Երեկ երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկարատեւ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես մեզ հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, խոսակցությունը կենտրոնացել է քիվեսթյան հանդիպման շուրջ եւ Հայաստանի նախագահը տեղեկություններ է տվել բանակցությունների արդյունքների մասին:
Մյուս կողմից, նախորդ օրը, Փարիզում նախագահ Ռ. Քոչարյանին ընդունելուց հետո, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ ու քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերի հարցերը, տեղեկացնում է Նոյյան տապան գործակալությունըՙ վկայակոչելով Ելիսեյան պալատի մամլո քարտուղար Կատրին Կոլոննային: Վերջինս հայտնել է նաեւ, որ նախագահներ Շիրակն ու Բուշը պայմանավորվել են շարունակել ջանքերըՙ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության գործընթացի վերսկսման ուղղությամբ: