ԲԱՔՈՒ, 10 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի ընդդիմությունը երկրի իշխանություններին արդեն մեղադրում է կապիտուլյացիայի քաղաքականության համար: Հնչում են Ղարաբաղը չզիջելու հայտարարություններ:
Ալիեւի նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն վստահ է, որ Փարիզում Քոչարյանն ու Ալիեւը համաձայնության են եկել գլխավոր հարցերում ու որոշել են վերջնական փաստաթուղթը գաղտնի պահելՙ այն համանախագահների անունից ներկայացնելու համար: Պատասխանելովՙ ի՞նչ է կարծում զիջումների մասին հարցին, նա ասել է. «Ո՚չ Հայաստանը, ո՚չ էլ Ադրբեջանը գոհ չեն մնա համաձայնագրերից: Որքան ես գիտեմ, Վաշինգտոնն առաջարկել է Մոսկվային ապահովել կայունություն եւ երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի անվտանգությունը, որպեսզի հնարավոր լինի ուժի մեջ մտցնել համաձայնագրերը: Եթե Ռուսաստանը որպես համանախագահ կատարի իր պարտականությունները, խաղաղությունը կարող է մոտ ապագայում վերականգնվել»:
«Մուսավաթ» կուսակցության քաղաքական մեկնաբանն ասել է, թե ինքը չի հավատում, թե որեւէ համաձայնություն է կայացվել, իսկ կուսակցության թերթում մոտավորապես այն միտքն է արտահայտվում, որ խաղաղության միջնորդության գործում Ղարաբաղի հարցը դառնում է Ջորջ Բուշի առաջին փորձաքարը, ինչը կարող է ավարտվել լիակատար տապալմամբ:
Ադրբեջանական «Հյուրիեթը» կարծում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին աստիճանաբար դուրս է նետում խնդրի կարգավորման գործընթացից:
Նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի կարծիքով, հարկ է, որ հենց այսօր Ալիեւը վեր հանի գաղտնի բանակցությունների գոնե որոշ մանրամասներ: Ադրբեջանի խորհրդարանի նախկին նախագահ Ռասուլ Գուլիեւը կարծում է, որ Քի Վեսթը չի լինելու Ադրբեջանի օգտին: