Անլուծելի հարցերը, որքան էլ անցյալ դառնան, շարունակում են մնալ օրակարգում, քանի դեռ չեն գտել իրենց լուծումը: Այս ճշմարտությանը հավելենք եւս մեկը, եթե մի սխալը ժամանակին չի կանխվում, պատճառ է դառնում սխալների մի անվերջանալի շղթայի, ինչն ավելի անհավանական է դարձնում լուծումը: Արդեն 6 տարի ասես հողմաղացի դեմ պայքարողի դեր ստանձնած լինի Հայաստանի նկարիչների միությունը, որն իր երբեմնի նախագահ Պողոս Հայթայանի կամայականության «շնորհիվ» կորցրել է միության շենքին կից տարածքի սեփականության իրավունքը, եւ մինչ օրս ապարդյուն փորձում է վերադարձնել...
1995-ի օգոստոսին նկարիչների միության երբեմնի նախագահ Պողոս Հայթայանն ու վարչության անդամները մի որոշում են կայացնում, համաձայն որի մշակութային կենտրոն հանդիսացող այդ տարածքըՙ 6 հազ. քառ. մետր ընդհանուր ծավալով (ներկայումս տարածքը զբաղեցնում է պարսկական «Մելլաթ» բանկը), վաճառքի են հանում, իսկ իրենց որոշումը հիմնավորում են այն պատճառաբանությամբ, թե միությունը նյութական կարիքի մեջ է, տարածքին առնչվող ո՚չ մի շինարարական, վերանորոգման աշխատանք չի կարող կատարել: Միության անդամների կարծիքը, բնականաբար, ոչ ոք չի հարցնում. հանկարծ կարող էին խոչընդոտել ու գործը «փչացնել»: Գործարքը կնքում են սուսուփուս, եւ տարածքը վաճառվում է Պ. Հայթայանի մտերիմ ընկերոջըՙ ոմն Աղաբեկյանի, որն այդ պահին տնօրենն էր «Աղաբեկյան եւ Բեգ-ինթերնեյշնլ» կոչվող մի ընկերության (ինչպես ավելի ուշ պարզվում է, ընկերությունը միայն թղթի վրա գոյություն ուներ): Համաձայն պայմանագրիՙ տարածքը վաճառվում է 300 հազ. դոլարով, եւ գնորդը պարտավորվում է 2 տարվա ընթացքում վճարել ամբողջ գումարըՙ 30 հազ. դոլարի կանխավճար տալով: Պողոս Հայթայանն էլ ստանում է իրեն «հասանելիք» 20 հազ. դոլարի կաշառքը, ինչի համար ավելի ուշ կալանվելով, խոստովանություն է անում: Ինչ վերաբերում է տարածքի նոր տիրոջըՙ Աղաբեկյանին, ապա նրա վճարումներն այդքանով ընդհատվում են, իսկ Հայթայանը փոխանակ պայմանագիրը չեղյալ հայտարարելու, եւս 2 տարով երկարաձգում է: Իսկ Աղաբեկյանն իր հերթին դիմում է Ագրոբանկինՙ 250 հազ. դոլարի վարկ ստանալու խնդիրքով: Տարածքը գրավ է դրվում, եւ քանի որ Աղաբեկյանը չի վերադարձնում պարտքըՙ նրա սեփականությունը հանդիսացող 6.000 քառ. մ-ն անցնում է Ագրոբանկի տնօրինությանը: Վերջինս էլ տարածքը վաճառում է «Մելլաթ» բանկինՙ ստանալով 450 հազ. դոլար:
Այսպիսին են այն փաստերը, որոնք երեկ լրագրողներին ներկայացրեց նկարիչների շահերի պաշտպանությունը ստանձնած իրավաբան Պուշկին Սերոբյանը: «Փաստորեն գործարքների այս շղթայում շահել են բոլորը, բացի նկարիչներիցՙ տարածքի իսկական տերերից», ասաց նա: Շարունակելով փաստերի շարադրումըՙ նա նշեց. «Հայթայանն, ըստ էության, անպատիժ մնաց, քանզի դատապարտվելով 8-ամյա ազատազրկման, պատժաչափը չկրեց: Աղաբեկյանը քաղաքից անհետացավ եւ ներկայումս գտնվում է հետախուզման մեջ, նա եւս առայժմ անպատիժ է մնացել...»:
Գործի հետագա ընթացքը ներկայացրեց նկարիչ Սուրեն Մուրադյանը, որն այս տարիների ընթացքում տասնյակ դռներ է բախելՙ ակնկալելով, թե հարցն ի վերջո կլուծվի, եւ տարածքը կվերադարձվի օրինական տերերինՙ նկարիչներին: «Հարցի լուծման ինչ-ինչ երաշխիքներ ստացա երբեմնի գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանից. նա աջակցում էր մեզ եւ մեր պահանջն արդարացի համարում: Սակայն հաշված օրեր հետո Խաչատրյանն սպանվեց, իսկ նորանշանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վերջնականապես փակված համարեց գործը», պատմեց նկարիչը: Կարեն Աղամյանըՙ նկարիչների միության ներկայիս նախագահը, լրացրեց գործընկերոջըՙ պատմելով, որ իրենց քաղաքացիական հայցադիմումը մերժվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշի առաջին ատյանի դատարանում: Վաղը գործը քննելու է վճռաբեկ դատարանը: Ինչպես նշեց միության նախագահը, նկարիչներն ապօրինությունների, կաշառակերության ու կամայականությունների այս շղթայից հոգնած, ակնկալում են փոխհատուցումՙ տարածքային կամ գումարային:
ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ