Պետությունը դժվարությամբ է պայքարում ոլորտի գործարարների դեմ
Երբ ընդունվում էր համապատասխան օրենքը, Անդրանիկ Մանուկյանը համոզում էր, որ եթե ներմուծվող դեղերը մաքսակետերում հարկվեն, սահմանին ցույց կտրվի դեղերի իրական ինվոյսային արժեքը: Դա հնարավորություն կտա երկրի ներսում իջեցնել դեղերի գները, քանի որ եթե դրանք բարձրացվեն, դեղագործները ստիպված կլինեն ավելի մեծ չափերով շահութահարկ մուծել: Մինչդեռ, ինչպես դեղագործներն ապացուցեցին, ամեն ինչ այդքան հեշտ չէ:
ԱԺ առողջապահության, սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադեւոսյանի տվյալներովՙ մինչեւ օրենքի ընդունումը դեղերի ներմուծմամբ զբաղվում էին 143 տեղական ընկերություններ, 60 օտարերկրյա ֆիրմաներ, որոնք հարկման սահմանումից հետո միանգամից բարձրացրին դեղերի արժեքը, եւ արդեն չորրորդ ամիսը գների նույն մակարդակը պահպանվում է: Զուգահեռ մոտ 50 տոկոսով կրճատվել է նաեւ դեղերի ներմուծման ընդհանուր ծավալը: Առողջապահության փոխնախարար Արտակ Զեյնալյանի հավաստմամբ, ներկրումները հիմնականում դադարեցրել են Արեւմտյան Եվրոպայի մի շարք ֆիրմաներ:
Դեղագործների միության անդամ, ԱԺ պատգամավոր Ղուկաս Ուլիխանյանի տվյալներով, այս պահին դեղ են ներկրում միայն 21 ընկերություններ, որոնք հավելյալ ֆինանսական միջոցներ ունեն:
Չնայած ներմուծման ծավալների անկմանը, երկրում դեղերի դեֆիցիտ չի նկատվում: Դա կարող է բացատրվել միայն նրանով, որ ոլորտն աստիճանաբար ձեռք է բերում ստվերայնություն: Զեյնալյանի հավաստմամբ, դեղատներում զարտուղի ճանապարհներով հայտնվում են ոչ միայն երկրում չգրանցված, այլեւ գրանցված դեղատեսակներ: Գաղտնիք չէ, որ օրինական ներմուծման հետ մուտք է գործում նաեւ մաքսանենգ դեղորայք, որը բավարարել է պահանջարկը: Ստացվում է այնպես, որ ներկայումս դեղորայքի ոլորտը չի կորցրել (կամ հակառակըՙ ձեռք է բերել) ահռելի շահութաբերությունը: Պետեկամուտների նախարարության ներկայացրած տեղեկանքով վաճառվող դեղատեսակների գները ինվոյսային արժեքից բարձր են 2_7 անգամ: Սակայն հաշվառման բացակայության պատճառով այս ահռելի շահույթներից շահութահարկ չի գանձվել: Եթե այս բիզնեսի ներկայացուցիչները չիջեցնեն գները, եկամուտների նախարարությունը խոստանում է ապրիլի 2-րդ կեսից գանձել շահութահարկը: Ակնհայտ է, սակայն, որ մինչ այդ գները չեն նվազելու:
Դեղագործների միության նախագահ Մարգարիտ Վարդանյանը, սակայն, իրենց բիզնեսը շահութաբեր չի համարում: Ավելինՙ իր ընկերությունը, ըստ նրա, անցյալ տարի նույնիսկ վնասով է աշխատել: Իսկ ավելացված արժեքի հարկի ներդրումը տրամաբանորեն պիտի հանգեցներ գների բարձրացմանը, որովհետեւ եթե իրենցից գումար են վերցնում, պիտի մի ձեւով վերադարձնել, որպեսզի վնաս չկրեն: Իսկ ներմուծման ծավալների նվազումը, նրա խոսքերով, պայմանավորված է ոլորտում ազատ ֆինանսների բացակայությամբ: Դեղ ներմուծողները ստիպված են լինում բարձր տոկոսներով բանկերից կրեդիտ վերցնել եւ որպեսզի դրանք կարողանան ետ վերադարձնել, դարձյալ բարձրացնում են դեղորայքի գները: Տիկին Վարդանյանի խոսքերով, եթե ոլորտը շահութաբեր է, ապա ինչու են, ասենք, շաքարավազի բիզնեսից գալիս դեղորայքի ոլորտ: Մինչդեռ նկատենք, որ հարցը կարելի է հակառակ պաստառով ներկայացնել. եթե դեղորայքի բիզնեսը շահութաբեր չէ, ապա ինչո՞ւ են շաքարավազի բիզնեսից թափանցում դեղորայքի ոլորտ:
Մեր երկրում ամերիկյան դեղագործական «Դելայլեյլի» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սիլվա Բարսեղյանը հարցն այլ տեսանկյունից է դիտարկում: Ըստ նրա, արտասահմանյան ֆիրմաները չեն կարող դեղ ներմուծել հարկային ծանրաբեռնվածությամբ մի երկիր, որի շուկան այդքան էլ մեծ չէ, գնողունակությունը նվազագույն է, եւ որի անմիջական հարեւանը դեղ է ներմուծում առանց հարկման: Բնական է, որ ֆիրմաների ուղղվածությունը թեքվում է դեպի այլ երկրներՙ մասնավորապես Վրաստան: Այսինքնՙ միանգամայն տրամաբանական է, որ որոշ արտասահմանյան ֆիրմաներ դադարեցրել են դեղերի ներկրումը Հայաստան:
Պատճառաբանությունները, սակայն, պետության կողմից չեն ընդունվում: Պետեկամուտների նախարարը կարծում է, որ գների բարձրացումը միայն կազմակերպված սաբոտաժի հետեւանք է, որ կարող էր արդյունք տալ միայն, եթե ոլորտում առկա են մաֆիային հատուկ տարրեր: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ ազատ շուկայական պայմաններում որեւէ ընկերություն չի իջեցնում իր ներմուծած դեղերի գներըՙ սպառման ավելի լայն շրջանակներ որսալու համար: Կամ, ասենք, պետեկամուտների նախարարը չի կարողանում հասկանալ, որ եթե ընկերությունն առողջապահության ոլորտում մոտ 50 հազար դոլարի բարեգործական օգնություն է իրականացնում, ինչպե՞ս կարող է բողոքել հավելյալ գումարների բացակայությունից: Նշանակում է, գործում է մոնոպոլիա, որն ինքն է տնօրինում դեղորայքի գնային քաղաքականությունն ու առաջարկը:
Բացի դրանից հարց է առաջանում, թե ինչու մինչեւ ԱԱՀ-ի ներդրումն այս ընկերությունները ֆինանսների բացակայությունից չէին բողոքում, եւ պատճառաբանությունը ներկայացվում է միայն հիմաՙ պետության հետ ունեցած բախումների համատեքստում: Սրանք հարցեր են, որոնց դեղի բիզնեսի ներկայացուցիչները պատասխան չեն տվել:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ