Երեկ պաշտոնական այցով Անկարա ժամանեց Իսրայելի արտգործնախարար եւ փոխվարչապետ Շիմոն Պերեսը: Թուրքական պետհեռուստատեսության հաղորդման համաձայն, Չանքայայի նստավայրում նրան ընդունեց Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, ապա վարչապետ Բյուլենթ Էջեւիթը: Այնուհետեւ Պերեսը հանդիպեց իր թուրք գործընկերոջըՙ Իսմայիլ Ջեմին: Վերոհիշյալ աղբյուրը նշեց, որ Պերեսը Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումներում քննարկել է միջինարեւելյան խաղաղ կարգավորմանն առնչվող խնդիրներ:
Ակնհայտ է, որ Միջին Արեւելքում խաղաղ կարգավորումը Իսրայելը Պաղեստինի միակողմանի զիջումներով է պայմանավորում: Եթե ԱՄՆ-ը ենթադրվող զիջումները պաղեստինցիներին պարտադրելու համար տարածաշրջանում Իսրայելի ռազմական գերազանցությունն է ապահովում, ապա Թուրքիան վերջինի հետ ռազմական եւ ռազմավարական դաշինքի մեջ ամեն կերպ նպաստում է, որ արաբ-իսրայելական հակամարտությունը սահմանափակվի պաղեստինցիների հետ իսրայելցիների հակամարտության շրջանակներով: Այդ ընթացքում անխուսափելի է դառնում իսլամական, առավել եւս արաբական աշխարհից Թուրքիայի մեկուսացումը:
Ներկա փուլում իսրայելա-պաղեստինյան հարաբերությունների լարվածությունը սրվում է: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ֆինանսական ճգնաժամը կազմալուծման շեմին է կանգնեցնում նրա տնտեսությունը: Դրությունը գոնե մասնակիորեն փրկելու համար թուրքական կառավարությունը առնվազն 15 մլրդ դոլարի ֆինանսական օգնության կարիքն է զգում: Ուրեմն Շիմոն Պերեսի այցն Անկարա ժամանակացույցի առումով կարեւոր նշանակություն է ստանում: Հատկապես, երբ ամերիկացիները զլանում են պահանջվող գումարը տրամադրել Թուրքիային: Իսրայելը վերջինին, ինչ խոսք, 15 մլրդ դոլար չի տրամադրի, բայց միանգամայն կարող է նպաստել, որ ամերիկացիները տրամադրեն: Դրա համար անհրաժեշտ է, որ Թուրքիան իր հերթին Իսրայելի պաղեստինյան քաղաքականությանը նպաստի: Հետեւաբար, Պերեսն Անկարայում Թուրքիայի ղեկավարների հետ ոչ թե միջինարեւելյան խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներ է քննարկել, այլ Պաղեստինի հարցում թուրքական կառավարությունից պահանջել է ի նպաստ Իսրայելի նոր ձեռնարկումներ: Դա, ըստ երեւույթին, Թուրքիային շողոքորթելու պարտավորության առջեւ է կանգնեցրել Պերեսին, որպեսզի վերջինը ցեղասպանության հարցում պաշտպանի Թուրքիայի թեզերը:
Անկարա մեկնելուց առաջ, ինչպես վկայում է թուրքական պետհեռուստատեսությունը, Պերեսը հանդես է եկել հայտարարությամբ, մասնավորապես ասելով. «Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Անիմաստ է պնդել, թե հայերը հրեաների նման ցեղասպանության են ենթարկվել: Ցեղասպանության հարցում հայերի նույնացումը հրեաների հետ անընդունելի է: Պատմությունը չի կարելի խեղաթյուրել»:
Ժողովրդական առածն ասում է. «Ձեռքը ձեռք է լվանում»: Հարցը սակայն առածը չէ, այլ պատմությունը պատմաբաններին թողնելու Պերեսի հայտարարությունը: Թերեւս կարելի էր հավատալ դրա անկեղծությանը, եթե նա, լինելով արտգործնախարար, պատմությունը խեղաթյուրելու կարծիք չհայտներ: Չէ՞ որ Պերեսը դրանով պատմաբանի կեցվածք է ընդունում: Եթե նա պատմաբան չէ, ապա Հայոց ցեղասպանության հարցն է քաղաքական: Ուրեմն դա չի կարելի պատմաբանների հայեցողությանը թողնել:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ