«Մեկ ազգ, մեկ մշակույթ» խորագրի տակ ապրիլի 13_16-ը Հայաստանում տեղի կունենան ԼՂՀ մշակույթի օրեր:
Այդ մասին երեկ տեղեկացրեցին մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսում, որին մասնակցում էին ԼՂՀ-ի մշակույթի եւ երիտասարդության, սպորտի նախարար Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարարության սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ Սպարտակ Ղարաբաղցյանը, արվեստի ժառանգության գլխ. վարչության պետ, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» կազմկոմիտեի նախագահ Վարդան Վարդանյանը, բեմարվեստի վարչության պետ պրն Ռազմիկ Աբրահամյանը 1999 թ. փետրվարի 4-ին Հայաստանի եւ ԼՂՀ-ի մշակույթի նախարարությունների միջեւ կնքվել է համաձայնագիր, որով տասնամյակներ շարունակ մայր հայրենիքից կտրված Արցախ աշխարհի մշակույթը դուրս եկավ անհատների տիրույթից եւ վերածվեց մեխանիզմիՙ իր մեջ ներառելով «Մեկ ազգ, մեկ մշակույթ» շարքը: «Միայն անցած տարի ԼՂՀ է այցելել 700 հոգի Ստամբուլից, Պարսկաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ուրուգվայից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից», նշեց նախարար Արմեն Սարգսյանը եւ մեկնաբանեց, «դա արդեն նշանակում է, որ մայր հայրենիքը ստեղծել է մի հարթություն, ու հորիզոնական ներկայացված են Հայաստանը, Արցախը, սփյուռքը միասին: «Մեկ ազգ, մեկ մշակույթը» Արցախի համար ունի արմատական նշանակություն: Ապրել մայր հողի վրա եւ զգալ մշակույթից կտրված: Եվ այս տարիների ընթացքում Ադրբեջանը «սպանել» է Ղարաբաղում բոլոր մշակույթի օջախները փորձել մշակույթը ցույց տալ առանձին անձերի միջոցով.»: Այսօր Շուշի քաղաքում արդեն գործում են յոթ մշակութային օջախ, վեց պետական համույթ, բոլոր շրջաններում բացվել են ժող. գործիքների համույթներ եւ այլն, այսինքնՙ լուրջ աշխատանքներ են տարվել Արցախ աշխարհում մշակույթի զարգացման համար: Դրա վառ վկան է լինելու ապրիլի 13-ին օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում կայանալիք ԼՂՀ-ի մշակութային օրերի բացման հանդիսավոր համերգը: Մշակութային օրերի ընթացքում կլինեն բազմաթիվ միջոցառումներՙ ԼՂՀ-ի պարի պետական համույթի համերգը, գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսը, Ստեփանակերտի «Ղարաբաղ» էստրադային համույթի համերգը, նաեւ Ռ. Աբրահամյանի «Սուրբ Շուշանիկ» պիեսի ներկայացումըՙ Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. պետական դրամատիկական թատրոնի ներկայացմամբ: Սպարտակ Ղարաբաղցյանը նշեց, որ 21-րդ դարի առաջին միջոցառումը «Արցախի մշակույթի օրերն են» եւ այն ունի մեծ նշանակություն, որի հիմնական հենքն է մի հարթության վրա ներկայացնել մեր մշակույթը:
Մ. Մ.