«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2001-04-11 | #67, 2001-04-12 | #68, 2001-04-13


5 ԳՅՈՒՂ ՋՈՒՐ ԿՍՏԱՆԱ, 4 ՄԱՐԶԻ ՏՈՒԺԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐՙ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության երեկվա նիստի հիմնական թեման գյուղն էր, եւ ոչ միայն...

Երեկ ՀՀ կառավարությունը քննարկեց սահմանամերձ բնակավայրերում ռմբահարման հետեւանքով վնասված բնակելի տների, բնակիչների եւ բնակարանային պայմանների բարելավման հարցն ու որոշում կայացրեց 4 մարզերի (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք եւ Վայոց ձոր) տուժած բնակիչներին գումարներ տրամադրելՙ բնակարաններ գնելու կամ կառուցելու համար: Ինչպես պարզաբանեց ՀՀ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանը, ռմբահարման հետեւանքով բնակարաններից զրկված բնակիչները կանխիկ գումարներ կստանան միայն մի շատ կարեւոր պայմանովՙ բնակիչը պետք է պարտավորվի բնակարան գնել կամ կառուցել միայն իր մարզի տարածքում: Այդ պայմանը բխում է սահմանամերձ բնակավայրերի ամրապնդման անհրաժեշտությունից: Ընդհանուր առմամբ, նախնական հաշվարկներով տուժած բնակավայրերի վերականգնման համար (սոցիալական օբյեկտներով, ճանապարհներով, կոմունիկացիաներով հանդերձ) կպահանջվի 84_90 մլն դոլար: Պրն Լոքյանը հույս հայտնեց, որ այդ գումարները ձեռք կբերվեն տարբեր ֆինանսական կազմակերպություններից ու օտարերկրյա հիմնադրամներից: Առաջին փուլի համար կպահանջվի 1 մլրդ 560 մլն դրամ: Գործընթացն արդեն սկսվել է, եւ Կապան քաղաքի 40 բնակիչներ արդեն ստացել են գումարՙ բնակարան ձեռք բերելու համար:

Կառավարությունը երեկ լուծում տվեց նաեւ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի (Վերին Բազմաբերդ, Ներքին Բազմաբերդ, Արուճ, Պարտիզակ, Արամուս) խմելու ջրի հիմնահարցին: Որոշում կայացվեց Ոսկեթափի աղբյուրներից ջրատարի կառուցման վերաբերյալ, որի համար, ինչպես պարզաբանեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը, կպահանջվի մոտ 400 հազ. ԱՄՆ դոլար: Գումարի մի մասը կտրամադրի IFAD-ը, մյուս մասը կառավարությունըՙ ապամոնտաժվող խողովակաշարերի խողովակների վաճառքից գոյացած գումարներով:

Կառավարության անդամները դրական որոշում կայացրին նաեւ տեղեկատվության ստեղծման ու պաշտպանության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որը, ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Երվանդ Զախարյանի պարզաբանմամբ, ենթադրում է պետական միասնական տեղեկատվական համակարգի ստեղծում: Նախագիծը հնարավորություն է տալիս ստեղծելու տեղեկատվական շտեմարաններՙ ամենաբազմազան տեղեկատվությամբՙ «բոլոր քաղաքացիների ու ձեռնարկությունների մասին, յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ, յուրաքանչյուր գործունեության վերաբերյալ»: Յուրաքանչյուր տեղեկատվության դեպքում կմշակվի մի առանձին կարգ (ընդհանուր թվով կկազմվի 20_24 կարգ): Տեղեկատվական շտեմարանները սկզբում կստեղծվեն պետական մարմիններումՙ կառավարության լիազորած մարմնի կողմից, որոնք հետագայում կկենտրոնացվեն միասնական պետական տեղեկատվական համակարգում:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4