Երեւանի փողոցներով քայլելիս (օրինակՙ Աբովյան, Հանրապետության) երբեմն այնպիսի մտահղացումների ենք հանդիպում, որ պարզապես շփոթվում ենք: Նորմալ եւ բնական է, երբ ջրհորդաններով ջուրը տանիքից իջնում է գետնին եւ լցվում ջրատարները:
Սակայն մերօրյա «նորարարություններից» մեկն էլ այն է, որ շինություններիՙ անձրեւաջրերի համար նախատեսված խողովակները չեն հասնում գետնին, այլ երբեմն հենց տանիքից, երբեմն երրորդ, երկրորդ հարկերից ցցվում են օդի մեջ: Հետաքրքիր է, Երեւանի գլխավոր ճարտարապետը քայլո՞ւմ է քաղաքի փողոցներով, եւ եթե այո, չի՞ տեսնում այդ անճոռնիությունը: Գուցե նույնիսկ գեղեցի՞կ է համարում: Եթե նույնիսկ «գեղեցիկ» է, ապա որքանո՞վ է հարմար: Այժմ գարուն է, անձրեւներ հաճախ են լինում: Իսկ մի քանի մետր բարձրությունից մայթի մեջտեղը թափվող անձրեւաջուրը չի թողնում, որ մարդիկ մայթերով քայլեն: Ստիպված քայլում են փողոցովՙ դժվարացնելով ե՚ւ իրենց, ե՚ւ մեքենաների երթեւեկությունը: Հավանաբար «նորարարները» այնքան են հիացած օդում ցցված խողովակների գեղեցկությամբ, որ մտածում ենՙ ոչինչ, անձրեւները քչացել են եւ սեզոնային են, մարդիկ կդիմանան:
Ա. Ա.