Վերջերս Փարիզում կայացած Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի (ECAC) անդամ երկրների օդագնացության ղեկավարների 112-րդ համաժողովի օրակարգում դրվել է ապրիլի 1-ից Եվրակոնտրոլի կողմից սահմանափակման հարցը, ըստ որի, արգելվում է օդային բախումները կանխարգելող համակարգ (ACAS) չունեցող ինքնաթիռների մուտքը Եվրոպայի օդային տարածք:
Պահանջը բխում է օր-օրի գերհագեցող եվրոպական օդային ավազանում ինքնաթիռների թռիչքային անվտանգության շահերից, որի կիրառումը սակայն ծանր է անդրադառնալու ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՊՀ շատ երկրների քաղավիացիայի վրա (խորհրդային արտադրության ինքնաթիռները չունեն ACAS համակարգ): Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի կենտրոնը, համաժողովին մասնակցած ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Հովհաննես Երիցյանը ECAC-ին ներկայացրել է համոզիչ փաստարկներ հայաստանյան ինքնաթիռների նկատմամբ բացառություն կատարելու պահանջով: Նա նշել է, որ ՀՀ քաղավիացիայում միշտ էլ առաջնություն է տրվում թռիչքային անվտանգությանը, եւ այս տարվա փետրվարին համակարգն արժանացել է ICAO-ի դրական գնահատականին: Սակայն այժմ գործնականում հնարավոր չէ միանգամից վերազինել ինքնաթիռային պարկը: Հ. Երիցյանի մյուս կարեւոր փաստարկը եղել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության հետ կապված մեծածավալ ուղեւորահոսքը:
Եվրակոնտրոլն ընդունել է հայկական կողմի փաստարկները եւ օրերս տեղեկացրել, որ հիշյալ սահմանափակումը մինչեւ 2001 թ. սեպտեմբերի 30-ը չի կիրարկվելու Հայաստանի եւ ԱՊՀ մի շարք երկրների քաղավիացիայի ինքնաթիռների նկատմամբ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ ՀՀ ՔԱԳՎ-ն ձեռնամուխ է եղել մի քանի ինքնաթիռներ ACAS համակարգով վերազինելու գործին:
Գ. Մ.