ՄՈՍԿՎԱ, 16 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մինչեւ 2015 թվականը նավթի իրական ծավալներ չեն լինի Բաքու-Ջեյհան խողովակաշարի լիաբեռնման համար», ճեպասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար, Ռուսաստանի նախագահի Կասպիցի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Կալյուժնին:
Ըստ նրա, «Բաքու-Ջեյհան խողովակաշարի նախագիծը հեռավոր հեռանկար է»: Ինչպես հաղորդում է Էմ Փի Էյ գործակալությունը, Կալյուժնին նշել է, որ գոյություն ունի Թենգիզ-Նովոռոսիյսկ այլընտրանքային երթուղին, որի ղազախական հատվածը բեռնված է նավթով: Նախագահ Պուտինի հատուկ ներկայացուցչի կարծիքով, Ռուսաստանին հարկավոր է պայմաններ ստեղծելՙ առավելագույնս բարենպաստ Կասպից ծովի տարածաշրջանից Ռուսաստանի տարածքով նավթի արտահանական առաքումների գործող փոխադրական համակարգի առավելագույն բեռնման համար, այդ թվում ստեղծել ճկուն սակագնային քաղաքականություն:
Անդրադառնալով Բոսֆորի խնդրին, Կալյուժնին ընդգծել է, որ Ռուսաստանը կողմնակից է ցանկացած նախագծի անվտանգությանը, այդ թվում Սեւ ծովից Բոսֆորի նեղուցով նավթով բեռնված հեղուկանավերի անվտանգ անցման հարցում: Թուրքիայի ղեկավարությանը, ընդգծել է ռուս դիվանագետը, անհրաժեշտ է ապահովել Բոսֆորով հեղուկանավերի անցման անվտանգությունը: