ՄՈՍԿՎԱ, 10 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող հակամարտությունը վերջին հաշվով կկարգավորվի, բայց դա հնարավոր է միայն ռուսաստանյան խաղաղարարության շրջանակներում: Ինչպես ասաց Դումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Դմիտրի Ռոգոզինը, Ռուսաստանը «այդ տարածաշրջանում էլ է աշխատում պատասխանատվությամբ, լիովին կատարելով իր պարտավորությունները, ուստի եւ չպետք է հեռանա Լեռնային Ղարաբաղին առնչված կացության կարգավորման հարցի լուծումից»:
Ռոգոզինի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցություններում նոր միջնորդներ ներգրավելը «միայն բարդացնում է իրավիճակը»: Այդ մասին նա այսօր ասաց ԻՏԱՌ-ՏԱՍՍ_ի թղթակցինՙ մեկնաբանելով ԱՄՆում կայացած հայ_ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները:
Ըստ Դմիտրի Ռոգոզինի, հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին օրերս Քի Վեսթ քաղաքում տեղի ունեցած բանակցությունների հերթական փուլն ավարտվեց անարդյունք: Խոսելով անհաջողության պատճառների մասին, պատգամավորը մասնավորապես նշեց, որ մեկնարկային պայմանները, որոնց շուրջ նախապես պայմանավորվել էին երկու կողմերի հետ, տակավին խիստ տարբերվում են»: «Ակներեւ է, որ բանակցությունների ներկայիս փուլում կողմերը անչափ հեռու են փոխզիջումից», հայտարարեց նա: