«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2001-04-13 | #69, 2001-04-14 | #70, 2001-04-17


ԱՐՇԱՎ Ի ՆՊԱՍՏ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ

Ինտերնետային ցանցով ստացված տեղեկությունը հաղորդում է, որ Արեւելյան Մասաչուսեթսի Հայ դատի ազգային հանձնախումբը (ԱՄ ՀԴԱՀ) մարտ-ապրիլ ամիսներին ձեռնամուխ է եղել հետեւողական մի արշավիՙ ի նպաստ ցեղասպանության ճանաչման: Հանձնախմբի անդամներն այդ տարածաշրջանի մեծ ու փոքր քաղաքների պաշտոնական անձանց հետ շփումներ են անցկացրելՙ հորդորելով ապրիլի 24-ը հռչակել հայ նահատակների հիշատակի օր:

Մինչեւ ապրիլի 10-ը Բոստոն, Ուիթման, Նյուտոն, Ուեյքֆիլդ, Տրուրո, Առլինգտոն, Բրուքլին եւ Նորֆոլք քաղաքներն արդեն իսկ հրապարակել են այդ առնչությամբ համապատասխան որոշումներ: Ակնկալվում է, որ Արեւելյան Մասաչուսեթսի հինգ կոնգրեսական շրջաններից մեծ թվով այլ քաղաքներ հետեւեն մյուսների օրինակին:

Նախատեսված է ապրիլի 20-ին Մասաչուսեթսի նահանգային կառավարական տան ներկայացուցիչների պալատում անցկացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված տարեկան հիշատակի միջոցառում: Մասաչուսեթսի բոլոր 10 կոնգրեսական ներկայացուցիչները ցարդ նեցուկ են կանգնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին: Իսկ վերջերս նրանք նամակով դիմել են նորընտիր նախագահ Ջորջ Բուշինՙ կոչ անելով կատարել հայոց կոտորածները ցեղասպանություն ճանաչելու նախընտրական խոստումը: Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4