«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2001-04-10 | #66, 2001-04-11 | #67, 2001-04-12


ԱՐՏԱՔԻՆ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼԸ

Ն. Հունանյանն իր նկարագրին անհարիր է համարել

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Ես ՀՀ նախագահի մոտ դժգոհեցի երկրում տիրող անօրինական մթնոլորտից եւ դրանով պատճառաբանեցի արարքսՙ հույս հայտնելով, որ այս ամենից հետո ՀՀ նախագահը միջոցներ ձեռք կառնի անօրինականությունները վերացնելու ուղղությամբ», դեպքի օրը ՀՀ նախագահի հետ ունեցած հանդիպման մասին քննիչին հայտնում է Ն. Հունանյանը: «Հոկտեմբերի 27-ի» գործով ապրիլի 11-ի դատական նիստում ընթերցված նախաքննական ցուցմունքների այդ հատվածում նա պատմում է, որ ՀՀ նախագահի հետ բանակցելուց հետո նրա եւ Ալեքսան Հարությունյանի հետ խմբագրել են հայտարարության տեքստը, հանձնվելուց առաջ զենքերից մեկը պահել են իրենց մոտ մինչեւ ԱԱՆ մեկուսարան հասնելը: ՀՀ նախագահը երաշխավորել է իրենց անվտանգությունը եւ հրապարակային դատաքննություն խոստացել:

Ցուցմունքների մյուս մասում նա բացատրություններ է տալիս այդ օրը դահլիճի անցուդարձի, առանձին պատգամավորների եւ խմբակցությունների նկատմամբ ունեցած «սիրալիր» վերաբերմունքի մասին: Մեղադրյալը համամիտ չի եղել որոշ վկաների տված «սիրալիր» բնորոշմանը, բայց հիշել է ԱԺ պատգամավոր Հմայակ Հովաննիսյանին ասածըՙ դու ինչո՞ւ ես պառկել, դու հո այս երկիրը չե՞ս թալանել: Նրա ասելով, ընդդիմությունից բացի, բարյացակամ վերաբերմունք է ունեցել նաեւ երկրապահներից սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի նկատմամբ, որը, նրա կարծիքով, իր շրջապատի շնագայլերի համեմատությամբ ազնիվ մարդ է: Հաստատել է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Հունաստանի հեռուստատեսություններից ԱԺ դահլիճ են զանգահարել, եւ ինքը հարցազրույցներ է տվել նրանց, ներկայացրել իրենց կատարածը:

ԱԺ դահլիճից քաղաքական գործիչների հետ ունեցած հեռախոսազրույցների մասին հայտնել է, թե դահլիճից կապվել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Հրայր Մարգարյանի հետ, Արցախից զինվորական Ժիրայր Սեֆերյանի, որի միջոցով հույս ուներ կապվել Սամվել Բաբայանի հետ: Ռազմիկ Վասիլյանի հետ չի կարողացել խոսել, հայտնել են, թե նա տանը չէ: Մնացյալ զանգերի մասին ոչինչ չի հիշել կամ հերքել է դրանց իրական լինելը:

Քննիչների բոլոր հարցերինՙ արտաքին ի՞նչ ուժերի հետ է համագործակցել, Ն. Հունանյանը միանշանակ հերքել է արտաքին որեւէ ուժի հետ ունեցած կապը, ասելով, թե դա անհարիր է իր խառնվածքին, «այդպես մտածողները հավանաբար ինձ շփոթում են իրենց հետ»: Քննիչը նրան տեղեկացրել է, թե ստի դետեկտորը պարզել է, որ ամբաստանյալը կապեր է ունեցել Իրանի հատուկ ծառայությունների, մասոնների հետ: Քննիչը հարցապնդել է, որ նրա՞նց ու տեղի մասոններիՙ Ալեքսան Հարությունյանի՞, օժանդակությամբ է իրականացրել սպանությունները: Ն. Հունանյանի կարծիքով, Իրանում անձրեւ տեղալն անգամ մասոնների հետ են կապում: Ինչ վերաբերում է Ա. Հարությունյանի մասոն լինելուն, պատասխանել է. «Ալիկի մասոնական մկրտության արարողությանը հրավիրված չեմ եղել»: Եվ առհասարակ սկզբից եւեթ հայտնել է, թե ստի դեդեկտորին չի վստահում, մանավանդ որ, նրա կարծիքով, մասնագետն անփորձ է եղել:

Հոկտեմբերի 27-ին դահլիճ մուտք գործելու պատմությունը ներկայացնելուց հետո քննիչը նրան հարցեր է տալիս, թե ինչ էին անելու այն ժամանակ, եթե ԱԺ-ի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի աշխատող Անուշը անցաթուղթ չկարողանար իջեցնել եւ զենքերն էլ չկարողանային դահլիճ տանել: «Տեղում կմտածեինք, այնուամենայնիվ մեր դիրքորոշումն այն էր, որ մինչեւ դահլիճ անաղմուկ մտնեինք: Չհաջողվելու դեպքում խմբից որեւէ մեկը կհսկեր ոստիկանին, որպեսզի նա աղմուկ չբարձրացներ», հայտնել է մեղադրյալը:

Ամենատարօրինակն այն է, որ այդ թեմայի շուրջ մեղադրյալը հարցաքննվել է ոչ թե առաջին քննչական գործողությունների, այլ ապրիլ ամսին տեղի ունեցած հարցաքննությունների ժամանակ: Հարցերը տրվել են ՀՀ գլխավոր դատախազության քննիչ Մարսել Մաթեւոսյանի կողմից, թերեւս մինչեւ քննչական խմբում նրա ընդգրկվելը ոչ ոքի մտքով չի անցել, որ հարցաքննությունը պետք էր սկսել սկզբից, ոչ թե վերջից, ինչպես արվել է այս դեպքում: Մեղադրյալը հարցաքննվել է նաեւ աշխատանք գտնելու հույսով նախկին եւ ներկա իշխանություններին դիմելու փաստի շուրջ: Այն կարծիքը, թե աշխատանք տալու դեպքում Ն. Հունանյանն այդ քայլին չէր դիմի, մեղադրյալը թյուր կարծիք է համարել: «Աշխատանքն ինձ համար չորրորդական նշանակություն ուներ: Իմ մտահղացումից ետ կկանգնեի, եթե իշխանությունը ղեկավարեր ազգանվեր մեկը», պատասխանել է նա:

Քրեական գործում Ն. Հունանյանին բնութագրող բազմաթիվ կարծիքներ կան, որոնք արտահայտել են նրա համալսարանական տարիների ընկերները, նախկին կուսակիցներըՙ ՀՅԴ անդամները, եւ այլք: Նրան վերագրել են մարդկային ամենավատ հատկանիշները, բնութագրել են ամենամռայլ գույներով: Քննիչը մեղադրյալին ծանոթացրել է այդ տեսակետներին, որոնց հեղինակներին Ն. Հունանյանը բնութագրել է նույն հատկանիշներով, բացառությամբ Տիգրան Նաղդալյանի: «Այլ պայմաններում նա այլ կարծիք կհայտներ», ներողամտաբար ասել է մեղադրյալը:

Դատական նիստի ընթացքում հրապարակվեց նաեւ Ն. Հունանյանի 197 էջանոց «մենագրությունը», որտեղ իր մտորումներն է հայտնում Հայաստանում տեղի ունեցած արժեքային համակարգի փոփոխությունների մասին, անդրադառնում քաղաքական ուժերի դասավորություններին, երկրում տեղի ունեցող անօրինականություններին ու թալանին: Անդրադարձել է 1995 թ. խորհրդարանական ընտրություններին եւ 1996 թ. նախագահական ընտրություններին, երբ զենքի ուժով ճնշվեց ժողովրդական ցույցը: Նշել է այդ առթիվ Վազգեն Սարգսյանի հայտնած միտքըՙ «Ով ուզում է ընտրվի, Լեւոնը պետք է նախագահ լինի»: Այնուհետեւ հիշեցրել է Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի վարքագիծը Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը: Նշել է, որ երկու ուժային նախարարությունների բախման արդյունքում սպանվեց ՀՀ գլխավոր դատախազը, քննադատել է «Միասնություն» դաշինքի ձեւավորումը, կարծիք հայտնելով, որ Վազգեն Սարգսյանն օգտվեց Կարեն Դեմիրճյանի համեմատական հեղինակությունից, իսկ Կ. Դեմիրճյանըՙ Վ. Սարգսյանիՙ ուժային մեթոդով պատգամավոր դառնալու մտահղացումից: «Իշխանության գալուց անմիջապես հետո նրանք մոռացան իրենց նախընտրական խոստումները: Վ. Սարգսյանը թանկացրեց ծխախոտը, բենզինը, իսկ Կ. Դեմիրճյանը արդարացրեց դա: Չէ որ նրանք ասել էին, թե ընտրվում են ժողովրդին փրկելու համար», հայտնել է մեղադրյալը նախաքննության ժամանակ: Նշել է, որ այդ ամենի հետեւանքով մեծ կորուստներ է ունեցել ժողովուրդըՙ բարոյական, քաղաքական, արժեքային եւ այլն: Ծավալուն շարադրանքում Ն. Հունանյանը վերլուծել է նաեւ Հայաստանի տնտեսական վիճակը, արդյունաբերությունն ու տնտեսությունը վերականգնելու նախագծեր է առաջարկել, նաեւ ուղիներ առաջադրել հանրապետությունից վալյուտային արտահոսքն ու արտագաղթը կասեցնելու նպատակով: Ն. Հունանյանի նախաքննական ցուցմունքների շարունակությունը կընթերցվի ապրիլի 13-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4