պահպանման հարցը առաջ են քաշում լրջորեն, անորոշ իրավիճակի պահպանման միտումը նույն ՀՀԿ-ի եւ ՀԺԿ-ի կողմից շարունակվում է:
Ուշադրություն դարձնենք, որ քաղաքական երկրաշարժերը երկու դեպքում էլ տեղի ունեցան այն ժամանակ, երբ հանրապետության նախագահը երկրում չէր. սեպտեմբերի 26-ին ԱԺ խոսնակին անվստահություն հայտնելու ժամանակ պաշտոնական այցով նա մեկնել էր Մոսկվա, մյուս դեպքումՙ քիվեսթյան բանակցություններին, եւ այդ ժամանակներում էր միայն, որ երկրի քաղաքական պրոցեսներում առաջ էր մղվում հանրապետականների եւ մասնավորապես վարչապետի կշիռը: Ընդ որում, երկու դեպքում էլ լուրջ փոփոխությունների նախաձեռնությունն ստանձնեցին վերջիններս: Մի դեպքում նախաձեռնեցին Արմեն Խաչատրյանի եւ Գագիկ Ասլանյանի պաշտոնանկման ստորագրահավաք, մյուս դեպքում ՀԺԿ-ին պարզապես մեղադրեցին պետության դեմ ուղղված գործողություններում: Թեեւ եթե հետադարձ հայացք նետենք, նման մեղադրանքներ ՀՀԿ-ն պիտի նետեր դեռ այն ժամանակ, երբ ԲԷՑ-երի սեփականաշնորհման մասին վերջին օրենքն էր ընդունվում, եւ ՀԺԿ-ն, ինչպես այս անգամ, նույն հարաբերակցությամբ դեմ քվեարկեց նախագծին: Մինչդեռ կրքերը բորբոքվեցին, երբ հանրապետականները, մեղմ ասած, նպաստեցին պատգամավորական նորՙ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ձեւավորմանը, երբ համագործակցության ինտենսիվ աշխատանքներ էին տարվում «Կայունության» հետ եւ վերջապեսՙ երբ երկրապահականները նորՙ «Հանրապետություն» կուսակցության հիմքերը դրեցին:
Այս ներկապնակի վրա հասկանալի է դառնում, որ ԲԷՑ-երի սեփականաշնորհման վերջին թոհուբոհը սոսկ առիթ էր ՀՀԿ-ի համար պարզորոշ ներկայացնելու, որ ինքը քաղաքական վերադասավորումների կողմնակից է եւ դրա իրական կրողն է լինելու: Սակայն վերջնագիր ՀԺԿ-ին այդպես էլ չներկայացվեց, իսկ «Միասնության» քաղխորհուրդը ոչ մի կերպ չկարողացավ որոշում ընդունելՙ լուծարել դաշինքը կամ շարունակել որդեգրած քաղաքականությունը: Եվ ՀՀԿ-ն, եւ ՀԺԿ-ն չեն ցանկանում դառնալ դաշինքի գերեզմանափորը: Երկու կողմերն էլ պնդում են, թե իրենք պատասխանատվություն են կրելու «Միասնության» ծրագրերի համար անկախ նրանիցՙ կլուծարվի՞ դաշինքը, թե՞ ոչ: Երկու կողմերն էլ չեն ուզում դուրս գալ խորհրդարանում «Միասնություն» խմբակցությունիցՙ համարելով, որ եթե ընդդիմադիրը ցանկանում է լուծարել դաշինքը, թող ուրիշ խումբ ձեւավորի: Ստեղծվել է մի վիճակ, երբ «Միասնության» ծրագիրը եւ դրա պատասխանատվությունից չհրաժարումը դարձել է դաշինքի պահպանման հանգույցը, իրավիճակը շտկելու հիմնական խոչընդոտը, քանի որ ծրագրից հրաժարվելու դեպքում երկուսն էլ կորցնում են (ՀՀԿ-ի դեպքում) Վազգեն Սարգսյանի դեռեւս ուժեղ հեղինակությունը, (ՀԺԿ-ի դեպքում) Կարեն Դեմիրճյանի մեծ ժողովրդականությունը:
Այս պայմաններում հիմնական միջոցը երկու կողմի համար մնում էր միմյանց վրա ճնշումների գործադրումը, որոնք արտահայտվեցին ծայրահեղ կոպիտ դրսեւորումներով: ՀՀԿ-ն կառավարության ստորին օղակներում փորձում է զտել ժողովրդականներին եւ նրանց հետ որեւէ կապ ունեցողներին, նրանց մեղադրում է պետության դեմ ուղղված ինչ-որ գործողությունների մեջՙ ՀԺԿ-ի համար նպաստավոր դաշտ ստեղծելով քարկոծելու իրենց եւ վարչապետին այդ անհանդուրժողականության համար:
Դաշինքի գոյության պատճառներից մեկը նաեւ այն է, որ պառակտման դեպքում իրենց ձեռքով տապալում են «Միասնության» անունից հոկտեմբերի 27-ի դատավարությանը, իրենց խոսքերով, տեր կանգնելու վստահեցումները եւ քաղաքական անկայնություն մտցնելով երկրում, պատճառ են դառնում դատավարության շուրջ շահարկումների նոր մեկնարկի: Ի վերջո չի կարելի մոռանալ, որ կողմերը գործի եւ մասնավորապես ոճրագործության կազմակերպիչների ու դրդիչների տեսանկյունից ունեն ընդգծված տարբեր մոտեցումներ: Եթե փոխադարձ սեւացումների ու մեղադրանքների հորձանուտ մտնի նաեւ այս պարագան, արդյունքը կարող է անկանխատեսելի լինել:
Երկու կողմերն էլ այս պահին թերեւս հասկանում են, որ իրավիճակը կարող է մեծապես շտկել նաեւ հանրապետության նախագահը: Քանի որ հարցը միջնորդավորված վերաբերում է նաեւ կառավարությանը, ապա վերջինս կարող է լուրջ շահագրգռվածություն ունենալ այս կամ այն կերպ հարցի լուծման մեջ: Ի վերջո սահմանադրությամբ նա է գործադիր իշխանության գլուխը: Ըստ ամենայնի, ամեն ինչ կվճռվի նախագահիՙ ԱՄՆ-ից վերադարձից հետո, եւ այդ ժամանակ էլ կարող է պարզ դառնալ, թե քաղաքական վերադասավորումներն ի՞նչ ուղղություններ եւ ի՞նչ ուժեր կարող են ընդգրկել:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ