<20016801.jpg>
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը կառավարության նիստերի ընդմիջումներին, հարցազրույցներում, մամուլի ասուլիսներում վստահեցնում է, իր հանգստությամբ փորձում համոզել, թե իր Մոսկվա այցելությունները եւ հանդիպումները ռուս «գազավիկների» հետ անցնում են գործարար, ջերմ մթնոլորտում, ինքը գոհ է ձեռքբերված պայմանավորվածություններից: Ի պաշտոնե պրն Գալուստյանն արդեն այլ ձեւով չի կարող արտահայտվել: Խնդիրը ոչ թե եւ ոչ միայն «Իտեռային» կամ «Ռուսէներգոատոմին» Հայաստանի պարտքերն են, այլ պրն Գալուստյանի, այսպես ասենք, «մաքոքային» այցելությունները Մոսկվա:
Հայաստանի էներգետիկայի նախարարը ստիպված չէր լինի հաճախ մեկնել Մոսկվա, «գործարար, ջերմ մթնոլորտում» բանակցություններ վարել, մեր ռուս բարեկամների հետ «ձեռք բերել պայմանավորվածություններ», եթե Հայաստանի կառավարությունը ժամանակին բաշխիչ էլեկտրական ցանցերի (ԲԷՑ) մասնավորեցման ողջ գործընթացն այնքան փնթի չանցկացներ:
Հայաստանի ԲԷՑ-երի սեփականաշնորհման այս ձեւը, մրցույթի անցկացման այս կերպը մեր երկիրը կարող է վերադարձնել 90-ական թվականների սկիզբը, երբ մի քանի տարի մեր բնակարաններում մեկ-երկու ժամ էր լույս լինում, կամ ընդհանրապես չէր լինում: Այն ժամանակ մեզ «փրկեցին» մեր ամերիկացի բարեկամները. ամերիկյան նավթ ստանալու ակնկալիքով խելոք, երկար շարք էինք կանգնում:
Խնդիրը հետեւյալն է եւ շատ պարզ. Հայաստանում էլեկտրաէներգիա է արտադրվում Մեծամորի ատոմակայանումՙ հանրապետությունում արտադրող ողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը, եւ հիմնականում ՋԷԿ-երում: Ատոմակայանին միջուկային վառելիքով ապահովում է «Ռուսէներգոատոմը», ՋԷԿ-երն աշխատում են ռուսական գազով: Հայաստանը «Ռուսէներգոատոմին» եւ «Իտեռային» պարտք է շուրջ 30 մլն դոլար, որը, ռուսական կողմն անդադար պահանջում է: Ահա այս պատճառով է պրն Գալուստյանը հաճախ մեկնում Մոսկվա:
Ի դեպ, «Ռուսէներգոատոմը» եւ Իտեռան» այն ընկերություններից էին, որոնք ցանկություն էին հայտնել մասնակցել Հայաստանի ԲԷՑ-երի մասնավորեցման մրցույթին, սակայն տարբեր, անհեթեթ պատճառաբանություններով դուրս թողնվեցին մրցույթին մասնակցելուց, ինչն առաջացրեց պաշտոնական Մոսկվայի խիստ բացասական արձագանքը: Այն ժամանակ խնդրի առիթով բավականին խիստ հայտարարություններով հանդես եկավ ՀՀ-ում ՌԴ դեսպան Ա. Դրյուկովը: Հստակ էր, որ ռուսական ընկերություններին մասնավորեցման մրցույթից դուրս են թողնումՙ ամերիկյան AES «Silk Road» ընկերության համար հաղթական ճանապարհ ապահովելու նպատակով, որն արդեն հասցրել էր վրաց չինովնիկների օգնությամբ գնել եւ շարքից դուրս բերել Վրաստանի էներգետիկ համակարգը: Չենք ուզում պատկերացնել, որ նույն ճակատագրին կարժանանա Հայաստանի էներգետիկ համակարգը, սակայն ԲԷՑ-երի վաճառքը ամերիկյան այս ընկերությանը ոչ միայն նոր լարվածություն է առաջացնելու Երեւան-Մոսկվա հարաբերություններում, այլ միանգամայն հավանական է թվում էներգետիկ ճգնաժամի սպառնալիքը Հայաստանում:
Այսօր Հայաստանը պարզապես չի կարողանում Ռուսաստանին վճարել էներգակիրների դիմաց ունեցած պարտքը եւ չի բացառվում, որՙ ԲԷՑ-երի մասնավորեցումից հետո Ռուսաստանը չպահանջի պարտքը, բայց դադարեցնի գազամատակարարումները եւ միջուկային վառելիքի հերթական խմբաքանակի տրամադրումը Հայաստանին: Ստեղծվել է տարօրինակ վիճակ. մի կողմից Հայաստանը եւ Ռուսաստանը համարվում են եւ են ռազմավարական դաշնակիցներ, Ռուսաստանը Հայաստանին ապահովում է էներգակիրներով, որը ցանկացած երկրի տնտեսության ողնաշարն է, մյուս կողմից մենք մեր էներգետիկ անվտանգության մի հատվածըՙ ԲԷՑ-երը, կախվածության մեջ ենք դնում ԱՄՆ-ից, որից առանց այն էլ ֆինանսական մեծ կախվածության մեջ ենք գտնվում:
Մոսկվան մեզ պարզ հասկացնում է, որ դժգոհ է իր ռազմավարական դաշնակցի կոմպլեմենտար տնտեսական քաղաքականությունից, թեեւ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են հայ-ռուսական հարաբերությունների գովքն անել:
Ժամանակին Հայաստանի կառավարությունը չհասկանալու տվեց այն պարզ ճշմարտությունը, որ էներգակիրները, էներգակիրներից էներգիա արտադրող կայանները, բաշխիչ ցանցերը համալիր ամբողջական կառույց են եւ այս երեքից որեւէ մեկի օտարումը որեւէ երրորդ կողմիՙ վտանգում է Հայաստանի էներգետիկ համակարգը: