«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2001-04-17 | #71, 2001-04-18 | #72, 2001-04-19


ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

Կհանդիպենք ճիշտ 10 տարի անց
Ապրիլի 17-ին, ժամը 17-ին...

Այդ օրը վերջապես տեղի ունեցավ մի միջոցառում, ուր «Ազգի» լրագրողները ստիպված չէին որպես լրագրող հանդես գալու: Թերթի գլխավոր խմբագրի առաջնորդությամբՙ ավելի «կարեւոր» գործով էինք զբաղված. հյուրեր էինք ընդունում ու ճանապարհում, քանզի օրվա միջոցառումը նվիրված էր «Ազգի» հիմնադրման 10-ամյակին: Անկեղծորեն խոստովանենք, որ այդ օրը այլ լրատվամիջոցներից հրավիրված մեր գործընկերների շրջապատում հայտնվելովՙ առաջին անգամ զգացինք, թե ինչ է նշանակում լինել ուսումնասիրման առարկաՙ ուսումնասիրողի փոխարեն, եւ մի պահ բոլորովին ուրիշ տեսանկյունից դիտարկեցինք մեր հոդվածների հերոսներինՙ ասուլիսային «խաչաձեւ հարցաքննություններում» թրծված: Սակայն առաջին պահի լարվածությունն արագորեն թուլացավ եւ «համակերպվեցինք» օրվա հերոսի դերին: Ի՞նչը կարող է լինել ավելի հաճելի, քան ընկերների ու վաղեմի ծանոթների շրջապատում գտնվելը, խմիչքից ու շնորհավորանքներից թեթեւակի գլխապտույտ զգալը, լատինաամերիկյան երաժշտության ու ջազի կախարդիչ, ռիթմիկ հնչյուններին «հանձնվելը»...

Շնորհավորանքի խոսքերում, որ հնչեցին «Ազգի» հասցեին, միշտ նույն միտքն էր արծարծվում, այն էՙ 10-ամյա գործունեության ընթացքում այս թերթն իր էջերում «հյուրընկալել» է լրագրողական մի քանի սերունդՙ արդեն ավագների ու փորձառուների կողքին ձեւավորելով նոր անուններ: Ոմանք մինչ այժմ էլ «Ազգի» խմբագրակազմում են, ոմանքՙ արդեն ոչ, ոմանք տպագրվում են այլ թերթերում, ուրիշներ տպագրում են իրենց թերթերը, ոմանք էլ այլ թերթ հեռանալով վերստին վերադարձել են «Ազգ»... Ստեղծագործական կազմիՙ նման սրընթաց ու անընդմեջ փոփոխությունները գնահատել որպես ուրախացնող կամ տխրեցնող, դրական կամ բացասականՙ առնվազն պարզունակ կլիներ. սա «սովորական» գործընթաց է, որ վկայում է բնականոն մի երեւույթի առկայությունըՙ հայաստանյան մամուլը նոր ժամանակներում իր կայացման ուղին է անցնումՙ փուլից փուլ, անունից անուն, երեւույթից երեւույթ: Իսկ եթե առավել ընդհանրացնող հայացքով նայենք, վերջնանպատակը մեկն էՙ ունենալ քաղաքակիրթ ու արհեստավարժ մամուլ, վերականգնել ընթերցողի վստահությունը, պահպանել «գրչի» ազնվությունը:

«Ազգի» առաքելությունը լավագույնս ներկայացրեց թերթի «առաքյալներից» Երվանդ Ազատյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության փոխատենապետը, որի Դետրոյթից ուղարկած հոդվածները Հայաստանում նույնքան ուշադրությամբ են ընթերցվում, որքան սփյուռքում:

«Ես ուրախ եմ, որ «Ազգն» այս տարիների ընթացքում «չդեղնեց, ոչ էլ կապտեց, ոչ էլ կարմրեց», շնորհավորանքի իր ելույթում նշեց հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը: «Հուսով եմ, որ մեր մամուլի համար կգան այնպիսի ժամանակներ, երբ այլեւս չենք գոյատեւի նվիրատվություններով, իսկ ներդնողներ ունենալով էլՙ չենք վերածվի բիզնեսային կազմակերպության եւ կամ մտավախություն չենք ունենա, թե կենթարկվենք վերջիններիս պարտադրանքներին», իր հերթին նշեց Հ. Ավետիքյանը:

Տասնամյակներ դեռ շատ կլինեն. դժվարն առաջին տասնամյակը «գլորելն» է

Այդ առաջին 10-ամյակը «գլորելու» սիզիփոսյան աշխատանքին թերթի առաջին եւ երկրորդ կազմերում եւ առ այսօր իրենց եռանդուն մասնակցությունն ունեցած լրագրողները հատկապես հուզված էին: Թվենք մի քանի անուն, որ այսօր էլ «Ազգի» խմբագրակազմի անբաժանելի մասն են կազմում. Հակոբ Ծուլիկյան, Էմմա Բեգիջանյան, Հակոբ Չաքրյան, Ռաֆիկ Հովհաննիսյան, Պետրոս Քեշիշյան... «Ազգի» վաղեմի բարեկամ մտավորականների թվում չենք կարող չհիշատակել հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանին, գրող ու հրապարակախոս Զորի Բալայանին, թարգմանիչ ու գրող Կարպիս Սուրենյանին, թատերագետ Լեւոն Հախվերդյանին, գրող Պերճ Զեյթունցյանին, հասարակագետ Կարլեն Դալլաքյանին, լրագրող Տիգրան Լիլոյանին, շատ-շատերին, որոնց անուններն այս պահին չենք արձանագրումՙ տեղի սահմանափակության ու ոչ թե մեր մոռացության պատճառով: Թերթի փորձառու աշխատակիցների թվում նշենք Սառա Պետրոսյանին, Գեորգի Յարալյանին, Ռազմիկ Ավագյանին, վերջին 1-3 տարիների ընթացքում «Ազգի» կազմը համալրած լրագրողների թվում առանձնացնենք Գայանե Մուքոյանին, Թաթուլ Հակոբյանին, Արա Մարտիրոսյանին, Լիլիթ Գրիգորյանին, տողերիս հեղինակին: Իսկ ինչպես չնշենք թերթի հնաբնակներից Անահիտ Հովսեփյանի հրատապ թղթակցությունները Գերմանիայից, «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի աշխատակցությունը Պրահայից:

Այս թվարկման ընթացքում չենք կարող առանձին սանդղակ չտրամադրել խմբագիր Պարույր Հակոբյանին, չհիշատակել համակարգչային ծառայության աշխատակիցներինՙ հիմնադիր կազմի անդամ Կարինե Արզումանյանին եւ մյուսներին, հաշվապահ Գայանե Սահակյանին, սրբագրիչ Անժելա Ամիրխանյանին, չառանձնացնել «Ազգի» տնօրեն Հարություն Առաքելյանինՙ հայցելով ներողամտությունը մյուս բոլորի, ում անվանապես չենք թվարկում: Եվ, ի վերջո, ինչպե՞ս կարող ենք անտեսել Թեքեյան մշակութային միության լրահավաք «դեսպան», բոլոր ասուլիսներին մշտապես ներկա, հաճախ ասուլիս վարողի դիրքում հայտնվող Մարիետա Մակարյանին:

Յուրաքանչյուրս էլ մեր դերը, մասնակցության չափն ու բաժինն ունենք թերթի ամենօրյա ծննդյան գործում: «Ազգի» ուղին շարունակվում է, եւ ինքներս մեզ մաղթում ենք, որ 10, 20 տարի անց էլ շարունակվիՙ անկախ այն փաստիցՙ կհիշատակվե՞ն մեր անունները թերթի էջերում, թե՞ ոչ (քանզի դա չէ էականը): Կարող ենք ամենայն համոզվածությամբ նշել միայն, որ 10 տարի անց էլ կարծես անտեսանելի մի ձեռքով հանգիստ կղեկավարվի թերթը, 10 տարի անց էլ երիտասարդ լրագրողները «կմասնատվեն» հոդվածները ժամանակին հանձնելու եւ ժամադրությունից չուշանալու երկընտրանքի միջեւ, 10 տարի անց էլ «Ազգում» երեխաներ կծնվեն (գերակշռաբարՙ տղաներ), եւ, թվում է, ըստ էության, ոչինչ էլ չի փոխվի: Պարզապես, Դյումայի հանրահայտ հերոսների օրինակով, 10 եւ 20 տարի անց էլ կհավաքվենք միասնական կազմովՙ կրկնելու. «Մեկըՙ բոլորի համար, բոլորըՙ մեկի»:

ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4