«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2001-04-07 | #65, 2001-04-10 | #66, 2001-04-11


ՄԵՂՐԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՍՏՐԿՈՒԹՅԱՆ ԵՆՔ ՏՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻՆ

«ԽՍՀՄ միջոցներով դուք ճանապարհ եք կառուցում ՆԱՏՕ-ի համար», հիշում է Ալեքսան Կիրակոսյանը

Պատմում է խորհրդային տարիներին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին դեմքերից, 80-ական թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդի առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանը. «Ջրովի հողատարածքներն ավելացնելու եւ բերրիությունը բարձրացնելու վերաբերյալ մեր պահանջով ԽՄԿԿ կենտկոմը եւ Մինիստրների խորհուրդը 1977 թ. հոկտեմբերին որոշում էին ընդունում: Մենք ունեինք հազարավոր հեկտար հողատարածքներ Հոկտեմբերյանի շրջանում, որոնք գտնվում էին պաշտպանության նախարարության հսկողության տակ: Ես գնացի Մոսկվա, գլխավոր շտաբի պետ, մարշալ Ագարկովի մոտ եւ առաջարկեցի այդ տարածքները ազատել, որպեսզի մենք կարողանանք այդ հողերը մշակել: Նա շատ վատ ընդունեց լուրը եւ սկսեց բարկանալ. ինչպե՞ս կարելի է Անդրկովկասի զինվորական օկրուգի ամենամեծ կրակադաշտերից մեկը վերացնել: Բացատրեցիՙ հողատարածքներ չունենք, ջրովին քիչ է: Ագարկովը կտրականապես մերժեց: Ասացիՙ կրակադաշտի համար կարող ենք տեղ հատկացնել Թալինի շրջանում, 50 տոկոս ծախսերն էլ Հայաստանը կհոգա: Մերժեց: Ես այդ ժամանակ ասացի, որ դուք չեք ուզում մի փոքր ծախս կատարել եւ Հայաստանին օգնել այն պարագայում, երբ ԽՍՀՄ-ի միջոցներով ճանապարհ եք կառուցում ՆԱՏՕ-ի համար: Ագարկովը զարմացած ինձ նայեց, բարձրացավ տեղից եւ առաջարկեց անցնել կողքի սենյակ: Մարշալը բացեց մեծ քարտեզը, ասացՙ խնդրում եմ ցույց տվեքՙ ինչի՞ մասին է խոսքը: Բացատրեցի, որ ադրբեջանցիները Զանգեզուրում ճանապարհ են կառուցում, ուզում են Նյուվադիով, ապա Մեղրիով կապվել Օրդուբադին: Ասացի, որ այդ ճանապարհով Ադրբեջանը Նախիջեւանով միանում է Թուրքիային, եւ ՆԱՏՕ-ի զորքերը ցանկացած պահի այդ ճանապարհով կարող են հասնել Բաքու: Ասացՙ ինձ նման ճանապարհի կառուցման մասին տեղեկություններ հայտնի չեն: Ասացիՙ տարօրինակ է, որ գլխավոր շտաբի պետը տեղյակ չէ, երբ ճանապարհը կառուցվում է»:

Խնդրին մոտիկից ծանոթանալու նպատակով Մոսկվայից 16 հոգանոց փորձագետների պատվիրակություն է ժամանում Հայաստան: Հանձնաժողովը ուսումնասիրում է ճանապարհը եւ տալիս խիստ բացասական գնահատականՙ կառուցել չի կարելի: Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիեւը երկրորդ անգամ է համոզում Լ. Բրեժնեւին: Հայաստան է ժամանում փորձագետների նոր պատվիրակություն եւ ճանապարհի կառուցման համար տալիս դրական եզրակացություն: Ալեքսան Կիրակոսյանի պատմելով, Բրեժնեւը զանգել էր պաշտպանության նախարար Ուստինովին, ապա Ագարկովին եւ ասել. «Ինչո՞ւ եք նեղացնում Ալիեւին»:

«Հայաստան եկավ Ադրբեջանի Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Սեյիդովը, միասին գնացինք Մեղրի: «Վիլիսի» վարորդին կարգադրեցի քշել ուղիղ Արաքսի ափով, քարերի վրայով: Սեյիդովին, որը հայերեն շատ լավ գիտեր, ասացիՙ սա է ճանապարհը, որ ուզում եք կառուցել:

Մի փոքր գնալուց հետո Սեյիդովը գունափոխվեց, խնդրեց կանգնեցնել մեքենան: Արդեն գետն էինք ընկնում: Ասացիՙ սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա:

Հետագայում բազմիցս փորձեր արվեցին, բայցՙ անհաջող: Ադրբեջանցիներն էդ ճանապարհը չկարողացան կառուցել», հիշում է Ալեքսան Կիրակոսյանը:

Վերջին տարիներին շատ է խոսվում Մեղրին Լաչինով փոխանակելու մասին: Անշուշտ, այդ խոսակցությունները օդից չեն վերցված: Այլ բան, որ դրանք երբեմն չափազանցվում են, օգտագործվում ներքաղաքական նպատակներով: Մեղրին Լաչինով փոխանակելը, որն ընդունված է անվանել «Գոբլի ծրագիր», քննարկվել է մեկ տարի առաջ նախագահ Քոչարյանի մակարդակով (նախագահն ինքն է ասել), քննարկվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես կոմունիստական Հայաստանի 70 տարիներին: «Գոբլի ծրագիրը» պանթուրքական երազանքների մի մասն է, շատ կարեւոր մասը: Մեղրին շատ թանկ է, անգին: Այն կորցնելու դեպքում մենք ստրկության ենք տրվում թուրքական աշխարհին:

Պրն Կիրակոսյանի հետ երկար զրուցեցինք: Նա պատմեց, որ Մեղրիի փոխանակման հարցը միշտ էլ քննարկվել է: 70 տարիներին Մեղրիի դիմաց ադրբեջանցիները համաձայն են եղել մի քանի անգամ մեծ տարածքներ տրամադրել մեզ, նույնիսկՙ Նախիջեւանի կեսը: Սակայն Հայաստանի եւ ոչ մի կոմունիստ ղեկավար նման «զոհողության» չի գնացել: «Դու գիտե՞ս, որ Մեղրիի տարածքով անցնող երկաթուղին, Մեղրիի կայարանը վերահսկվում էին Ադրբեջանի երկաթուղու վարչության կողմից: Երեւան-Բաքու երկաթուղուցՙ Մինջեւանից մի ճյուղ էր հասնում Ղափան: Այդ ամբողջ հատվածը, ինչպես նաեւ Ղափանի կայարանը վերահսկվում էր Ադրբեջանի կողմից», ասում է Ալեքսան Կիրակոսյանը:

Անկեղծ ասած, չգիտեի: Կարծում եմՙ մեր ընթերցողներից շատերը եւս տեղյակ չեն: Հարցնում եմ. «ԽՍՀՄ ժամանակներում հնարավո՞ր էր Մեղրին բռնի կերպով, ինչպես ԼՂ_ն եւ Նախիջեւանը, հանձնել Ադրբեջանին»: «Իհարկե, հնարավոր էր: Բայց ԽՍՀՄ ղեկավարությունը միայն նրա համար չէր, որ Թուրքիայի շահերին նպաստող քայլեր կատարեր: ԽՍՀՄ-ն ուներ ի՚ր ազգային շահերը», ասում է պրն Կիրակոսյանը եւ ավելացնում. «Մեղրին ռազմավարական վիթխարի նշանակություն ունի: Մեղրիում շոշափվում են Իրանի, Ռուսաստանի կենսական շահերը: Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակիցներ ենք, Ռուսաստանը Իրանի հետ ռազմավարական դաշնակից է: Անհնար է Մեղրին հանձնել: Դա կնշանակի, որ մենք Իրանի հետ հարաբերություններ չենք ունենա:

Այս օրերին շատ է խոսվում Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերաբացման մասին, ինչպեսՙ Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Բաքու, Կարս-Գյումրի երկաթգծերի: Ալեքսան Կիրակոսյանը կարծում է. «Երկաթգծերը, ճանապարհները կարելի է բացել, բայց մեկ պայմանով. ճանապարհների, երկաթգծերի այն հատվածները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, պետք է վերահսկվեն Հայաստանի կողմից: Ասացի, որ այն ժամանակ երկաթուղու Մեղրիի հատվածը, Մեղրիի կայարանը վերահսկվում էր Ադրբեջանի կողմից: Այդպես չի կարելի, ինչպես աշխարհում է ընդունված, մեր տարածքով անցնող երկաթգծի, կայարանների տերը Հայաստանն է. Ադրբեջանի տարածքումՙ Ադրբեջանը: Բայց ինձ թվում է, տարանցիկ ճանապարհների հարցը կարելի է լուծել ԼՂ հարցի հետ, համալիր ձեւով: Մեղրիի երկաթուղին կարելի է բացել պայմանով, որ Թուրքիան բաց անի Մարգարայի եւ Ախուրյանի սահմանային դռները, եւ այդ ամենը պետք է ամրագրվի պետական պայմանագրերով»:

Ալեքսան Կիրակոսյանի կարծիքովՙ երկաթուղու բացումը կօգնի Մեղրիի տարածաշրջանի զարգացմանը: Նա հիշում է, որ խորհրդային ժամանակներում Մեղրին զարգացնելու մասին երկու օրենք էր ընդունվել, բնակիչներին տրվում էին արտոնյալ պայմաններ, գյուղացիների բերքը պետությունը գնում էր բարձրՙ «մոնոպոլ» գներով: Մեղրիի նկատմամբ «հոգատար» էր նաեւ Ադրբեջանը: Այնտեղ բնակվող ադրբեջանցիներիՙ յուրաքանչյուր նոր ծնված երեխայի «մոլլան 5000 ռուբլի էր տալիս»:

Ինչպե՞ս է պատկերացնում ԼՂ հարցի կարգավորումը խորհրդային ժամանակների Հայաստանի պետական գործիչը. «Իմ անձնական տեսակետներով, այսօր քննարկվող տարբերակները Հայաստանին չեն բավարարում: Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Շուշիի մասին են խոսում: Ով տիրապետում է Շուշին, նա տիրապետում է Ղարաբաղը: Ով տիրապետում է Ղարաբաղը, նա տիրապետում է Զանգեզուրը: Լաչինի, Քելբաջարի մասին խոսք լինել չի կարող: Զանգելանի մի մասը պետք է միացվի Հայաստանին: Աղդամի, Շահումյանի, Գետաշենի մասին խոսք լինել չի կարող: Սրանք անվտանգության երաշխիքներ են: Քռի ձախ ափին 200 հայկական գյուղ ունեինք: Ադրբեջանում 1 մլն հայ էր բնակվում: Ո՞ւր են այդ հայերը: Մենք չկարողացանք քարոզչական պատերազմում ասել, որ այս հողերը մերն են: Լեւոն Տեր_Պետրոսյանը երբ իմացավ, որ Շուշին ազատագրել ենք, գույնը գցեց: Պետք է Քյուրդամիրն ու Եվլախը եւս ազատագրեինք»:

Ալեքսան Կիրակոսյանը սրտնեղում է. «Մենք քարոզչական պատերազմում տանուլ ենք տվել: Ալիեւի իշխանության ժամանակ 179 հազար հայեր տեղահանվեցին Խորհրդային Ադրբեջանից: Անդրկովկասում Թիֆլիսից հետո Շուշին մշակութային երկրորդ կենտրոնն էր: Այսօր ով է հիշում, որ նահանգապետ Սուլթանովը տասնյակ հազար հայեր կոտորեց: Ամբողջությամբ սրի քաշվեց Շուշիի հայ բնակչությունը...»:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4