«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2001-04-07 | #65, 2001-04-10 | #66, 2001-04-11


ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՏԱ ԻՐ ԱՐԴՅՈՒՆՔԵՆՐԸ

«Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի թենիսը լրջորեն դուրս կգա միջազգային մրցասպարեզ, եւ Կիպրոսում կայացած համաժողովը դրա եւս մեկ վկայությունն է», մեր հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ թենիսի ֆեդերացիայի նախագահ Հարություն Փամբուկյանը, որն օրերս վերադարձավ Նիկոսիայում կայացած Եվրոպայի թենիսի ասոցիացիայի անդամ երկրների նախագահների եւ գլխավոր քարտուղարների համաժողովից: Այս միջոցառմանը մասնակցեցին 46 երկրների ներկայացուցիչներ, այդ թվումՙ Հայաստանի պատվիրակությունը: Համաժողովը քննարկեց եվրոպական թենիսի ժամանակակից հարցերը, որոնց շրջանակում կայացան նաեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ:

Հ. Փամբուկյանը, մասնավորապես, հանդիպեց թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ, իտալացի Ֆրանչեսկո Ռիչիբիթիի, Եվրոպայի թենիսի ասոցիացիայի եւ Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ավգուստին Պիխոլայայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ռւսաստանի, Վրաստանի եւ այլ երկրների թենիսի ֆեդերացիաների նախագահների եւ գլխավոր քարտուղարների հետ:

Նշելով այդ հանդիպումների կարեւորությունըՙ Հ. Փամբուկյանն ասաց, որ իր բանակցությունների արդյունքում մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի թենիսի ֆեդերացիան, փոխարինելով բելգիացիներին, ստանձնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի այսպես կոչված «ծնողի» դերը, եւ ներկայումս ՀԹՖ_ն կարող է դիմել բրիտանացի գործընկերներին ցանկացած հարցի լուծման կամ կարգավորման խնդրանքով: Այս առումով նա նշեց, որ բելգիացիները առանձնապես չէին նպաստում հայկական թենիսին, իսկ բրիտանացիների, մասնավորապես նրանց թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջոն Ջեյմսի հետ լրիվ այլ կարգի հարաբերություններ են հաստատվել:

Նա տեղեկացրեց նաեւ, որ մայիսի 28_ին, առաջին անգամ Հայաստանում կայանալիք «Երեւան ջունիոր քապ» միջազգային մրցաշարն առաջացրեց իր գործընկերների հետաքրքրությունը: Նախատեսված է, որ Երեւան կայցելեն թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռիչիբիթին, Ավգուստին Պիխոլան, Հունաստանի եւ Վրաստանի թենիսի ֆեդերացիաների նախագահները: Արդեն ընթացիկ մրցաշրջանում Երեւանը կստանա թենիսի նորՙ ձմեռային ժամանակակից մարզահրապարակներ կառուցելու համար 20_25 հազար դոլարի օգնություն, եւ սաՙ միայն որպես սկիզբ: Իսկ թե այս ամենն ինչ խթան կհանդիսանա հայկական թենիսի զարգացման համարՙ դժվար չէ պատկերացնել:

Հ. Փամբուկյանի խոսքերով, Հայաստանի թենիսի ֆեդերացիան մտադիր է եկող տարի Հայաստանում անցկացնել պրոֆեսիոնալ թենիսի ասոցիացիայիՙ «Չելենջեր» կարգի մրցաշար, որին նույնպես միջազգային աջակցություն կցուցաբերվի: Ակնկալվում է, որ տարբեր հարցեր լուծելիս ՀԹՖ_ն կստանա ԻԹՖ_ի աջակցությունը: Այս առումով նա նշեց, որ ՀԹՖ_ն պատրաստվում է մշակել իր բիզնես ծրագիրը, որը հետաքրքիր պետք է լինի ոչ միայն արտերկրի կազմակերպությունների, այլ նաեւ տեղի գործարար մարդկանց համար: Ինչ վերաբերում է հայկական թենիսին, ապա առնվազն մեկ հովանավոր նա ունիՙ «Մաքս գրուպ» կորպորացիան, եւ սա օրինակ է նաեւ մյուսների համար, քանի որ թենիսը նաեւ շատ լավ գովազդ է:

Ամփոփելովՙ Հ. Փամբուկյանն ասաց, որ ՀԹՖ_ն սերտ կապերի մեջ է նաեւ սփյուռքի տարբեր մարզական կազմակերպությունների հետ, իսկ ինչ վերաբերում է մարզական մոտակա պլաններին, ապա դա առաջին հերթին կապված է ապրիլի վերջին Դեւիսի գավաթի փնջային մրցաշարում մոլդովացիների հետ Հայաստանի հավաքականի հաջող մրցամարտի հետ:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4