Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամն այս տարվա չորրորդ ցուցահանդեսը նվիրել էր Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակին եւ կրում էր «Մոտ է գալուստը քո» խորագիրը: Ցուցահանդեսում ներկայացված էին շնորհաշատ մանրանկարիչ Արմեն Դանեղյանի 31 ստեղծագործությունները:
Արմեն Դանեղյանն ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Մոսկվայում, Արցախում, Երեւանում: Թվով հինգերորդ անհատական ցուցահանդեսը, որ բացվեց երեկՙ մշակույթի նախարարության 6-րդ հարկում, մեծ ուշադրության արժանացավ ներկաների կողմից: Մանրանկարչությունը մեր երկրում հետընթաց է ապրում, եւ կարծիք կա, որ այն միայն միջնադարին է վերաբերում: Սակայն երբ դիտում ես Դանեղյանի մանրանկարների «Հայտնություն» շարքը (6 նկար), տեսնում ես միջնադարյան եւ ժամանակակից մանրանկարչության սինթեզ, որով նկարիչը ցանկանում է ապացուցել, որ մեր օրերում մանրանկարչությունը կարող է երկրորդ կյանք ունենալ: Վերջին մեկ տարվա ընթացքում արված մանրանկարների «Հայտնություն» շարքն ամռանը կցուցադրվի Ֆրանսիայում:
Ավարտելով գեղարվեստի ուսումնարանը, Արմենը երկու տարի ուսանել է ակադեմիական նկարչության համալսարանում, իսկ մանրանկարչությունըՙ որպես հոբբի ուսանել է Մատենադարանում եւ Էջմիածնի դպրանոցում: Նրա առաջին ուսուցիչն է եղել տաղանդավոր մանրանկարիչ Սերգեյ Մեսրոպյանը: Հիմքում ունենալով միջնադարյան մանրանկարչությունը, Արմեն Դանեղյանը ստեղծել է արդի նմուշներ:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ