«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2001-04-11 | #67, 2001-04-12 | #68, 2001-04-13


«ԱԶԳ»-Ըՙ ՄԱՄՈՒԼԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍ

10 տարի առաջ, փետրվարի 16-ի ուշ երեկոյան, երբ «Ազգ»-ի առաջին համարը սրբագրված ուղարկում էինք տպարան, թերթի այն ժամանակվա գեղարվեստական խմբագիր, նկարիչ Վահան Քոչարը բացելով շամպայնի շշերն ու շնորհավորելով բոլորիս, ասաց. «Աստված տաՙ ամեն օր առաջին համար տպենք»: Կատակով ասված այս խոսքը հետագայում դարձավ իրականություն, «Ազգ»-ի եռօրյա ընթացքը դարձավ ամենօրյա, լրատվական հոսքի հորձանուտը կուլ տվեց բոլորիս եւ «Ազգ»-ի նվիրյալները դարձան մրցավազքի դուրս եկած ձիավորներ: Մի քանի տարի շարունակ, նույնիսկ ցուրտ, անջուր եւ անլույս օրերին «Ազգ»-ի յուրաքանչյուր համարին մոտենում էինք իբրեւ առաջինի: Հայտնի խոսք է. մրցավազքի պահին ձիեր չեն փոխում, կավելացնեիՙ առավել եւս ձիավորներին, սակայն «Ազգ»-ը ոչ միայն համարձակվեց հաճախակի թարմացնել իր թիմըՙ թիմակիցներին ուղարկելով մրցակից ճամբարներ, այլեւ ժամանակ առ ժամանակ գերազանցել բոլորինՙ մնալով հայկական մամուլի ամենահավասարակշռված ու ազդեցիկ թերթերից մեկը:

Բնականաբար, եղան վերելքի ու վայրէջքի պահեր, եղան ճնշումներ ու թերթը փակելու փորձեր, մեր անկանխատեսելի կյանքի վայրիվերումները դրոշմվեցին նաեւ «Ազգ»-ում, սակայն թերթը դիմացավ ու հաղթահարեց: Ինչպես ամենուր, սկիզբը թվում էր ծանր, նորը յուրացնելու եւ հասարակական գիտակցության մեջ սերմանելու առաքելությունըՙ հաճախ անընդունելի, բայց ոչ անհաղթահարելի: Սփյուռքյան ու միջազգային լրատվության խոհանոցի լուսաբանումըՙ չհերկված խոպան, ուր «Ազգ»-ը մինչ օրս էլ մնում է առաջատարի դերում: Մամուլի դերի նշանակությունը եւ կարեւորությունըՙ հիմնական սկզբունք: Հիմնական թերություն կարող ենք համարել կուսակցության հետ կապըՙ թերթի անկախությունը թուլացնելու առումով: Բայց ի պատիվ գլխավոր խմբագրի եւ կուսակցության պետք է նշենք, որ այստեղ էլ ամեն ինչ թողնված էր պրոֆեսիոնալ մասնագիտական չափանիշներինՙ երկրորդ պլան մղելով կուսակցական գաղափարախոսությունը, որն իր տեղը միշտ զիջել է հիմնականինՙ անկախ ու ազատ մամուլի գաղափարախոսությանը: Մամուլ, որ այսօր էլ, տասը տարի անց, դեռ մեծ ճանապարհ ունի անցնելու, ամրապնդվելու, դառնալու զերծ ամենաանհավանական ֆինանսական ու մարդկային, իշխանական ճնշումներից, եւ ամենակարեւորըՙ կարիքն ունի լրագրողական բարձր ճաշակի ու կրթվածության: Քանզի շատ հաճախ կուսակցականից առավել վտանգավոր են հասարակական անհանդուրժողականություն ու ցինիզմ քարոզող մամուլի «անտեր» օրգանները: Հետեւաբար, «Ազգ»-ըՙ իբրեւ նորանկախ մամուլի առաջնեկներից մեկը, իրավունք չունի ընկնելու այն ծուղակները, որոնց մեջ երբեմն-երբեմն փորձում են ներքաշելՙ միտումնավոր վարկաբեկելով թերթի վաստակած անունը: «Ազգ»-ը պետք է մնա իբրեւ օրինակ, իբրեւ ավանդույթ, տեղ չտա շուկայի թելադրած «արագ վաճառվող» ոճերին:

Թերթում միշտ էլ աշխատել են ամենատարբեր կուսակցական կողմնորոշում ունեցող անձինքՙ դրանով իսկ ներկայացնելով նաեւ մեր հասարակական կյանքի ողջ ներկապնակը: Թերթին տրվել են մեկ իշխանամետ, մեկ ընդդիմադիր պիտակները: Սակայն շատերը չեն ընկալել, որ թերթը եղել է հասարակության ե՚ւ ընդդիմադիր, ե՚ւ իշխանամետ կողմերի լրատվության արձանագրողը: Նույնիսկ «Ազգ»-ըՙ իր տարբեր կոլեկտիվներով, իր տասնամյա պատմությամբ երբեք չի եղել կուսակցության դրոշակակիրը եւ կուսակցության գաղափարախոսությունից առավել եղել է անկախ մամուլի կայացման ջահակիրը: Հետեւաբար, թերթի կայուն մրցավազքը պայմանավորված է նախեւառաջ այս սկզբունքով: Հիշում եմ, երբ 1996-ին փորձ արվեց ոչնչացնելու անկառավարելի «Ազգ»-ի փոքրիկ կղզյակը, թե՚ իշխանամետ, ե՚ւ թե ընդդիմադիր կուսակցական ու անկախ մամուլի միջոցները միանգամից կանգնեցին մեր մեջքին: Դրանք անմոռանալի օրեր էին, երբ մեր մամուլի ընտանիքը ցույց տվեց աննախադեպ համերաշխություն: Դա ոչ միայն վկայությունն էր «Ազգ»-ի նկատմամբ տածած հարգանքի, այլեւ գիտակցումըՙ սեփական ապագայի վտանգի սպառնալիքի:

Թերթի հյուրընկալ ընտանիքը միշտ էլ բաց է եղել բոլորի առջեւ: Շատերը բաժանվել են սիրով ու նորից վերադարձել, շատերըՙ նեղացել ու սրտի նեղությունը դարձրել թույն, շատերն էլ չեն համակերպվել օբյեկտիվության կանոններին եւ անվերադարձ հեռացել են: Սակայն համոզված եմ, որ «Ազգ»-ը բոլորի հիշողության մեջ մնացել է իբրեւ կյանքի, ընկերության ու մարդկային հարաբերությունների յուրօրինակ խաչմերուկ, ուր ծնվել են ընտանիքներ, ուր ունեցել ենք անդառնալի կորուստներ, ուր եղել են ճակատագրական հանդիպումներ... Ամեն մեկն իր հետ բերել է իր էության մի մասնիկըՙ հարստացնելով ու ամբողջական դարձնելով մեր թերթը: Ցանկությունս մեկն է, որ բարի ավանդույթները պահպանվեն ու թերթի գլխավոր խմբագիրն ավելի հաստատակամ շարունակի մրցավազքը արդեն 21-րդ դարումՙ «ազգային» թերթը դարձնելով համազգային:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա, «Օրեր» ամսագրի հրատարակիչ-խմբագիր «Ազգի» հիմնադիր կազմի անդամ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4