«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2001-04-06 | #64, 2001-04-07 | #65, 2001-04-10


«ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԵՐ ԵՆ»

«Սեդ Մարսեդ»-ի քննադատության թիրախը միայն արժեթղթերի շուկայի մասին օրենքն ու հանձնաժողովը չեն

Եթե «Սեդ Մարսեդի» ինդեքսը, որը պետք է լիներ ՀՀ տնտեսության բարոմետրերից մեկը, կողմնորոշիչը հատկապես օտարերկրյա ներդնողների համար, 1-1,5 տարի առաջ միանշանակ բացասական էր, այսօր... ուղղակի չկա: Ինչպես «Ազգի» հետ զրույցում պարզաբանեց համանուն խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, կա ինդեքսի հաշվարկման երկու ձեւՙ ՊԿՊ-ների եւ կորպորատիվ արժեթղթերի շուկայի: Առաջին դեպքում կարճ գնահատականն այսպիսին է. «ՊԿՊ-ների շուկայում իջել է շահութաբերության մակարդակը, բայց որըՙ 22-23 տոկոսը, չի համապատասխանում Հայաստանի ռիսկայնության մակարդակին»: Լուծում եւս կաՙ որպեսզի ՊԿՊ-ների շուկան գրավիչ լինի, շահութաբերության մակարդակը 30-32 տոկոս պետք է լինի: Ինչ վերաբերում է երկրորդ ինդեքսին, «այստեղ ընդհանրապես ինդեքսի մասին խոսք չի կարող լինել, քանի որ ուղղակի չկա», քանի որ վերջնականապես քանդվեց ու կորցրեց իր հեռանկարը «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» «ապօրինի օրենքի» ընդունումից ու սահմանադրականությունից զուրկ հանձնաժողովի ու «ինքնակարգավորվող» բորսայի ստեղծումից հետո: Քանի որ օրերս Տ. Ջրբաշյանն ասուլիս է տվել այդ հարցի մասին, ստորեւ ներկայացնում ենք մի քանի այլ հարցերի շուրջ մեկնաբանությունները, որոնք, ինչպես միշտ հետաքրքիր են որպես պրոֆեսիոնալ, անկախ տնտեսագետի ու մասնագետի կարծիք: Այդ առումով Տ. Ջրբաշյանը հիշեցնում է «Սեդ Մարսեդի» հիմնադիր իր քեռունՙ Սեդրակ Սեդրակյանին, որի անուն-ազգանուն-հայրանունով էլ կոչվում է ինդեքսը:

«Հայաստանը աշխարհի ներդրումային քարտեզում սպիտակ կետ է, այսինքնՙ չկա»

Որեւէ ներդնող որեւէ երկիր գալուց առաջ կարիք ունի նրա մասին ամփոփ գնահատականիՙ առաջին հերթին երկրի ռեյտինգի, ռիսկայնության աստիճանի: Այսօր նախկին խորհրդային տարածքից միայն Հայաստանն ու Տաջիկստանը չունեն այդ գնահատականը, ինչպես նաեւՙ համակարգված ռազմավարական զարգացման ծրագիր: Աշխարհում գործում են երեք խոշորագույն ռեյտինգային գործակալություններՙ ամերիկյան «Standard and Poors», «Moodys» եւ ֆրանսիական «Fitch», որոնցում ռեյտինգի գնահատումը կատարվում է լուրջ վերլուծության հիման վրա: Ամբողջ աշխարհն այդ ցուցանիշների հիման վրա որոշում է տվյալ երկրի ներդրումային գրավչության աստիճանը: Հաշվի առնելով բավական սերտ առնչությունները «Standard and Poors»-ի հետ, դեռ Բագրատյանի կառավարության օրոք ընկերության կողմից բարձրացվել է ՀՀ ռեյտինգավորման հարցը, բայց մի նախկին նախարար մերժել է, նշելով, որ քանի դեռ Հայաստանը ձրի փող է ստանում ՀԲ-ից ու ՄԱՀ-ից, մեզ ոչ մի ռեյտինգ էլ պետք չէ: Եվ այսօր Հայաստանն իրականում ամբողջ աշխարհի ներդրումային շրջանակներում մի սպիտակ կետ է, դատարկ տարածություն:

Այսօր Հայաստանում քաղաքական հռչակագրերից բացի լուրջ տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրեր չլինելն արդեն ցավալի իրականություն է ու վտանգավոր: Մի կողմից խոսում ենք սոցիալական հարցերի մասին, մյուս կողմից սոցիալականի դեմ քաղաքականություն ենք իրականացնում, խոսում ենք ներդրումների մասին, բայց այնպիսի քայլեր ենք իրականացնում, որ զսպենք ներդրումների հոսքը: Տ. Ջրբաշյանը կոնկրետացրեց օրինակներով. ԱԱՀ-ի կիրառումը լիզինգում, որը ներդրման ամենազարգացած ձեւն է եւ տեխնոլոգիական վերազինման հիմնական հնարավոր տարբերակներից մեկը, ուղղակի աբսուրդ է, ինչպես նաեւՙ ԱԱՀ հարկելը սեփական կապիտալում ներդրված միջոցներից, ինչը նշանակում է որեւէ նորաստեղծ ձեռնարկության սնանկացում: «Նմա՞ն օրենքներով ենք խրախուսում ներդրումը», թե՞ «ներդրում ասելով հասկանում ենք սոսկ որպես փող», հարց է տալիս Տ. Ջրբաշյանը: Չկան նաեւ համապատասխան ինստիտուտներՙ ներդրումային հիմնադրամներ (երկու տարի առաջ ստեղծվեց «Կապիտալ» ներդրումային հիմնադրամըՙ TACIS-ի ֆինանսավորմամբ ու մեռավ), չի կայացել ապահովագրական դաշտը, կան միայն բանկերՙ իրենց ծիծաղելի կապիտալով:

Թվում էՙ ամեն ինչ կա, բայց իրականում ոչինչ չկա

Թվում է, թե Հայաստանում ամեն ինչ կա, բայց իրականում ոչինչ չկա, որովհետեւ չկա ռազմավարություն, չկան դրա ներքո քայլեր: Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե 5 տարի հետո Հայաստանն ինչ երկիր կլինիՙ ագրարայի՞ն, թե՞ արդյունաբերական, կարող է այստեղ զարգացած լինել հայթե՞քը, թե՞ լեռնահումքային ոլորտը, կարող է լինել բաց լիբերալ առեւտրական երկի՞ր, թե՞ բանկային կենտրոն: Ըստ «Սեդ Մարսեդի» տնօրենի, այդ «կարող է»-ները չի կարելի թույլ տալ: Բոլոր պրոբելեմները, որ Հայաստանում կանՙ տնտեսական, սոցիալական, քաղաքական, տարածաշրջանային եւ այլն, հենց այդ ռազմավարության բացակայությունից է: Այդ է պատճառը նաեւ, որ սփյուռքը չի տեսնում իրեն այս երկրում: Մինչդեռ երկիրը պետք է ունենա մի մեծ գլոբալ ծրագիրՙ 25-50 տարվա, ավելի կարճաժամկետՙ 5 տարվա, հետոՙ 3 տարվա, հետոՙ 1 տարվա, եւ այդ բոլորը մի ընդհանուր շղթայի առանձին հատվածները պետք է լինեն: Առաջինն այդ մասին, ի դեպ, հայտարարեց դեռ 1999-ին վարչապետ Վազգեն Սարգսյանըՙ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո:

Ընդհանապես, ըստ Տ. Ջրբաշյանի, այն, ինչ արվում է տնտեսական քաղաքականության բնագավառում, անկապ միջոցառումների ու քայլերի մի շղթա է: Օրինակ, հայտարարում ենք ակնկալվող ներդրումային նախագծերի, 1700-ամյակից սպասվող մուտքերի, 40 հազար աշխատատեղերի քաղաքական հռչակագրերի մասին, դրանից հետո նայում ենք բյուջեին ու տեսնում, որ այդ հայտարարություններից ոչ մեկն արտացոլված չէ բյուջեում: Այս ամենից հետո «Սեդ Մարսեդի» ենթադրությունը մեկն է. «Վերոհիշյալ սխալների մի մասի պատճառը դիլետանտիզմն է, մի մասըՙ անգրագիտությունը, մի մասին էլ, չնայած բարի ցանկություններին, ինչ-որ ուժեր են խանգարում, եւ արդյունքում Հայաստանի զարգացումը շատ էկլեկտիկ բնույթ է կրում»:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4