ԼՂՀ գերագույն դատարանում ավարտին է մոտենում մարտի 6-ին սկսվածՙ Ստեփանակերտի նախկին փոխքաղաքապետ Գուրգեն Ներսիսյանի գործով դատավարությունը:
Առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակման եւ հարկերից չարամտորեն խուսափելու մեջ ամբաստանվող Գ. Ներսիսյանը շուրջ 45 միլիոն դրամ է յուրացրել ոչ միայն փոխքաղաքապետ եղած ժամանակ: Ըստ մեղադրանքիՙ նա խոշոր հափշտակություններ է կատարել նաեւ, երբ ղեկավարել է ԼՂՀ արդյունաբերության նախարարությունը եւ հետագայում «Արցախտրանս» պետական ՓԲԸ-ն: Բացի դրամական յուրացումներից, Գ. Ներսիսյանը միաժամանակ ապօրինաբար սեփականացրել է մի շարք պետական օբյեկտներՙ դրանք գրանցելով իր հարազատների անուններով:
Ապրիլի 10-ին, հանդես գալով դատական նիստում, պետական մեղադրող Իրինա Կարապետյանն առաջարկել է Գուրգեն Ներսիսյանի պատիժը սահմանել 8 տարվա ազատազրկումՙ ուղղիչ-աշխատանքային գաղութի ուժեղացված ռեժիմում, նրան երեք տարով զրկելով ղեկավար պաշտոններ վարելու իրավունքից: Դատախազն առաջարկել է նաեւ բռնագրավել ամբաստանյալի ամբողջ գույքը, իսկ յուրացված գումարը (որի մի մասն արդեն վերադարձվել է) եւ անօրեն կերպով սեփականաշնորհված օբյեկտները վերադարձնել պետությանը:
Գուրգեն Ներսիսյանի պաշտպանը դատարանում պաշտպանական ճառով հանդես կգա այսօր:
Ե. Ա.