«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ՏՐՎԵԼՈՒ ԵՆ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻՆ ՀԱՄԱՉԱՓ

<20017201.jpg>

Օրինագծին կառավարությունը կողմ է, որովհետեւ մանեւրելու տեղ ունի

Մինչ կառավարության հաստատած նվազագույն աշխատավարձը կազմում է ընդամենը 5 հազար դրամ, նույն կառավարության հաստատած նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է ավելի քան 20 հազար դրամ, որը սակայն դարձյալ չի ներկայացնում իրական պատկերը: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ նման հակասությունների պայմաններում 5 հազար դրամ ստացող աշխատողն անգամ իրեն 10 օր չի կարող պահել, էլ ուր մնաց խեղճ ընտանիքին:

Պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի եւ Վարդան Բոստանջյանի հեղինակած «Աշխատանքի վարձատրության մասին» օրինագծի գլխավոր նպատակը հենց նվազագույն աշխատավարձի եւ նվազագույն կենսապահովման զամբյուղի միջեւ համաչափություն մտցնելն է եւ ընդհանրապես վերջինիս գաղափարի կիրառումը օրենսդրության մեջ որպես չափանիշ: Նպատակը թեեւ հասկանալի է, սակայն մտավախություն կա, թե կառավարությունը դեռեւս պատրաստ չէ նվազագույն աշխատավարձը բարձրացնել փաստորեն գրեթե 4 անգամ: Մինչդեռ գործադիրը կողմ էր նախագծին, եւ չնայած դա պատգամավոր Սեյրան Ավագյանը զարմանալի համարեց, սակայն պատճառը շատ պարզ էր: Նախագծով նվազագույն զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձերի չափորոշումը թողնվում է կառավարության վրա, որը, հասկանալի է, կարող է ցածր սահմաններ որոշել եւ նվազագույն զամբյուղի համար իջեցնել, ասենք, 5 հազար դրամի: Համահեղինակ Վարդան Բոստանջյանը սակայն նման մոտեցումը բացառում է. «Օրենքի ընդունման դեպքում, երբ առաջանում են զամբյուղ կատեգորիան եւ դրա հաշվարկման, հաստատման ինստիտուտները, որոնք պարտադրում է օրենքը, գործադիրը հենց այնպես չի կարող 5 հազար սահմանել: Ինքը կարող է ասել, որ զամբյուղն այս պահին, ասենք, 50 հազար դրամ է կազմում, եւ մենք այս պահին կարողանում ենք ապահովել դրա մեկ հինգերորդը: Նա պետք է պատասխանիՙ իսկ ե՞րբ ինքը կարող է հասցնել 50 հազարի»: Սակայն ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ գործադրի գործելաոճը, այնպես որ նա հանգիստ կարող է օգտվել ընձեռված հնարավորությունից:

Օրինագծով աշխատողի համաձայնությամբ վարձատրության մի մասը կարող է վճարվել ապրանքի տեսքով, որն արտադրում է տվյալ գործատուն, բացառությամբ, եթե գործ ունենք առողջության համար վնասակար ապրանքներիՙ ծխախոտի, ալկոհոլային խմիչքների եւ քիմիական նյութերի հետ: Սեյրան Ավագյանն այս եղանակը ամոթալի համարեց, որին ի պատասխան կոմունիստ Գագիկ Թադեւոսյանը հայտարարեց, թե ամոթն աշխատավարձերը չվճարելն ու ուշացնելն է, այլ ոչ թե ապրանքով վճարելը: Ի դեպ, չվճարումների առումով, որը թերեւս ամենակարեւոր պահն է ողջ համակարգում, օրենքը ոչ մի երաշխիք չի սահմանում: Միայն նշում է, թե աշխատավարձերը չի կարելի ուշացնել ամսվանից հետո երեք օրից ավելի, սակայն, թե ինչպես պետք է պատասխանատվության ենթարկվի պետությունըՙ ամենամեծ գործատուն, ոչ մի խոսք ասված չէ:

Հեղինակներն այս հարցը քննարկման առարկա են համարում. «Պատասխանատվության ինստիտուտը մեզ մոտ ավելի չերեւացող ձեւով է գրված: Երկրորդ ընթերցման ժամանակ մենք պատասխանատվության ինստիտուտները պետք է մեծացնենք ինչպես բյուջետային աշխատողների, այնպես էլ մասնավոր, այսինքնՙ վարձու աշխատողների համար»: Մանուկ Գասպարյանը արդարացիորեն նկատեց, թե օրենքը շրջանցում է պետական ձեռնարկությունների աշխատավորներին, որոնք առավել հաճախ են ճաշակում ամիսներով աշխատավարձերի չստացումը: Իսկ պատասխանատվության ինստիտուտն, անշուշտ, պետք է հստակորեն գործի:

Սեյրան Ավագյանը, որը քննադատում էր նեկայացված նախագիծը, նկատեց, թե օրենքը Հայաստանի աշխատանքի շուկայի հետ ոչ մի աղերս չունի, քանի որ, երբ այդ շուկան խայտառակ վատթար վիճակում է, չի կարելի նվազագույն աշխատավարձը կտրուկ բարձրացնել, որը կազդի գործատուների շրջանառու միջոցների վրա, որոնք, ի դեպ, օրինագիծը աշխատավարձի վճարման հավելյալ աղբյուր են համարում: Այնուհանդերձ պրն Ավագյանը փոքրամասնություն էր, եւ օրինագիծն առաջին ընթերցմամբ հավանության արժանացավ պատգամավորների մեծամասնության կողմից: Իսկ մինչ այդ նույն մեծամասնությունը դեմ քվեարկեց նախորդ օրը քննարկված «Ցույցերի եւ հանրահավաքների անցկացման մասին» օրինագծին:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4