ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 12-ին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամլո ծառայությունը տարածել է տեղեկատվություն, համաձայն որի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հարյուրից ավելի անդամներ նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին: Նամակում, մասնավորապես, կոչ է արվում Սպիտակ տան ղեկավարին կատարել իր նախընտրական խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Նամակի հեղինակները պնդում են, որպեսզի ապրիլի 24-ի ԱՄՆ ժողովրդին ուղղված նախագահի ամենամյա ուղերձում 1915 թվականի հայոց ցեղասպանության իրադարձությունները կոչվեն հենց «ցեղասպանություն»:
Այս ձեռնարկի նախաձեռնողները «Կոնգրեսի Կովկասյան խմբի Հայաստանի հարցերի գծով» համանախագահներ Ջո Նոլլենբերգն ու Ֆրենկ Փալլոունն են, ինչպես նաեւ Դեւիդ Բոնուան եւ Ջորջ Ռադանովիչը: Նրանց են միացել Ներկայացուցիչների պալատի հարյուրից ավելի անդամներ, որոնք դիմում են ԱՄՆ նախագահինՙ կոչ անելով «ճիշտ որակել մարդկային պատմության այդ ողբերգական դրվագը եւ այն բնութորոշել այնպես, ինչպես որ եղել է իրականումՙ ցեղասպանություն»: