«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻՑ ՀԱՆՎԱԾ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐԸ

Ն. Հունանյանը դատապաշտպան ունենալու եւ ցուցմունքներ տալու ցանկություն հայտնեց

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Ուսումնասիրությունից պարզվեց, որ 2000 թ. հունիսի 1-ին Ն. Հունանյանն, իրոք, հայտարարություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, քննիչ Ջոն Բարխոյանն, իրոք, քննություն է կատարել եւ որոշում է կայացրել քրեական հետապնդում չիրականացնելու մասին», տեղեկացրեց պետական մեղադրող Գագիկ Ավետիսյանը «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործով ապրիլի 18-ի դատական նիստում: Գ. Ավետիսյանն ամբաստանյալ Ն. Հունանյանին առաջարկեց այդ մասին ցուցմունքներ տալ դատարանում, իսկ եթե համաձայն չէՙ ցուցմունքները կհրապարակեն: Ն. Հունանյանը ոչ միայն պնդեց, որ հրապարակեն ցուցմունքները, այլեւ բացատրություն պահանջեց, թե ինչո՞ւ դրանք նախապես քրեական գործին չէին կցել:

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննիչ Ջոն Բարխոյանի կողմից հունիսի 8-ին կատարված հարցաքննության ժամանակ Ն. Հունանյանը հայտնել է, որ քննության առաջին իսկ օրից անօրինականություններ են կատարվել: Քննիչ Այվազյանը հայտնել է, որ մեղադրյալներն իրենց պետք չեն եւ հասկացրել, որ իրենց պետք են «ԱԺ ուղարկող թուրքերըՙ ղարաբաղցիները»: «Ես պնդում էի, որ մեր թիկունքում այլ ուժեր կամ մարդիկ չկան, ոչ ոք չի հավատացել, ինձ ուշ ժամի ծեծում էին ձեռքերն ու ոտքերը գործի դնելով», հայտնել է ամբաստանյալը: Այնուհետեւ իրենց տեղափոխել են ռազմական ոստիկանություն: Ն. Հունանյանը նշել է, որ նոյեմբերի սկզբին, վարչապետ Արամ Սարգսյանի նշանակման օրը, ծեծել են ուշաթափվելու աստիճան, որի ժամանակ աղոտ հիշում է ինչ-որ անուններՙ Սամո, Գագո, Աբո, Մուշեղ, Էդիկ եւ այլն: «Գագիկ Ջհանգիրյանն ինձ բացահայտ հասկացրեց, որ Ռ. Քոչարյանն ու Ա. Հարությունյանն են կարեւոր»:

Ես ստիպված կեղծ ցուցմունք տվեցի, որպեսզի Աղվան Հովսեփյանի հետ հանդիպում կազմակերպենՙ հույս ունենալով, որ այդ ամենի մասին կտեղեկացնեմ նրան: Գ. Ջհանգիրյանը ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում կազմակերպեց այն ժամանակ, երբ այդ պաշտոնում Բորիս Նազարյանն էր», գրել է ամբաստանյալը:

Նա տեղեկացրել է, որ Գ. Ջհանգիրյանը Մանվել Գրիգորյանի եւ Սեյրանի անունից երաշխավորում է իր ընկերների եւ իր համար դատապարտման կոնկրետ ժամկետներ, որ չեն բռնաբարի եւ այլն: Սակայն, սպառնում էին ցուցմունք չտալու դեպքում երաշխիքները գործի դնել հակառակ ուղղությամբ: Գրել է, թե Գ. Ջհանգիրյանը եւ մյուս քննիչները զանազան հնարքներով հայտնում էին, որ ցուցմունքներ են ակնկալում Ռոբերտ Քոչարյանի դեմ: «Ես ասացիՙ նախագահը կապ չունի, որից խիստ հուզվեցին եւ հարցն ուղիղ դրեցին», ասել է Ն. Հունանյանը եւ ավելացրել, որ իր փաստաբանին է տեղյակ պահել այդ մասինՙ խնդրելով լուրը հասցնել ծնողներին, նրանք գուցե կարողանան նախագահին տեղեկացնել: 99 թ. նոյեմբերի 26-ին ստիպված բացարկ է հայտնել քննչական խմբին, որը տեղ չի հասել: Քննիչներն իրեն նախապատրաստում էին ցուցմունքների, եւ ինքը ցուցմունք տվեց Ալեքսան Հարությունյանի դեմ: ՀՀ նախագահի դեմ ցուցմունքներ տալու քննիչների պահանջի մասին տեղյակ է պահել քննչական խմբի ղեկավար Արտակ Հարությունյանին, վերջինս զարմանք չի արտահայտել: Այնուհետեւ, իրենց տեղափոխել են թիվ 1 քննչական մեկուսարան եւ շարունակել ակնկալված ցուցմունքներ ստանալու գործելաոճը: «Գիշերով տարան բոքս եւ դիմակավորված անձինքՙ 7-8 հոգի, ինձ ծեծ ու ջարդի ենթարկեցին»:

Այնուհետեւ սպառնացել են, որ կգնդակահարեն, կհայտարարեն, որ ինքնասպան են եղել կամՙ փախչելիս գնդակահարել են: «Ինձ ու Կարենին տարան Սովետաշենի մերձակայքում գտնվող բլուրներըՙ 2-3 մեքենայով, 2 անգամ գլխիս կրակեցին, ապա հարցրինՙ բան ունե՞ք ասելու»: Ինձ ու Էդիկին պահում էին բոքսում եւ օրը մի քանի անգամ ծեծում»: Նրանց պահանջն, ամբաստանյալի ասելով, հետեւյալն էրՙ ցուցմունք գրել, որ նամակագրական կապ է ունեցել Սամվել Բաբայանի հետ, այնուհետեւՙ իրեն երաշխիքներ է տվել Սերժ Սարգսյանը: «Գ. Ջհանգիրյանն ասացՙ հասկանո՞ւմ ես, որ Ռ. Քոչարյանի ու Սերժի դեմ ենք ցուցմունք ուզում», ամբաստանյալը քննիչին տեղեկացրել է, թե ի վերջո համաձայնվեց ակնկալված ցուցմունքները տալ, բայց քննիչներն արդեն զգուշացել են: Ցուցմունք է տվել Տիգրան Նաղդալյանի, Հայկ Բաբուխանյանի, Հրանտ Մարգարյանի եւ Ալեքսան Հարությունյանի դեմ, վերջինիս շրջանում ձերբակալել են:

Քննիչը հարցրել է նաեւ, թե ովքեր էին նրան խոշտանգողները, որին ի պատասխան նշել է քննչական-օպերատիվ խմբի անդամներ Էդիկ Ոսկերչյանի, Կարեն Հակոբյանի, Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարանի ավագ օպերլիազոր Մանուկ Միքայելյանի անունները եւ վերջինիս ղեկավարությամբ գործող խմբին: Հետագայումՙ հուլիսի 30-ին, քննիչ Ջոն Բարխոյանը որոշում է ընդունել, որ նշված անձանց եւ քննիչներից ոմանց հարցաքննել է Ն. Հունանյանի հայտարարության շուրջ, առերեսումներ են արվել մեղադրյալի հետ, ասվածի վերաբերյալ այլ ապացույցներ ձեռք չեն բերվել, ուստի հանցադեպի բացակայության պատճառով քրեական հետապնդում չի իրականացվում:

Ամբաստանյալ Ն. Հունանյանը հայտնեց, որ ընթերցվածն իր ամբողջական ցուցմունքը չէ, պահանջեց լրացնել եւ նյութն ամբողջությամբ կցել քրեական գործին: «Այն, որ դրանք առանձնացվել եւ պահվել են, արդեն իսկ դիտավորություն է», եզրակացրեց ամբաստանյալը: Դատավարության մասնակիցներն ամբաստանյալին հորդորեցին ցուցմունքներ տալ դատարանում, որից հետո կանդրադառնան նրա մյուս պահանջներին: Ն. Հունանյանը նշեց նաեւ, որ հիշյալ որոշման մասին տեղյակ չէր եւ ցանկություն հայտնեց ծանոթանալ դրանց, եթե ուզում են, որ ցուցմունք տա դատարանում: Հրապարակված նյութերը կցվեցին քրեական գործին, փաստաբաններին կարճ ժամանակ տրամադրվեց դրանց ծանոթանալու համար:

Փաստաբաններ Մարինե Ջանոյանը, Ռուբեն Սահակյանը, սպանվածներից Յուրի Բախշյանի այրինՙ Անահիտ Բախշյանը ամբաստանյալին հորդորեցին ցուցմունքներ տալ դատարանում: Ն. Հունանյանը հայտնեց, որ ցուցմունքներ տալու ցանկություն չունի, սակայն ընդառաջում է հորդորներին եւ ուզում է մանրամասնորեն նախապատրաստվելու համար կես օր ժամանակ տրամադրել: «Որպեսզի դասեր տան, գաս», դահլիճից հնչած ռեպլիկին ամբաստանյալն արձագանքեցՙ «Ինձ ոչ ոք դասեր չի տալիս»: Դատավարությանը մասնակից կողմերը չէին շտապում կարծիք հայտնել ասվածի վերաբերյալ: Մարինե Ջանոյանը լռությունը խախտելով կոչ արեց հարգել միջնորդությունը եւ ժամանակ տալ նրան նախապատրաստվելու համար, համոզմունք հայտնելով, որ Հունանյանը չի դրժի իր խոստումը:

Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը դեմ էր ամբաստանյալին ժամանակ տրամադրելուն. «Այստեղ նրա մեղադրանքն է լսվում, ոչ թե խոշտանգումների հետ կապված նյութերն են քննվում: Թող չխանգարի դատաքննությանը, եթե ցուցմունք չի տալիս», ասաց պրն Սարգսյանը: Մեկ ուրիշ անգամ դարձյալ նույն միտքը կրկնելով, ավելացրեցՙ այստեղ նրա մեղադրանքն է քննվում, ոչ թե նախաքննության ապօրինությունները:

Ն. Հունանյանը ցանկանում էր մեղադրողների բերանից լսելՙ քրեական գործից հանված այլ նյութեր կա՞ն, հետո չպարզվի, որ կան: Մասնավորապես 99 թ. նոյեմբերի 26-ին գրած իր բացարկի դիմումը եւ դրա վերաբերյալ ցուցմունքները չկան: Ամբաստանյալին առաջարկեցին միջնորդությունները ներկայացնել ապացույցների հետազոտման ժամանակ եւ իրենցից իրավական օգնություն չակնկալել: Մեղադրողները եւ Աշոտ Սարգսյանը խորհուրդ տվեցին փաստաբան ունենալ, եթե իրավական օգնության անհրաժեշտություն է զգում: Ամբաստանյալն ընդառաջեց նաեւ նրանց այս խորհրդին եւ ընդմիջումից հետո խնդրեց պետպաշտպանության կարգով իրեն ապահովել դատապաշտպանով: «Տեսա՞ք, արդեն սովորեցրել են», ԱԺ պատգամավոր Էմմա Խուդաբախշյանի այս համոզմուքին արագ արձագանքեցին տուժողների հարազատները: Փաստաբաններ Մարինե Ջանոյանն ու Ռուբեն Սահակյանը գտան, որ պետք է բավարարել ամբաստանյալի խնդրանքը, սակայն առանց ժամանակ տրամադրելու, որովհետեւ մինչեւ հիմա ամբաստանյալն ինքն է ստանձնել իր պաշտպանությունը: Մեղադրողները համամիտ էին փաստաբանների հետ, գտնելով, որ դա չի խոչընդոտի դատաքննության ընթացքին:

Դատարանը բավարարեց միջնորդությունըՙ խոստանալով այսօր նրան ապահովել դատապաշտպանով: Դատավորը տեղեկացրեց նաեւ, որ կատարվել են փաստաբանների պահանջներըՙ մեկուսարանից ուղարկվել են ամբաստանյալների անձնական գործերը, Արմենտելիցՙ Ն. Հունանյանի բնակարանի հեռախոսազանգերի ցուցակը եւ այլն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4