«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2001-04-07 | #65, 2001-04-10 | #66, 2001-04-11


ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄ, ՈՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

<20016604.jpg>

Նախագահներ Ալիեւի եւ Քոչարյանի քիվեսթյան բանակցություններն ավարտվեցին «մեծ հաջողությամբ»: Հենց այսպիսի գնահատական են տալիս ամերիկացի դիվանագետները ԼՂ հակամարտության կարգավորման հայ-ադրբեջանական բանակցություններին, որոնց ընթացքում, նրանց համոզմամբ, հաջողվեց հասնել «առավելագույն հնարավոր արդյունքների»:

Քիվեսթյան բանակցությունների հիմնական արդյունքը բանակցությունների մասնակիցների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ ԼՂ հակամարտության կարգավորման նոր համապարփակ նախագծի մշակումն է, որի շուրջ պետք է սկսվի բանակցային նոր գործընթաց: Անվերջ ուղղակի եւ «մաքոքային» բանակցություններին սկիզբ կդրվի Ժնեւում, որտեղ հունիսին նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը: Սպասվում է, սակայն, որ մինչեւ Շվեյցարիա մեկնելը Քոչարյանն ու Ալիեւը կհանդիպեն Մոսկվայում: Նման հանդիպումը, ինչպես պնդում են փորձագետները, առաջին հերթին պետք է Մոսկվային, որին Քի Վեսթում լուրջ մարտահրավեր նետվեց: Վերջինիս էությունը հետեւյալն է. հարավկովկասյան ուղղությամբ կտրուկ ակտիվացավ ամերիկյան քաղաքականությունը, եւ ԱՄՆ պետդեպարտամենտը փորձում է պահել ԼՂ կարգավորման գլխավոր միջնորդի դերը:

Ակնհայտ է, ամերիկյան կողմը Ֆլորիդայում ԵԱՀԿ ՄԽ իր գործընկեր-մրցակիցներին, ինչպես նաեւ Քոչարյանին եւ Ալիեւին հասկացրեց, որ հայ-ադրբեջանական բանակցությունների «տանտերը» Վաշինգտոնն է: Ամերիկյան այս նախաձեռնության հիմնական նպատակն է մեկ անգամ եւս հարվածել ԵԱՀԿ հեղինակությանը, որն, ի դեպ, վերջնականապես վարկաբեկվեց, երբ Բաքուն, ապա Երեւանը «անսպասելիորեն» հրապարակեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներիՙ ԼՂ հակամարտության կարգավորման երեք գաղտնի առաջարկները:

Ամերիկյան նոր վարչակազմի քիվեսթյան նախաձեռնության հուժկու վերջաբանը կլինի Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպումը նախագահ Բուշի հետ: Համաձայն ԱՄՆ պետքարտուղար Փաուելի վերջին հայտարարությունների տրամաբանության, Բուշի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ վկայում են քիվեսթյան բանակցությունների բարձր արդյունավետության եւ ԼՂ հակամարտության կարգավորման շուտափույթ հնարավոր լուծման մասին: Այն, ի հակադրություն ամերիկյան սցենարի, չհաջողվեց:

Այնուամենայնիվ ակնհայտ է, որ քիվեսթյան հանդիպումը անարդյունք համարելը կտրականապես սխալ է: Բանակցությունների իրական արդյունքները, որոնք պետք է ողջունելի լինեն բոլորի համար, տարածաշրջանում ստատուս-քվոյի պահպանումն է, որն այսօր ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման միակ այլընտրանքն է:

Ակնհայտ է. այսօր Հայաստանին ընդհանուր առմամբ բավարարում է միջնորդների կողմից տարվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» քաղաքականության պահպանումը, եւ մասնավորապես ամերիկացիների կողմից առաջարկվողՙ Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղղակի տնտեսական շփումների հաստատման, միաժամանակ Ղարաբաղի շուրջ բանակցություններ շարունակելու գաղափարը: Նման վիճակը կբավարարի Ադրբեջանի նախագահին եւս, որը, ինչպես կարծում են դիտորդները, կարող է օգտագործել այսպես կոչված «Ադրբեջանի նկատմամբ միջազգային դավադրության սպառնալիքը»ՙ իր իշխանության շուրջ ադրբեջանական հասարակությանը համախմբելու նպատակով:

Ադրբեջանի շահերին համապատասխանում է նաեւ բանակցային գործընթացի ներկա ֆորմատը, որից Լեռնային Ղարաբաղը «դե ֆակտո» դուրս է թողնվել: Չնայած միջնորդների հավաստիացումներինՙ «Ստեփանակերտին վերադարձնել խաղի մեջ» առաջին իսկ հարմար առիթով, ակնհայտ է, որ հայկական կողմը, այսպես կոչված «երկկողմ ֆորմատին» համաձայնելով զգալիորեն թուլացրել է իր դիրքերը:

Քիվեսթյան հանդիպումների եւս մեկ յուրահատկությունը դարձավ ղարաբաղյան հակամարտության մեջ Իրանի դերի կարեւորումը: Դա, ինչպես պնդում են դիտորդները, «ակնհայտ ֆրանսիական խաղ է», պայմանավորված Փարիզիՙ Իրանի նավթի եւ գազի նկատմամբ հետաքրքրություններով: Այս առումով հատկանշական է քիվեսթյան բանակցությունների ընթացքում պաշտոնական Փարիզի նախաձեռնությունըՙ Իրանում Ֆրանսիայի դեսպանին ԵԱՀԿ ՄԽ նոր համանախագահի պաշտոնում նշանակելը: Սակայն ակնհայտ է, որ ֆրանսիացիները դժվար թե նման քայլի դիմեին առանց ամերիկյան կողմի համապատասխան համաձայնության: Չի բացառվում, ամերիկացիները օգտագործելով «ֆրանս-իրանական սիրախաղը», կուժգնացնեն Թուրքիայի դերը ԼՂ հակամարտության կարգավորման մեջ, նշանակում էՙ ողջ Հարավային Կովկասում:

ԱՐՄԱՆ ՋԻԼԱՎՅԱՆ, «Նեզավիսիմայա գազետա» (կրճատումներով) 10. 04. 2001 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4