«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»

Համոզված է ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը

ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը ներքաշված է մի խճճված դատավարության մեջՙ «բախտ» ունենալով շփվելու ՀՀ դատական եռաստիճան համակարգի բոլոր աստիճանների հետ, առաջին ատյանի դատարանից մինչեւ վճռաբեկը: Ահա այս վերջինում էլ մոտ երկամյա մարաթոնից հետո այսօր նորից հանգրվանել է «ԱԱՊ-ի գործը», որը խորհրդանշորեն ի մի բերելով ԱԱՊ նախագահ Սամվել Շարբաթյանի երեկվա ասուլիսում պատմածները, կարելի է վերնագրել այսպեսՙ «Պատմություն ԱԱՊ-ի, «Ագրոբանկի» ու Արման Մկրտումյանի «դեգերումների» մասին»: Այդ դատական գործընթացն էլ, ահա, հանգեցրել է ԱԱՊ նախագահի հետեւյալ եզրակացությանըՙ Հայաստանում արդարադատություն չկա:

Գործի էությունը հետեւյալն է. 1998 թվականին Առեւտրաարդյունաբերական պալատի նախկին նախագահ Համլետ Հովհաննիսյանը իր քրոջ որդուՙ ԱԱՊ տնտեսական բաժնի պետ Է. Ղազարյանի անունով «Հայագրոբանկի» հետ պայմանագիր է կնքումՙ 205 հազար դոլարի վարկ ստանալու վերաբերյալ, փոխարենը գրավադրելով ԱԱՊ շենքը: Հետո նախագահն անհետանում է, չորս ամիս շարունակ արտերկրում գտնվելով «արձակուրդի մեջ», խուսափում է իր վարկային պարտավորություններից: «Ագրոբանկն» էլ մոտ 10 ամիս համբերատար սպասելով իր վարկառուին ու հույսը նրանից կտրելով, 1999 թ.-ի սեպտեմբերին դիմում է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանինՙ պահանջելով 205 հազարը մոտ 372 հազարի վերաճած գումարի բռնագանձումը տարածել ԱԱՊ շենքի վրա: Ու... «պրոցեսը գնում է»: Սակայն մինչեւ դրան անցնելը տեղեկացնենք, որ ՀՀ ԱԱՊ-ի շուրջ միշտ էլ եղել են ինչ-որ «կրիմինալ» պատմություններ: Հիշեցնենք, որ մինչեւ Հ. Հովհաննիսյանը, ԱԱՊ նախագահը Աշոտ Սարգսյանն է եղել, որը անհայտ պատճառներով սպանվել է, նրանից հետո ժառանգություն մնացած Հանրապետության (նախկին Ալավերդյան) փողոցում գտնվող շքեղ երկհարկանի շենքը մոտ չորս տարի անց դարձյալ կամայականորեն մոտ 205 հազարով վաճառվում է ՌիԱ բանկին: Երբ նախագահ Հ. Հովհաննիսյանի «արձակուրդը» երկարում է 4 ամիս, այդ ընթացքում ԱԱՊ մոտ 70 հոգանոց կոլեկտիվին հայտնի են դառնում «շեֆի» մութ գործարքն ու դրա հետեւանքները. կոլեկտիվը հարկադրված թողնում է նախկին շենքն ու տեղափոխվում Սայաթ Նովա 29/1 հասցեում գտնվող մի քիչ պակաս շքեղ, բայց ճաշակով ու հարմարավետ տուֆակերտ շենքը: Սակայն, ինչպես հետո է պարզվում, կոլեկտիվին վիճակված չէր վայելելու երկրորդ շենքը, որը նախագահը արդեն հասցրած է լինում գրավ դնել «Ագրոբանկի» վարկի դիմաց:

Դատական նիստին ԱԱՊ մասնակցում է որպես երրորդ կողմ, ու չնայած Հ. Հարությունյանի ու իր զարմիկի դեմ քրեական գործ է հարուցված եղել, Էրեբունի ու Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը, հաշվի չառնելով դա, բավարարում է «Ագրոբանկի» հայցը: Դրանից հետո ԱԱՊ-ն բողոքարկում է վերաքննիչ դատարան, որը երեք անգամ ետ է տալիս գործը, պատճառաբանելով, որ ԱԱՊ-ն չի մուծել 18 հազար պետտուրքը: Հետո «բանը հասնում է ամենաբարձր դիվանբաշուն»ՙ վճռաբեկ դատարանին, վերջինս նույնիսկ չի քննում հարցը, եւ առանց բացատրությանՙ մերժում հայցը: Դատարանի տնտեսական եւ քաղաքացիական գործերի պալատի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորությամբ, ըստ Ս, Շարբաթյանի, ամեն ինչ արվում է հօգուտ «Ագրոբանկի»: Դա դատական պատմության առաջին փուլն էր:

Երկրորդ փուլը սկիզբ է առնում 2000 թվականի հունվարին, երբ ԱԱՊ-ն դիմում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանինՙ Է. Ղազարյանի ու «Ագրոբանկի» միջեւ կնքված հիպոթեքի պայմանագիրն անվավեր ճանաչելու հայցով, պատճառաբանելով, որ վարկային պայմանագիրը կնքվել է ապօրինի ու կեղծ փաստաթղթերի հիման վրա: Հայցը ներկայացվում է հունվարին, բայց քննվում .....հուլիսին: Սակայն արդարության դեմ չմեղանչելով, Ս. Շարբաթյանը խոստովանեց, որ այս անգամ, գործը դատավոր Լալայանցի կողմից օբյեկտիվ քննվելուց հետո, որոշում է կայացվում բռնագանձման մասին վճիռը բեկանելու մասին: Այս անգամ էլ վերաքննիչ դատարանին է դիմում «Ագրոբանկը»: Վերաքննիչ դատարանը երկու ամիս «ուսումնասիրում է» գործըՙ փոխանցելով այն մի դատավորից մյուսին, իսկ իրար փոխարինած երեք դատավորներն էլ չգիտես ինչու իրար հետեւից սկսում են հիվանդանալ ու մեկնել գործուղումների: Վերջին նիստի օրը, ԱԱՊ-ն, նախապես, գլխի ընկնելով, որ դատավորը հաստատ հիվանդացած կլինի, չի էլ ներկայանում դատական նիստին ու իր ենթադրության մեջ չի սխալվում: Մի խոսքով, երբ խոսքը վերաբերում է վերաքննիչ դատարանին, ապա Սամվել Շարբաթյանը պատրաստ է մի ամբողջ զավեշտական գիրք գրելու: Ըստ նրան, ամենաբնորոշ դատավորը ՀՀ ներկա դատական համակարգի համար, ԱԱՊ նախագահի գնահատմամբ, վճռաբեկի պալատի նախագահ Արման Մկրտումյանն է («Ես ցար եմ, ես աստված եմ, ինչ ուզենամ կանեմ», մի անգամ ԱԱՊ ներկայացուցիչներին անկեղծորեն խոստովանել է պրն Մկրտումյանը): Սակայն, ինչքան էլ դառն է իրականությունը ԱԱՊ-ի համար, այսօր չարաբաստիկ շենքի ու «Ագրոբանկի» գործը նորից հանգրվանել է վճռաբեկ դատարանի շեմին. «Էլի գնացել, Ա. Մկրտումյանի շեմին ենք կանգնել»: «Ես համոզված եմ, որ մայիսի չորսին դատարանը հապճեպ կքննի հայցըՙ «Ագրոբանկի» առջեւ իր պարտավորություններից գլուխը պրծացնելու համար»: Ինչ վերաբերում է պրն Մկրտումյանի պարտավորություններին, ապա ԱԱՊ ներկայացուցիչները պարզել են, որ այս դատավորի ձեռքի տակով են մինչ այժմ անցել «Ագրոբանկի» մոտ յոթ տասնյակ տնտեսական վեճերը, որոնք միշտ էլ բարեհաջող վերջաբան են ունեցել «Ագրոբանկի» համար: ԱԱՊ-ի պնդմամբ, այս բանկը մասնագիտացած է շենքերի ու շինությունների գրավադրման պայմանով վարկավորելու մեջ եւ վարկառուի պարտավորությունների դիմաց դառնում է դրանց սեփականատերը: «Դա «Ագրոբանկի» ձեռագիրն է, հստակեցված սխեմայով անշարժ գույք ձեռք բերելը», ասաց Ս. Շարբաթյանըՙ որպես ապացույց բերելով վերջին ամենաթարմ օրինակըՙ ՀՀ նկարիչների միության շենքը, որը նույնպես այսօր այդ բանկի տերերի սեփականությունն է:

ԱԱՊ նախագահը շատ այլ մանրամասներ ու փաստեր հրապարակեց (որոնց հրապարակման համար մեր թերթի մեկ էջն էլ, թերեւս, չբավարարի-Գ. Մ), վերջում հայտարարելով, որ իրենք պայքարելու են մինչեւ վերջ: Եթե վճռաբեկ դատարանը որոշում կայացնի հօգուտ «Ագրոբանկի», ինչում ԱԱՊ կոլեկտիվը չի կասկածում, ապա պալատը դիմելու է Ստրասբուրգՙ Եվրամիությանը, այսինքնՙ «բոլոր ինստանցիաներին», ինչը թեեւ պատիվ չի բերում մեզ ու մեծապես կարող է վնասել Հայաստանի ներդրումային իմիջին, սակայն ստիպված են դա անել: Առայժմ դիմել են ՀՀ արդարադատության խորհրդին, որի պատասխանով էլ, թերեւս, կպարզվիՙ Առեւտրաարդյունաբերական պալատ, որը նորմալ երկրներում նույնիսկ մի ամբողջ նախարարության կարգավիճակ ունի, պե՞տք է Հայաստանին, թե՞ ոչ, կամ եթե պետք չէ, ապա ինչու է ՀՀ ԱԺ-ում այլեւս քննարկվում ԱԱՊ մասին օրենքը, երբ այդ մարմինը, զրկվելով շենքից ու գործունեության հնարավորությունից, մի օր ուղղակի կկանգի լինել-չլինելու խնդրի առջեւ:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ

Խմբագրությունս վստահ է, որ այս կապակցությամբ «Ագրոբանկը» անպայման ասելիք կունենա: Պատրաստ ենք տեղ տալու նաեւ նրանց կարծիքին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4