«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


ՊՈՒՏԻՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ

Ենթադրաբարՙ Մինսկում, հունիսի 1-ին

ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ «Ազգին» հայտնել էր, որ ՌԴ նախագահ Պուտինի միջնորդությամբ Քոչարյան-Ալիեւ հանդիպման պայմանավորվածություն չկա: Ինչպես նշել էինք, Մոսկվայում գտնվող Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Մ. Ալեսքերովը հայտարարել էր, թե մինչեւ նախագահների ժնեւյան հանդիպումը, որը նախատեսվում է հունիսի առաջին կեսին, Քոչարյանն ու Ալիեւը կբանակցեն Պուտինի միջնորդությամբ:

Ադրբեջանական մամուլը պնդում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները ժնեւյան հանդիպումից առաջ հնարավորություն կունենան ղարաբաղյան կարգավորման խնդիրը քննարկելու, բայց ոչ թե Մոսկվայում, ինչպես ենթադրվում էր, այլՙ Մինսկում: Հունիսի 1-ին Բելառուսի մայրաքաղաքում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական գագաթաժողովը: Չի բացառվում, որ Պուտինն այդ օրը միանա Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպմանը:

Մայիսի 31-ին Մինսկում կկայանա ԱՊՀ երկրների կառավարությունների խորհրդի եւ արտգործնախարարների խորհրդի նիստը, հաջորդ օրըՙ նախագահների մասնակցությամբ գագաթաժողովը: ԱՊՀ գործադիր քարտուղար Յուրի Յարովի խոսքերով, կքննարկվի 10 հարց, այդ թվում Համագործակցության տարածքում ազատ առեւտրի գոտու ձեւավորման եւ հակաահաբեկչական կենտրոնի գործունեության խնդիրները:

Յուրի Յարովն արդեն Աստանայում եւ Բիշքեկում հանդիպումներ է ունեցել նախագահներ Նազարբաեւի եւ Ակաեւի հետ: ԱՊՀ գործադիր քարտուղարն այսօր Աշգաբադ է ժամանել Տաշքենդից, ապա կլինի Թբիլիսիում, Բաքվում, Երեւանում, Կիեւում, Մինսկում եւ Մոսկվայում:

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4