Գերմանիայի Դաշնային Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջեւ 2001 թ.-ի ֆինանսական համագործակցության համաձայնագրով Հայաստանը Մայնի Ֆրանկֆուրտի Վերականգնման վարկերի բանկից (KFW) կստանա մինչեւ 15 մլն գերմանական մարկ (գմ):
Համաձայնագիրը ստորագրվեց երեկ, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքում: Հայկական կողմից ֆինանսական պայմանագիրը վավերացրեց ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, գերմանական կողմիցՙ մեկօրյա այցով Հայաստան ժամանած ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարար Հայդեմարի Վիչորեկ-Ցոյլը: Տեղեկացվեց, որ KFW-ի վարկը կօգտագործվի մի քանի տարբեր ծրագրերի իրականացման համար. գումարի մեծ մասըՙ 10 մլն մարկ կտրամադրվի Քանաքեռի հիդրոկայանի վերականգնմանը, մինչեւ 5 մլն մարկըՙ տարբեր մարզերում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման նպատակով:
Տեղեկացնենք, որ Հայաստանին ֆինանսական համագործակցության շրջանակներում գերմանական օժանդակությունը սկսվել է 1995 թ.-ինՙ բնակարանաշինության մի ծրագրով: Այդ ժամանակից ի վեր ԳԴՀ-ի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարությունը մոտ 110 մլն գմ է տրամադրել Հայաստանինՙ երկարաժամկետ արտոնյալ վարկերի կամ նպատակային դրամաշնորհների տեսքով: Գերմանական ֆինանսական ներարկումները տարեցտարի կենտրոնացվում են կոնկրետ ոլորտներում, որտեղ կարիքն ամենամեծն է, այդպիսիք են էներգամատակարարումը, փոքր ու միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւՙ ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտները, որոնց զարգացումը նպաստում է տնտեսական աճին ու սոցիալական վիճակի բարելավմանը:
Գ. Մ.