Ղուկաս Ուլիխանյանը պարտվել է, բայց չի հուսահատվում
Դեռեւս երկուշաբթի օրը էլեկտրոնային քվեարկությամբ 53 պատգամավոր համաձայնեցին «Հայաստան» խմբի անդամ Ղուկաս Ուլիխանյանի առաջարկինՙ ներկրվող դեղորայքի վրայից 20 տոկոս ավելացված արժեքի հարկումը հանելու նպատակով արտահերթ նիստով քննարկում ծավալելու: Երեկ նախնական գրանցման արդյունքում լուսատախտակին միայն 43 պատգամավոր հայտնվեցին, այսինքն ավելի քիչ, քան կողմ էին քվեարկել արտահերթ նիստի համար: Ղուկաս Ուլիխանյանը «Ազգի» հարցին, թե ինչո՞վ է ինքը բացատրում նախաձեռնության տապալումը, պատասխանեց. «Մեծամասնությունը բոյկոտեց նիստը եւ ցույց տվեց իր քաղաքական իմպոտենտությունը»:
Հիշեցնենք, որ երբ արտահերթ նիստի դրվեց ԲԷՑ-երի սեփականաշնորհումը դադարեցնելու հարցը, «Հայաստան» խումբը միանշանակ դիրքորոշում չորդեգրեց, այս ճանապարհով հարվածելով քաղաքական մեծամասնությանՙ ե՚ւ ՀՀԿ, ե՚ւ ՀԺԿ թեւերին: Առիթը կարող էր հիանալի լինել մեծամասնության համարՙ վրեժխնդիր լինել «Հայաստանից»: Ուլիխանյանը սակայն չընդունեց այս տեսակետը. «Նման խնդիր չկա, ես կարծում եմ մեր փաստարկներն այնքան հիմնավոր էին, որ նրանք ուղղակի խուսափեցին քննարկումներից»:
Նախաձեռնության հեղինակը սակայն չի հուսահատվում եւ հավատացնում է, որ իրենք էլի կփորձեն հարցը խորհրդարանական քննարկման առարկա դարձնել: Սակայն կոնկրետ ե՞րբ, հայտնի չէ:
Գ. Ա.