Երեքշաբթի օրը Դիվոնում (Արեւելյան Ֆրանսիա) տված համերգով 76 տարեկան աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը պաշտոնապես փակեց 60 տարուց ի վեր շարունակվող համերգային իր գործունեությունը, հաղորդում է Բի-Բի-Սի ռադիոկայանի հաղորդագրությունը: Տխուր, շատ տխուր երեկո էր այդ համերգին ներկա գտնվող 2500 երկրպագուների համար: Մինչ բեմում Ազնավուրը երգում էր իր ամենասիրված երգերըՙ «Լա Բոհեմը», «Երեկ, երբ երիտասարդ էի», «Նա», «Վենետիկն ինչ տխուր է», «Նրանք ընկան», «Ոչ, չեմ կարող մոռանալ», շատերը չէին կարողանում զսպել արցունքները: Տխուր էր նաեւ երգչի համերգային պրոդյուսեր Թոմաս Շմիթը: Ազնավուրը երգեց մոտ 2 ժամ, ասաց նա, եւ վերջում շնորհակալություն հայտնեց երկրպագուներին տարիների ընթացքում ցուցաբերած գուրգուրանքի համար:
Այս համերգը վերջինն էր նաեւ անցյալ տարի Լոնդոնի Վեստ Էնդում սկսված հրաժեշտի համերգաշարի, որի մեծ մասն անցավ Ֆրանսիայի մեծ ու փոքր քաղաքներում եւ նմանվեց հրավառության:
Մխիթարական է միայն, որ աշխարհահռչակ երգիչը, որ անցյալ տարի «Թայմ» շաբաթահանդեսի կողմից հռչակվել էր 20-րդ դարի մեծագույն ժողովրդային երգիչը, որոշել է, ինչպես ինքն է հայտարարել, աշխատել մինչեւ 90 տարեկանը եւ մեռնել 100 տարեկանում: Մխիթարակա է նաեւ, որ նրան կրկին տեսնելու բախտ կունենանք հաջորդ տարի, Ատոմ Եղոյանի «Արարատ» ֆիլմում: