«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2001-04-10 | #66, 2001-04-11 | #67, 2001-04-12


ՇՈՒՇԻՆՙ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

ԼՂՀ կառավարության հերթական արտագնա նիստը

ԼՂՀ կառավարության հերթական արտագնա նիստը Շուշիում էր: Պատերազմական գործողություններից գրեթե 90 տոկոսով ավերված Շուշին այսօր վերականգնվում է ինչպես պետական, այնպես էլ սփյուռքահայության տրամադրած բարեգործական միջոցներով: Կարեւորվում է նաեւ անհատական բնակարանաշինարարությունը, որը Շուշիի գլխավոր հատակագծի մեջ ուրույն տեղ է գրավում: «Հայնախագիծ» ինստիտուտի կազմած հատակագիծն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից, ըստ որիՙ կառուցվող նոր բնակտները պետք է պահպանեն ազգային ճարտարապետության ավանդույթներն ու ոճը:

Կառավարության նիստում վարչապետ Ա. Դանիելյանը ներկաներին իրազեկեց «Շուշիի զարգացման ու վերաբնակեցման հիմնադրամի» ստեղծման մտադրության մասին, այս առնչությամբ կոչ անելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել:

Շրջանի հիմնախնդիրների մասին զեկուցեց վարչակազմի ղեկավար Վ. Կասյանը: Նա մասնավորապես անդրադարձավ զբոսաշրջությանը, որը երբեւէ եղել է Շուշիի զարգացման գլխավոր երաշխիքը: Այս կապակցությամբ վարչակազմի ղեկավարը կարեւորեց միջին եւ փոքր հյուրանոցների կառուցումն ու առողջարանային համալիրների կապիտալ նորոգումը:

Նիստում քննարկվեց նաեւ շրջանի հանքահումքային ռեսուրսների ուսումնասիրման եւ օգտագործման հարցը: Իբրեւ դրա մի կոնկրետ արտահայտությունՙ նշվեց հանքային ջրերի արտադրամաս բացելու հնարավորությունը:

Գյուղատնտեսության բնագավառում, զարգացման նպատակով, անհրաժեշտ համարվեց զարկ տալ անասնապահությանն ու մեղվաբուծությանըՙ որպես շրջանի պայմաններին առավել հարմար արտադրաճյուղեր:

Կառավարության նիստին, բացի կառավարության անդամներից, մասնակցում էին շրջվարչակազմերի ու գերատեսչությունների, գյուղական համայնքների եւ հիմնարկների ղեկավարներ:

ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4