Այցը նվիրված է 1700-ամյակին
Ռուսաստանի ԶԼՄ-ների աննախադեպ հզոր «դեսանտ» է ժամանում այսօր Հայաստան: ՌԴ առաջատար խմբագրությունների ղեկավարների ու աշխատակիցների այդ խումբը գլխավորում է Ռուսաստանի լրատվական հեռագրական գործակալության (ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի) գլխավոր տնօրեն Վիտալի Իգնատենկոն: Նրանց հետ կժամանի ՌԴ մամուլի ու ԶԼՄ-ների փոխնախարար Վլադիմիր Գրիգորեւը: Դրա մասին մեզ Մոսկվայից հեռախոսով հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ դեսպան Սպարտակ Կոստանյանը: Այցը, որ կազմակերպել է ռուսահայերի այդ միությունը, նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին:
ՌԴ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կընդունի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հյուրերը կլինեն նաեւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնում, նրանց կընդունի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հայ եկեղեցու ռուսաստանյան թեմի առաջնորդ Տ. Եզրաս վրդ. Ներսիսյանը եւս ժամանում է Հայաստան:
Պատվիրակության կազմում են Ռուսաստանի հանրային հեռուստատեսության (OPT) գլխավոր պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսեւը, «Մոսկովսկիե նովոստի» թերթի գլխավոր խմբագիր Վիկտոր Լոշակը, «Նովոյե վրեմյա» շաբաթահանդեսի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Պումպիանսկին, ռուսաստանյան այլ հրատարակությունների ներկայացուցիչներ: Երեւանում կաշխատեն OPT-ի եւ «ՏՎ_ցենտր» հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը:
Հյուրերը հինգշաբթի օրը կտան մամլո ասուլիս:
Նախորդ տարիներին Հայաստանում եղել են ՌԴ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, սակայն նման բարձր մակարդակի պատվիրակություն հանրապետություն է գալիս առաջին անգամ:
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից «Ազգի» համար