Փետրվարի 16-ին լրացավ մեր թերթի 10 տարին: Այդ առիթով ստացել ենք շնորհավորական բազմաթիվ հեռախոսազանգեր, հեռագրեր եւ մի քանի հոդվածներ, որոնց մի մասը լույս ենք ընծայում մեր ներկա համարի 4_5-րդ էջերում: Անշուշտ, մեզ համար մեծ քաջալերանք են այդ բոլորը: Զգացված ենք: Կաշխատենք իրականացնել բոլոր ակնկալություններն ու մաղթանքները: Զգացված ենք մանավանդ, երբ մեր պետության գլխավորն է այսքան ուշադիր եւ նրբանկատ մեր մամուլի, այս պարագայումՙ մեր թերթի նկատմամբ: Ազատ մամուլի առկայությունը կարեւորագույն հիմքերից է ժողովրդավարական պետության եւ քաղաքացիների սահմանադրական իրավունքների, որի երաշխավորը, ինչպես մեկ անգամ եւս ցույց է տալիս ստորեւ տպագրվող շնորհավորագիրը, հանրապետության նախագահն է:
Շնորհավորում եմ «Ազգ» օրաթերթի խմբագրակազմին եւ ընթերցողներին հիմնադրման 10-րդ տարեդարձի կապակցությամբ:
Լույս ընծայման առաջին իսկ օրվանից «Ազգը» դրսեւորեց նոր աշխատաոճ, հանդես եկավ բազմաբնույթ եւ օպերատիվ լրատվությամբՙ դառնալով ազատ մամուլի եւ նոր ավանդույթների սկզբնավորողը մեզանում: Նորաստեղծ թերթն իր շուրջը համախմբեց երիտասարդ ու շնորհալի լրագրողների մի ամբողջ սերունդ, որի ներկայացուցիչներից շատերն այսօր հայ լրագրության հայտնի անուններ են:
Մեծ են «Ազգի» ծառայությունները Հայաստանում ժողովրդավարության խորացման եւ խոսքի ազատության ամրապնդման գործում: Գնահատելի հետեւողականությամբ եւ սկզբունքայնությամբ հաղթահարելով թերթի առջեւ ծառացած օբյեկտիվ ու արհեստական խոչընդոտները, «Ազգը» շարունակեց իր հայրենանվեր գործունեությունը:
Մեծապես կարեւորելով հայրենիք-սփյուռք կապերը, «Ազգ» օրաթերթը մշտապես զգում է այս հարաբերությունների զարկերակըՙ միշտ վեր դասելով հայրենիքի ու հայության շահը:
«Ազգի» տասնամյա հոբելյանը խտացումն է ոչ միայն հայաստանյան ազատ մամուլի կենսագրության, այլեւ արտացոլումն է մեր երիտասարդ պետության տասնամյա պատմության:
Կրկին շնորհավորելով «Ազգ» օրաթերթին տարեդարձի առթիվՙ մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ եւ ընթերցողների մեծ բանակ:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ